1Իմաստութիւնը շինեց իր տունը, տաշեց նորա եօթը սիւները.
2Մորթեց իր մսացուները, խառնեց իր գինին, նաեւ պատրաստեց իր սեղանը.
3Նա ուղարկեց իր աղախիններին, կանչում է քաղաքի բարձր տեղերի գլխին.
4Ով որ պարզամիտ է, թող այստեղ քաշուի. Եւ պակասամիտին ասում է.
5Եկէք կերէք իմ հացիցը, եւ խմեցէք իմ խառնած գինիիցը։
6Թողեցէք յիմարութիւնը, եւ ապրեցէք. Եւ վարուեցէք խոհեմութեան ճանապարհումը։
7Ծաղր անողին խրատողը իր վերայ անարգանք է առնում, եւ ամբարշտին յանդիմանողը՝ իր արատը։
8Ծաղր անողին մի յանդիմանիր, որ քեզ չատէ, յանդիմանիր իմաստունին, եւ նա քեզ կսիրէ։
9Գիտութիւն տուր իմաստունին, եւ էլ աւելի իմաստուն կդառնայ. Արդար մարդին սովորեցրու, եւ նա կաւելացնէ ուսումը։
10Իմաստութեան սկիզբը Տիրոջ երկիւղն է, եւ Ամենասուրբին ճանաչելը հանճար.
11Որովհետեւ քո օրերն ինձանով կշատանան, եւ քո կեանքի տարիները կաւելացնես։
12Եթէ իմաստուն ես, քեզ համար ես իմաստուն. Եթէ ծաղր անող ես, միայն դու ես վնասը քաշելու։
13Յիմարութիւնը աղաղակող կնկայ պէս կլինի, անմիտ է եւ մի բան չգիտէ.
14Եւ նստում է իր տան մուտքումը քաղաքի բարձր տեղերի աթոռի վերայ.
15Աղաղակելով ճանապարհի անցուդարձողներին, որ ուղիղ գնում են իրանց ճանապարհները.
16Ով որ պարզամիտ է, թող այստեղ քաշուի, եւ պակասամիտին ասում է,
17Գողացուած ջուրերը քաղցր են լինում, եւ ծածուկ հացը՝ ախորժելի։
18Բայց նա չգիտէ որ այնտեղ մահացեալներ կան, դժոխքի անդունդներումն են նորա հրաւիրուածները։