1Այս խօսեցի ձեզ հետ, որ չգայթակղիք։
2Իրանց ժողովարաններիցը ձեզ դուրս կհանեն. եւ ժամանակ էլ կգայ՝ որ ամեն ով որ սպանէ ձեզ, կկարծէ, թէ Աստուծուն պաշտօն է մատուցանում։
3Եւ սա կանեն ձեզ. Որովհետեւ ոչ Հօրը ճանաչեցին եւ ոչ ինձ։
4Այս էլ խօսեցի ձեզ հետ, որ երբոր ժամանակը գայ, սորանք յիշէք, թէ ես ասեցի ձեզ։ Բայց այս բաներն սկզբիցը չասեցի ձեզ. որովհետեւ ես ձեզ հետ էի։
5Բայց հիմա ինձ ուղարկողի մօտ եմ գնում. եւ ձեզանից ոչ մէկը չէ հարցնում ինձ, թէ Ո՞ւր ես գնում։
6Այլ որովհետեւ այս բաները խօսեցի ձեզ հետ, տրտմութիւնը լցրեց ձեր սիրտը։
7Բայց ես ճշմարտութիւնն եմ ասում ձեզ, թէ լաւ է ձեզ համար, որ ես գնամ. որովհետեւ եթէ չգնամ, Մխիթարիչը չի գալ ձեզ մօտ. բայց եթէ գնամ, նորան կուղարկեմ ձեզ մօտ։
8Եւ նա՝ երբոր գայ՝ աշխարհքին կյանդիմանէ մեղքի համար, եւ արդարութեան համար, եւ դատաստանի համար։
9Մեղքի համար, որովհետեւ ինձ չեն հաւատում։
10Արդարութեան համար, որովհետեւ ես իմ Հօր մօտ եմ գնում, եւ ինձ այլ եւս չէք տեսնիլ։
11Եւ դատաստանի համար, որովհետեւ այս աշխարհքի իշխանը դատապարտուած է։
12Տակաւին շատ բան ունիմ ձեզ ասելու, բայց հիմա չէք կարող տանիլ։
13Բայց երբոր նա՝ ճշմարտութեան Հոգին կգայ, նա կառաջնորդէ ձեզ ամեն ճշմարտութեան մէջ. որովհետեւ իր անձիցը չի խօսիլ, այլ ինչ որ կլսէ՝ կխօսի, եւ գալու բաները կպատմէ ձեզ։
14Նա ինձ կփառաւորէ, որովհետեւ իմիցը կառնէ եւ կպատմէ ձեզ։
15Ամեն ինչ որ Հայրն ունի՝ իմն է. նորա համար ասեցի ձեզ, թէ իմիցը կառնէ եւ կպատմէ ձեզ։
16Մի քիչ ժամանակ էլ, եւ չէք տեսնիլ ինձ. եւ դարձեալ մի քիչ, եւ կտեսնէք ինձ. որովհետեւ ես Հօր մօտ եմ գնում։
17Նորա աշակերտներից ոմանք իրար ասում էին. Սա ի՞նչ է, որ ասում է մեզ. Մի քիչ ժամանակ՝ եւ չէք տեսնիլ ինձ, եւ դարձեալ մի քիչ, եւ կտեսնէք ինձ. եւ, թէ Ես Հօր մօտ եմ գնում։
18Եւ ասում էին. Ի՞նչ է այն որ ասում է՝ Քիչ ժամանակ. մենք չգիտենք, թէ ինչ է խօսում։
19Եւ Յիսուսը իմացաւ, որ ուզում էին հարցնել իրան, եւ ասեց նորանց. Դորա՞ համար էք հարցնում իրար, որ ասեցի, թէ՝ Մի քիչ ժամանակ, եւ չէք տեսնիլ ինձ, եւ դարձեալ մի քիչ, եւ կտեսնէք ինձ։
20Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ ձեզ. որ դուք լաց կլինիք եւ կողբաք եւ աշխարհքը կուրախանայ. դուք կտրտմիք, այլ ձեր տրտմութիւնն ուրախութիւն կլինի։
21Կինը, երբոր ծնում է, տրտմութիւն ունի, որ նորա ժամանակը հասել է, բայց երբոր երեխան ծնեց, նեղութիւնն էլ չէ յիշում այն ուրախութեան համար, որ մի մարդ ծնուեցաւ աշխարհքի մէջ։
22Եւ դուք էլ հիմա տրտմութիւն ունիք, բայց դարձեալ կտեսնեմ ձեզ, եւ ձեր սիրտը կուրախանայ. եւ ձեր ուրախութիւնը ոչ ոք չի առնիլ ձեզանից։
23Եւ այն օրը ոչինչ չէք հարցնիլ ինձ. Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ ձեզ, թէ ինչ որ Հօրիցը խնդրէք իմ անունովը, կտայ ձեզ։
24Մինչեւ հիմա ոչինչ չխնդրեցիք իմ անունովը. խնդրեցէք եւ կառնէք, որ ձեր ուրախութիւնը կատարեալ լինի։
25Այս բաներն առակներով խօսեցի ձեզ հետ. բայց ժամանակ կգայ, որ էլ առակով չեմ խօսիլ ձեզ հետ. այլ յայտնապէս կպատմեմ ձեզ Հօր համար։
26Այն օրումն իմ անունովը կխնդրէք. եւ չեմ ասում ձեզ, թէ ես ձեզ համար կաղաչեմ Հօրը։
27Նորա համար որ Հայրն ինքը սիրում է ձեզ. որովհետեւ դուք ինձ սիրել էք եւ հաւատացել էք, թէ ես Աստուածանից դուրս եկայ։
28Հօրիցը դուրս եկայ եւ եկայ աշխարհք. դարձեալ թողում եմ աշխարհքը եւ գնում եմ Հօր մօտը։
29Աշակերտները նորան ասեցին. Ահա հիմա յայտնի ես խօսում, եւ ոչ մի առակ չես ասում։
30Հիմա գիտենք, որ դու բոլորը գիտես. եւ պէտքդ չէ, որ մէկը հարցնէ քեզ. Սորանով հաւատում ենք, թէ դու Աստուածանից դուրս եկար։
31Յիսուսը պատասխանեց նորանց. Հիմա հաւատում է՞ք։
32Ահա ժամանակ կգայ, եւ հիմա եկած է, որ ամեն մէկդ կցրուիք իր տեղը, եւ ինձ մինակ կթողէք. բայց ես մինակ չեմ. որովհետեւ Հայրն ինձ հետ է։
33Այս բաները խօսեցի ձեզ հետ, որ ինձանում խաղաղութիւն ունենաք. աշխարհքումը նեղութիւն կունենաք. բայց քաջացէք, ես յաղթել եմ աշխարհքին։