1Խարդախ կշիռքը զզուանք է Տիրոջ համար. Բայց ուղիղ քարը նորան հաճելի է։
2Հպարտութիւնն եկաւ, անարգութիւն էլ կգայ. Բայց խոնարհների հետ իմաստութիւն կայ։
3Ուղիղների ճշմարտութիւնը նորանց կառաջնորդէ, բայց նենգաւորների ծռութիւնը նորանց կփչացնէ։
4Օգուտ չունի հարստութիւնը բարկութեան օրը, բայց արդարութիւնը կազատէ մահից։
5Կատարեալների արդարութիւնը կուղղէ նորանց ճանապարհը, բայց անզգամը կընկնի իր անզգամութեամբը։
6Ուղիղների արդարութիւնը նորանց կազատէ. Բայց նենգաւորները ցանկութեան մէջ կբռնուին։
7Չարը մեռնելիս ակնկալութիւնը կփչանայ, եւ անօրէնների յոյսը կկորչի։
8Արդարը կազատուի նեղութիւնից, բայց ամբարիշտը կգայ նորա տեղը։
9Կեղծաւորն իր բերանովը կփչացնէ իր հարեւանին, բայց արդարները կազատուին գիտութիւնով։
10Արդարների յաջողակութիւնովը քաղաքը կուրախանայ, եւ չարերի կորած ժամանակը ցնծութեան ձայն կլինի։
11Ուղիղների օրհնութիւնովը քաղաքը կբարձրանայ, բայց ամբարիշտների բերանովը կկործանուի։
12Իր հարեւանին արհամարհողը պակասամիտ է, բայց խոհեմ մարդը կլռէ։
13Բանսարկութեան ման եկողը գաղտնիքը կյայտնէ, բայց հաւատարիմ հոգի ունեցողը կծածկէ բանը։
14Առաջնորդութիւն չլինելիս ժողովուրդը կընկնի, բայց խորհրդատուների շատութիւնովը փրկութիւն կլինի։
15Անշուշտ չարիքի կհանդիպէ ով որ օտարին երաշխաւոր դառնայ, բայց երաշխաւորութիւնն ատողը ապահով է։
16Շնորհալի կինը պատիւ կստանայ. Եւ ուժեղները հարստութիւն կյափշտակեն։
17Ողորմած մարդն իր անձին լաւութիւն կանէ, բայց անգութ մարդը կտանջէ իր մարմինը։
18Անզգամը սնոտի գործ է գործում, իսկ արդարութիւն սերմողը՝ ճշմարիտ վարձք։
19Ինչպէս որ արդարութիւնը հասնում է կեանքին, նոյնպէս եւ չարութեան հետեւողը՝ իր մահուանը։
20Զզուելի են Տիրոջ առաջին ծուռ սիրտ ունեցողները, բայց նորան հաճելի են կատարեալ ճանապարհի տէրերը։
21Անշո՜ւշտ որ անպատիժ չի մնալ չարը՝՝, բայց արդարների սերունդը կազատուի։
22Ինչ որ է մի ոսկի օղակը խոզի քթին, այն է մի գեղեցիկ կին որ խոհեմութիւն չունի։
23Արդարների ցանկացածը միայն բարութիւն է, բայց ամբարիշտների ակնկալածը բարկութիւն է։
24Կայ որ ցրվում է, եւ էլ է աւելանում. Բայց չափիցը դուրս խնայողը կայ, սակայն կարօտութեան է հասնում։
25Օրհնութիւն տուող անձը կգիրանայ, եւ ոռոգողը ինքն էլ կոռոգուի։
26Ցորենը ետ պահողին կանիծէ ժողովուրդը, բայց օրհնութիւն կտայ ծախողի գլխին։
27Բարութիւն որոնողը ուզում է հաճելի լինել. Բայց չարութիւն ուզողը կհանդիպէ նորան։
28Իր հարստութեան յուսացողը վայր կընկնի, բայց արդարները կծաղկեն դալարի պէս։
29Իր տունը տանջողը քամի կժառանգէ, եւ յիմարը կծառայէ իմաստուն սիրտ ունեցողին։
30Արդարի պտուղը կեանքի ծառ է, եւ հոգիներ շահողը իմաստուն։
31Ահա արդարը ստանում է երկրիս վերայ իր հատուցումը. Ապա ո՞ւր մնաց որ անզգամը եւ մեղաւորը։