1Թագաւորների սիրտը ջրի վտակների պէս է Տիրոջ ձեռքին, դէպի ուր որ էլ ուզենայ՝ կդարձնէ։
2Մարդիս ամեն ճանապարհը ուղիղ է իր աչքի առաջին. բայց սիրտերը կշռողը Տէրն է։
3Արդարութիւն եւ իրաւունք գործելը Տիրոջ հաճելի է քան թէ զոհը։
4Աչքերի ամբարտաւանութիւնը եւ սրտի հպարտութիւնը, որ ամբարիշտների լոյսն է, մեղք է։
5Աշխատասէրի մտածողութիւնները միայն դէպի առատութիւն են. Բայց ամեն աճապարող՝ միայն դէպի կարօտութիւն է դիմում։
6Ստախօս լեզուով գանձեր շինելը մահը որոնողների փախստական ունայնութիւնն է։
7Ամբարիշտների բռնութիւնը քարշ կտայ իրանց. Որովհետեւ չեն ուզում իրաւունք անել։
8Ծռմռած է յանցաւոր մարդի ճանապարհը, բայց մաքուրի գործն ուղիղ է։
9Լաւ է կտուրի մի անկիւնումը բնակուել, քան թէ կռուասէր կնոջ հետ ընկերովի՝ տան մէջ։
10Անզգամի հոգին չարութիւն է ցանկանում, նորա ընկերը նորա աչքի առաջին շնորհք չի գտնիլ։
11Ծաղրողը տուժելիս միամիտը կիմաստնանայ, եւ իմաստունը կրթուելիս՝ գիտութիւն կստանայ։
12Արդար Աստուածը դիտում է ամբարշտի տան վերայ, նա գցում է ամբարիշտներին չարիքի մէջ՝՝։
13Ով որ խցկէ աղքատի աղաղակի դէմ իր ականջը, ինքն էլ կկանչէ, եւ պատասխան չի գտնիլ։
14Գաղտնի ընծան բարկութիւնը կհանգցնէ, եւ ծոցի պարգեւը՝ սաստիկ ցասումը։
15Ուրախութիւն է արդարի համար իրաւունք անելը, բայց սոսկում՝ չարագործների համար։
16Մարդ որ մոլորվում է խոհեմութեան ճանապարհից, ուրուականների ժողովքի մէջ կիջնէ։
17Կարօտութիւն կունենայ այն մարդը որ ուրախութիւն է սիրում, գինի ու իւղ սիրողը չի հարստանալ։
18Արդարի համար անզգամը փրկանք կդառնայ, եւ ուղիղների փոխարէն՝ անօրէնը։
19Լաւ է բնակուել ամայի երկրում, քան թէ կռուասէր եւ բարկացոտ կնոջ հետ։
20Ցանկալի գանձ եւ իւղ կգտնուի իմաստունի բնակարանումը, բայց յիմարը կուլ կտայ նորան։
21Արդարութեան եւ ողորմածութեան հետեւողը կգտնէ կեանք, արդարութիւն եւ պատիւ։
22Իմաստունը վեր կելնէ զօրաւորների քաղաքը, եւ կկործանէ նորանց ապաւինած ամրութիւնը։
23Ով որ զսպէ իր բերանն ու լեզուն, իր հոգին նեղութիւններից կպահէ։
24Ամբարտաւան լիրբի անունը Ծաղրող է, որ յանդգնութեամբ լրբութիւն է անում։
25Ծոյլի ցանկութիւնը սպանում է նորան. Որովհետեւ նորա ձեռքերը չեն ուզում գործել։
26Նա ամեն օր սաստիկ ցանկանում է, բայց արդարը տալիս է եւ չէ խնայում։
27Ամբարիշտների զոհը պիղծ է. Մանաւանդ երբոր չար խորհրդով մատուցանեն։
28Ստախօս վկան պիտի կորչի, բայց նա, որ ինքը լսել է, միշտ կխօսէ։
29Անզգամ մարդը պնդացնում է իր երեսը, բայց նա՝ որ ուղիղ է, քննում է իր ճանապարհը։
30Չկայ իմաստութիւն, չկայ հանճար, չկայ նաեւ մի խորհուրդ Տիրոջ դէմ։
31Ձի է պատրաստվում պատերազմի օրուայ համար. Բայց փրկութիւնը Տէրիցն է։