1Ինքնահաճոյ մարդը ցանկութիւն է որոնում. Ամեն յաջողակութեան դէմ բորբոքվում է։
2Յիմարը չի ախորժիլ խոհեմութիւնից, այլ իր սրտինը կյայտնէ։
3Ամբարիշտը գալիս՝ անարգանքն էլ կգայ, եւ նախատինքի հետ՝ խայտառակութիւնը։
4Խոր ջուրեր են մարդիս բերանի խօսքերը, բղխող գետ է իմաստութեան աղբիւրը։
5Լաւ չէ ամբարշտին աչառութիւն անել՝ արդարին դատաստանումը ծռելու համար։
6Յիմարի շրթունքը կռիւի մէջ կմտնեն, եւ նորա բերանը ծե՜ծ է կանչում։
7Յիմարի բերանը կործանում է իրան համար, եւ նորա շրթունքները՝ որոգայթ իր անձի համար։
8Քսու մարդկանց խօսքերը քաղցր պատառների պէս են, նորանք էլ են իջնում փորի ներսերը։
9Իր գործումը թոյլ լինողն էլ փչացնողի եղբայրն է։
10Ամուր աշտարակ է Տիրոջ անունը, նորա մէջ է փախչում արդարը եւ ապաստան գտնում։
11Հարուստի ստացուածքն իր ամուր քաղաքն է, եւ բարձր պարսպի նման է նորա երեւակայութիւնումը։
12Կործանումից առաջ հպարտանում է մարդիս սիրտը. Բայց փառքից առաջ գնում է խոնարհութիւնը։
13Ով որ բանը չլսած պատասխան տայ, սա նորա համար յիմարութիւն է եւ ամօթ։
14Մարդիս հոգին ուտում է իր հիւանդութիւնը, բայց կոտրած սիրտն ո՞վ կարող է տանել։
15Խոհեմ սիրտը գիտութիւն կշահէ. Եւ իմաստունների ականջը գիտութիւն կորոնէ։
16Մարդիս ընծան տեղ է բանում նորա համար, եւ նորան տանում է մեծամեծների առաջին։
17Արդար է երեւում դատն առաջ սկսողը, բայց ոսոխը գալիս է եւ քննում նորան։
18Վիճակը դադարեցնում է վէճերը, եւ զօրաւորներին բաժանում է։
19Վիրաւորուած եղբայրը ամուր քաղաքից պինդ է. Եւ վէճերը բերդի նիգերին են նման։
20Մարդիս բերանի պտղիցը կկշտանայ նորա փորը. Նա կկշտանայ իր շրթունքների արդիւնքիցը։
21Մահն ու կեանքը լեզուի ձեռքին է, եւ նորան սիրողը կուտէ նորա պտուղը։
22Ամուսնուհի գտնողը բարիք է գտել եւ Տէրիցը շնորհք ստացել։
23Աղաչանքներով է խօսում աղքատը, բայց հարուստը կոշտ է պատասխանում։
24Բարեկամներ ունեցող մարդը վնաս կքաշէ՝՝, բայց բարեկամ կայ որ եղբօրից աւելի հաստատ է։