1Իմաստուն որդին կուրախացնէ իր հօրը, եւ յիմար որդին իր մօր տրտմութիւնն է։
2Անօրէնութեան գանձերը օգուտ չունին, բայց արդարութիւնը ազատում է մահից։
3Տէրը չի թողիլ որ արդարի հոգին սովէ, բայց խափանում է ամբարիշտների բաղձանքը։
4Ծոյլ ձեռով բանողը աղքատ է լինում. Իսկ ժիրերի ձեռքը հարստացնում է։
5Ամառը ժողովողը խոհեմ որդի է, հունձքին քնողը ամօթ բերող որդի է։
6Օրհնութիւններ կան արդարի գլխին, եւ բռնութիւնը կխցկէ ամբարիշտների բերանը։
7Արդարների յիշատակը օրհնուած կլինի, բայց ամբարիշտների անունը կփտի.
8Իմաստուն սիրտ ունեցողը կընդունէ պատուէրը. բայց յիմար շրթունք ունեցողը կկործանուի։
9Կատարելութեամբ վարուողը ապահով կգնայ. Բայց իր ճանապարհները ծռողը կճանաչուի։
10Աչքով ակնարկողը նեղութիւն է տալիս, եւ յիմար շրթունք ունեցողը կկործանուի։
11Կեանքի աղբիւր է արդարի բերանը, բայց բռնութիւնը կխցկէ ամբարիշտների բերանը։
12Ատելութիւնը կռիւներ կքրքրէ, բայց սէրը ամեն յանցանքները կծածկէ։
13Հանճարեղի շրթունքի վերայ իմաստութիւն կգտնուի, եւ գաւազան կայ անմիտի մէջքի համար։
14Իմաստունները գանձում են գիտութիւնը, բայց յիմարի բերանը մօտ է կործանման։
15Հարուստի ճոխութիւնն իր զօրութեան քաղաքն է, իսկ աղքատների չքաւորութիւնն իրանց կործանումն է։
16Արդարի գործողութիւնը կեանքի համար է. Ամբարշտի արդիւնքը մեղքի համար։
17Խրատ պահելը ճանապարհ է դէպի կեանք, բայց յանդիմանութիւնը ձգողը մոլորում է։
18Ատելութիւն ծածկողը ստախօս է, եւ բամբասանք հնարողը անմիտ է։
19Շատախօսութեան մէջ յանցանք պակաս չի լինիլ, բայց իր շրթունքները զսպողը խելացի է։
20Ընտիր արծաթ է արդարի լեզուն. Իսկ ամբարիշտների սիրտը չնչին բանի պէս է։
21Արդարի շրթունքները շատերին են առաջնորդում, բայց յիմարները մեռնում են պակասամտութեան մէջ։
22Տիրոջ օրհնութիւնն է հարստացնում, եւ չարչարուիլը մի բան չէ աւելացնում նորա վերայ։
23Յիմարի համար չարութիւն անելը զբօսանքի պէս է, բայց իմաստութիւնը՝ հանճարեղ մարդինը։
24Չար մարդի վախեցած բանը գալիս է նորա վերայ. Բայց արդարների փափաքը տրվում է։
25Երբոր մրրիկը անց է կենում, ամբարիշտը բնաջինջ է լինում, բայց արդարը յաւիտեան հաստատահիմն է.
26Ինչպէս որ քացախն է ատամներին. Եւ ծուխն աչքերին. Նոյնպէս է ծոյլը իր ուղարկողի համար։
27Տիրոջ երկիւղը կաւելացնէ օրերը, եւ ամբարիշտների օրերը կկարճանան։
28Արդարների յոյսն ուրախութիւն է, բայց ամբարիշտների ակնկալութիւնը կկորչի։
29Զօրութիւն է Տիրոջ ճանապարհը կատարեալի համար, բայց կործանում՝ անօրէնութիւն գործողների համար։
30Արդարը յաւիտեան չի սասանիլ, բայց անզգամները չեն բնակուիլ երկրի վերայ։
31Արդարի բերանը իմաստութիւն է բղխում, բայց նենգաւոր լեզուն պիտի կտրուի։
32Արդարի շրթունքը գիտեն հաճելի բանը, բայց ամբարիշտների բերանը՝ նենգութիւն։