John 15
1 Ես եմ ճշմարիտ որթը, եւ իմ Հայրը մշակն է։
2 Ամեն ճիւղ, որ ինձանում է եւ պտուղ չէ բերում, Նա կտրում է նորան. եւ ամեն պտուղ բերողին մաքրում է, որ էլ աւելի պտղաբեր լինի։
3 Դուք արդէն մաքուր էք այն խօսքի համար, որ ձեզ հետ խօսեցի։
4 Կացէք ինձանում՝ եւ ես ձեզանում. ինչպէս որ ճիւղն իր անձիցը կարող չէ պտուղ բերել, եթէ որթումը չմնայ, այսպէս ոչ էլ դուք՝ եթէ ինձանում չմնաք։
5 Ես որթն եմ՝ դուք ճիւղերը. նա որ ինձանում մնում է, եւ ես նորանում, նա շատ պտուղ է բերում. որովհետեւ առանց ինձ չէք կարող ոչինչ անել։
6 Եթէ մէկն ինձանում չէ մնում, նա դուրս կգցուի ինչպէս ճիւղը, եւ կչորանայ. եւ ժողովում են նորանց եւ կրակի մէջ գցում, եւ այրվում է։
7 Եթէ կենաք ինձանում՝ եւ իմ խօսքերը ձեզանում կենան, ինչ որ էլ կամենաք, կխնդրէք, եւ կլինի ձեզ։
8 Սորանով փառաւորուեցաւ իմ Հայրը, որ շատ պտուղ բերէք. եւ իմ աշակերտները լինիք։
9 Ինչպէս իմ Հայրն ինձ սիրեց, ես էլ ձեզ սիրեցի. կացէք իմ սէրի մէջ։
10 Եթէ իմ պատուիրանքները պահէք, իմ սէրի մէջը կկենաք. ինչպէս ես իմ Հօր պատուիրանքները պահեցի, եւ կենում եմ նորա սէրի մէջ։
11 Այս բաները խօսեցի ձեզ հետ, որ իմ ուրախութիւնը ձեզանում մնայ, եւ ձեր ուրախութիւնը լցուած լինի։
12 Սա է իմ պատուիրանքը, որ իրար սիրէք, ինչպէս որ ես ձեզ սիրեցի։
13 Ոչ ով նորանից աւելի մեծ սէր չունի, որ մէկն իր անձը դնէ իր բարեկամների համար։
14 Դուք իմ բարեկամներն էք, եթէ անէք ինչ որ ես պատուիրում եմ ձեզ։
15 Այլ եւս ծառայ չեմ ասում ձեզ, որովհետեւ ծառան չգիտէ, թէ իր տէրն ինչ է գործում. բայց ձեզ բարեկամ ասեցի, որովհետեւ ամեն ինչ որ լսեցի իմ Հօրիցն, իմացրի ձեզ։
16 Ոչ թէ դուք ինձ ընտրեցիք. այլ ես ընտրեցի ձեզ, եւ ձեզ դրի, որ դուք գնաք եւ պտուղ բերէք. եւ ձեր պտուղը մնայ. որպէսզի ինչ որ իմ Հօրիցը խնդրէք իմ անունովը, տայ ձեզ։
17 Սա եմ պատուիրում ձեզ, որ իրար սիրէք։
18 Եթէ աշխարհքը ձեզ ատում է, գիտացէք, որ ինձ ձեզանից առաջ է ատել։
19 Եթէ այս աշխարհքիցը լինէիք, ապա աշխարհքն իրանը կսիրէր. բայց որովհետեւ աշխարհքիցը չէք, այլ ես ձեզ ընտրեցի աշխարհքիցը, նորա համար աշխարհքն ատում է ձեզ։
20 Յիշեցէք այն խօսքն, որ ես ասեցի ձեզ թէ՝ ծառան իր Տէրիցը մեծ չէ. եթէ ինձ հալածեցին, ձեզ էլ են հալածելու. եթէ իմ խօսքը պահեցին՝ ձերն էլ կպահեն։
21 Բայց այս ամենը կանեն ձեզ իմ անունի համար. որովհետեւ չճանաչեցին ինձ ուղարկողին։
22 Եթէ ես չէի եկել եւ նորանց հետ խօսել, նորանք մեղք չէին ունենալ. բայց հիմա պատճառանք չունին իրանց մեղքի համար։
23 Ինձ ատողն իմ Հօրն էլ է ատում։
24 Եթէ այն գործերը չէի գործել նորանց միջումը, որ մէկ ուրիշը չգործեց, մեղք չէին ունենալ. բայց հիմա տեսան էլ, եւ ատեցին ինձ էլ եւ իմ Հօրն էլ։
25 Այլ այս եղաւ որպէսզի այն խօսքը կատարուի, որ նորանց օրէնքումը գրուած է, թէ՝ Զուր տեղն ատեցին ինձ։
26 Բայց երբոր Մխիթարիչը կգայ, որ ես Հօրիցը կուղարկեմ ձեզ, ճշմարտութեան Հոգին, որ Հօրիցն է դուրս գալիս, նա կվկայէ ինձ համար։
27 Եւ դուք էլ կվկայէք, որովհետեւ սկզբիցն ինձ հետ էք։