1Լաւ է իր ուղղութիւնով գնացող աղքատը, քան թէ նենգաւոր շրթունք ունեցողը որ նաեւ յիմար է։
2Առանց գիտութեան հոգին էլ չէ լաւ, եւ ոտքերովը շտապողը կսահի։
3Մարդիս յիմարութիւնը աւերում է նորա ճանապարհը, եւ նորա սիրտը տրտնջում է Տիրոջ դէմ։
4Ստացուածքը շատ բարեկամներ կաւելացնէ, բայց աղքատը կբաժանուի իր ընկերիցը։
5Ստախօս վկան անպատիժ չի մնալ, եւ սուտեր փչողը չի պրծնիլ։
6Շատերն են խնդրում իշխանի երեսը, եւ ամենը բարեկամ են ընծայ տուողին։
7Աղքատի բոլոր եղբայրները զզվում են նորանից, ո՞ւր մնաց որ նորանից չհեռանան նորա բարեկամները. Նա վազում է խօսքերի ետեւից որ ոչինչ են։
8Խելք աշխատողը իր հոգին սիրում, խոհեմութիւնը պահողը բարիք կգտնէ։
9Ստախօս վկան անպատիժ չի մնալ, եւ սուտեր փչողը կկորչի։
10Յիմարին չի վայելիլ փափկութիւն, ո՞ւր մնաց մի ծառայի՝ իշխանների վերայ իշխել։
11Մարդիս իմաստութիւնը նորան երկայնամիտ կանէ, եւ նորա փառքը յանցանք ներելն է։
12Առիւծի մռնչիւնին է նման թագաւորի բարկութիւնը, իսկ նորա հաճութիւնը խոտի վերայի ցօղին պէս է։
13Անմիտ տղան տրտմութիւն է իր հօր համար, եւ կնոջ վէճերը շաունակուող կաթկաթոց է։
14Տունը եւ ստացուածքը ժառանգութիւն է հայրերից, բայց իմաստուն կինը՝ Տէրիցն է։
15Ծուլութիւնը կգցէ մրափի մէջ. Եւ թոյլ անձը կսովածանայ։
16Պատուիրանքը պահողն իր հոգին է պահում. Նորա ճանապարհները անարգողը կմեռնի։
17Աղքատին ողորմողը Տիրոջն է փոխ տալիս, եւ նա կհատուցանէ նորա վարձը։
18Խրատիր որդիիդ քանի որ յայս կայ, եւ ուշդ մի դարձնիր նորա աղաղակին։
19Շատ բարկասիրտը վնաս կկրէ, որովհետեւ եթէ ազատես, էլի պիտի շարունակես։
20Խորհուրդ լսիր եւ խրատ ընդունիր, որ յետի ժամանակումդ իմաստուն լինես։
21Շատ դիտաւորութիւններ կան մարդիս սրտումը, բայց Տիրոջ խորհուրդը կմնայ հաստատ։
22Մարդիս զուարճանքն իր ողորմածութիւնն է, եւ աղքատը լաւ է ստախօս մարդիցը։
23Տիրոջ երկիւղը դէպի կեանք է տանում. Եւ մարդս նորանով կուշտ կպառկէ առանց չարիքի հանդիպելու։
24Ծոյլը իր ձեռքը կկոխէ ամանի մէջը, բայց դէպի բերանն էլ չի դարձնիլ։
25Ծաղր անողին ծեծիր, եւ միամիտը կխոհեմանայ. Եւ եթէ բանիմացին յանդիմանես՝ նա գիտութիւն կսովորէ։
26Հօրը կողոպտողը ու մօրը դուրս անողը ամօթ եւ խայտառակութիւն բերող տղայ է։
27Ձգիր, որդեակս, այն խրատը լսելը, որ քեզ կմոլորեցնէ գիտութեան խօսքերիցը։
28Անպիտան վկան ծաղրում է արդարութիւնը, եւ ամբարիշտների բերանը անիրաւութիւն կուլ կտայ։
29Պատրաստ են ծաղր անողների համար դատաստաններ, եւ ծեծեր՝ յիմարների մէջքի համար։