Proverbs 20
1 Ծաղրող է գինին, խռովարար՝ ցքին. Եւ ամեն ով որ դորանցով մոլորուի՝ իմաստուն չի լինիլ։
2 Թագաւորի սպառնալը առիւծի մռնչիւնին է նման. Նորան գրգռողը մեղանչում է իր անձի դէմ։
3 Պատիւ է մարդիս համար կռիւից քաշուիլը, բայց ամեն յիմար կռուասէր է։
4 Ձմեռուայ պատճառով ծոյլը չի հերկիլ, հունձքին կմուրայ եւ չի ունենալ։
5 Խոր ջուրեր է մարդիս սրտի խորհուրդը, բայց խելօք մարդը նորան կհանէ։
6 Շատ մարդ հրատարակում է մարդիս բարերարութիւնը, բայց հաւատարիմ մարդին ո՞վ կգտնէ։
7 Ով որ իր ուղղութիւնովը գնում է՝ արդար է. երանի՜ նորանից յետոյ նորա որդկանցը։
8 Թագաւորը դատաստանի աթոռի վերայ նստելիս իր աչքերովը ցրիւ է տալիս ամեն չարութիւնը։
9 Ո՞վ կարող է ասել թէ Սիրտս սրբել եմ, մաքուր եմ իմ մեղքիցը։
10 Տեսակ տեսակ կշռաքարեր՝ եւ տեսակ տեսակ չափեր՝ երկուսն էլ զզուելի են Տիրոջը։
11 Մի երեխան անգամ ճանաչվում է իր արարքիցը՝ թէ մաքուր եւ թէ ուղիղ է նորա գործքը։
12 Լսող ականջն ու տեսնող աչքը՝ երկուսն էլ Տէրն է անում։
13 Մի սիրիր քունը որ մի գուցէ աղքատանաս, աչքերդ բաց՝ հացով կշտացիր։
14 վատ է՝ վատ է՝ կասէ առնողը. Բայց երբոր կգնայ, այն ժամանակ կգովէ։
15 Կայ ոսկի եւ շատ գոհարեղէն. Բայց պատուական գործիք են գիտուն շրթունքները։
16 Առ նորա հանդերձը, որ երաշխաւոր է դառել օտարին. Եւ գրաւ պահիր նորան օտարների փոխարէն։
17 Քաղցր է մարդիս համար ստութեան հացը, բայց յետոյ բերանը լցվում է խիճով։
18 Դիտաւորութիւնը հաստատվում է խորհրդով. Եւ խոհեմութեամբ արա պատերազմը։
19 Գաղտնիքը յայտնում է բանսարկութեամբ ման եկողը, ուրեմն շրթունքը լայն բացողի հետ մի հաղորդակցիր։
20 Ով որ իր հօրն ու մօրն անիծէ, նորա ճրագը կհանգչի մթին խաւարի մէջ։
21 Մի ժառանգութիւն, որ սկզբումը շտապելով է ստացուել, նորա վախճանն էլ չի օրհնուիլ։
22 Մի ասիր. Չարութեան փոխարէնը հատուցանեմ. Տիրոջը յուսացիր, եւ նա քեզ կազատէ։
23 Երկու տեսակ կշռաքարերը զզուելի են Տիրոջը, եւ խարդախ կշիռքը լաւ չէ։
24 Տէրիցն է մարդիս քայլերի յաջողութիւնը, ուրեմն մարդս ի՞նչ է հասկանում իր ճանապարհը։
25 Որոգայթ է մարդիս համար անխորհրդաբար ասել, Նուէր. Եւ ուխտելուց յետոյ կշռադատել։
26 Ամբարիշտներ ցրուող է իմաստուն թագաւորը, եւ նորանց վերայ դարձնում է անիւը։
27 Մարդիս հոգին Տիրոջ ճրագն է. Նա քննում է սրտի բոլոր ներսերը։
28 Ողորմութիւնը եւ ճշմարտութիւնը պահում են թագաւորին, եւ նա ողորմութիւնով կպահպանէ իր աթոռը։
29 Երիտասարդների զարդը իրանց ոյժն է, եւ ծերերի փառքը՝ ալեւորութիւնը։
30 հարուածի վէրքերը մաքրում են չարութիւնը, եւ ծեծելը՝ որ ազդում է մինչեւ սրտի ներսերը։