1Արդ դու, իմ որդեակ, զօրացիր այն շնորհքովը որ Քրիստոս Յիսուսումն է։
2Եւ այն բաները որ ինձանից լսեցիր շատ վկաներով, յանձնիր հաւատարիմ մարդկանց որ կարող լինեն ուրիշներին սովորեցնել։
3Իսկ դու նեղութիւնները կրիր ինչպէս Քրիստոս Յիսուսի բարի զինուոր.
4Ոչ մի զինուորութիւն անող այս աշխարհքի գործերովը չէ զբաղվում, որպէս զի զօրապետին հաճոյ լինի։
5Եւ եթէ մէկը մրցէ էլ՝ պսակ չի ստանալ եթէ օրինաւորապէս չ’մրցէ։
6Աշխատող հողագործն առաջ պէտք է պտղիցը վայելէ։
7Իմացիր ինչ որ ասում եմ. Տէրը քեզ իմաստութիւն տայ ամեն բանի մէջ։
8Յիշիր Յիսուս Քրիստոսին մեռելների միջից յարութիւն առածին, որ Դաւիթի սերունդիցն է, իմ աւետարանի համեմատ,
9Որի համար չարչարվում եմ մինչեւ կապանքի մէջ լինել չարագործի պէս. բայց Աստուծոյ խօսքը կապուած չէ։
10Վասն որոյ ամեն բանի համբերում եմ ընտրուածների համար. որ նորանք էլ հասնեն այն փրկութեան, որ Քրիստոս Յիսուսումն է յաւիտենական փառքի հետ։
11Ճշմարիտ է այս խօսքը, որ եթէ հետը մեռանք՝ հետն էլ կ’ապրենք։
12Եթէ համբերենք, հետն էլ կ’թագաւորենք, եւ եթէ ուրանանք, նա էլ կ’ուրանայ մեզ։
13Եւ եթէ չ’հաւատանք, նա հաւատարիմ կ’մնայ, իր անձը չէ կարող ուրանալ։
14Այս բանը յիշեցրու Տիրոջ առաջին վկայութիւն դնելով, որ խօսքերով կռիւ չ’անեն, որ ոչինչի պիտանի չէ եւ լսողներին է միայն կործանում։
15Ջանք արա որ քո անձն ընտիր կանգնեցնես Աստուծոյ առաջին իբր մի մշակ առանց ամօթի, որ ճշմարտութեան խօսքն ուղիղ մատակարարես։
16Բայց պիղծ ունայնախօսութիւնիցը ետ քաշուիր. որովհետեւ աւելի առաջ կ’գնան ամբարշտութեան մէջ։
17Եւ նորանց խօսքերը քաղցկեղի պէս ճարակում է. որոնցից են Հիմենոսը եւ Փիլետոսը,
18Որոնք ճշմարտութիւնիցը մոլորել են, ասելով թէ մեռելների յարութիւնն արդէն եղած է. եւ կործանում են ոմանց հաւատքը։
19Բայց Աստուծոյ հաստատ հիմքը կանգնած է եւ այս կնիքն ունի, թէ Տէրը ճանաչում է նորանց որ իրն են. եւ թէ ետ կենայ անիրաւութիւնից այն ամենն որ Քրիստոսի անունն կանչում է։
20Բայց մի մեծ տան մէջ ոչ միայն ոսկեղէն եւ արծաթեղէն անօթներ կան. այլ փայտէ եւ հողէ էլ. կան որ պատիւի համար են, եւ կան որ անարգութեան համար են։
21Եթէ մէկը իր անձը մաքրէ այդպիսիներից, նա պատուական անօթ կ’լինի՝ սրբուած եւ իր Տիրոջն օգտակար՝ ամեն բարի գործերի համար պատրաստուած։
22Երիտասարդական ցանկութիւններիցը փախիր. այլ հետեւիր արդարութեան, հաւատքի, սէրի, խաղաղութեան, Տիրոջ անունը սուրբ սրտանց իրանց վերայ կանչողների հետ։
23Բայց յիմար եւ անկիրթ վիճաբանութիւններից ետ քաշուիր. իմանալով որ կռիւներ են ծնում։
24Բայց Տիրոջ ծառային պէտք չէ կռիւ անել, այլ ամենի հետ հեզահոգի լինել, սովորեցնող, ոխ չ’պահող,
25Հակառակողներին հանդարտութիւնով խրատել. թերեւս Աստուած նորանց ապաշխարութիւն տայ ճշմարտութիւնն իմանալու համար,
26Եւ սատանայի որոգայթիցն զգաստանալու, որից նորանք որսացուել են նորա կամքին ծառայելու համար։