1Ինձ նմանող եղէք, ինչպէս ես էլ Քրիստոսի։
2Արդ գովում եմ ձեզ, եղբարք, որ իմ ամեն բաները յիշում էք, եւ ինչպէս պատուիրեցի ձեզ, այն պատուէրները պահում էք։
3Բայց կամենում եմ որ դուք գիտենաք, թէ ամեն մարդի գլուխը Քրիստոսն է, եւ կնկայ գլուխը՝ մարդը, եւ Քրիստոսի գլուխն՝ Աստուած։
4Ամեն մարդ՝ երբոր աղօթք է անում կամ մարգարէանում՝ եւ գլուխը ծածկած ունենայ, անպատիւ է անում իր գլուխը։
5Եւ ամեն կին՝ երբոր աղօթք է անում կամ մարգարէանում բաց գլխով, անպատիւ է անում իր գլուխը. վասնզի միեւնոյնն է թէ ածիլուած է։
6Որովհետեւ եթէ կինը չծածկուի, թող ուրեմն իր մազերն էլ կտրէ. բայց եթէ կնկան ամօթ է մազերը կտրելը կամ ածիլելը, թող ծածկուի։
7Սակայն մարդին պէտք չէ որ իր գլուխը ծածկէ, որովհետեւ Աստուծոյ պատկերը եւ փառքն է. բայց կինը մարդի փառքն է։
8Քանզի ոչ թէ մարդն է կնկանիցը, այլ կինն է մարդիցը։
9Եւ որովհետեւ ոչ թէ մարդը կնկան համար ստեղծուեցաւ, այլ կինը մարդի համար։
10Նորա համար պէտք է, որ կինը շուք դնէ գլխի վերայ հրեշտակների համար։
11Բայց դարձեալ ոչ կինն առանց մարդի, եւ ոչ մարդն առանց կնկայ, Տէրումը։
12Որովհետեւ ինչպէս որ կինը մարդիցը եղաւ, այնպէս էլ մադը կնկայ միջոցովն է. բայց ամենն Աստուածանից։
13Դուք ինքներդ դատեցէք. մի կնկայ վայելո՞ւմ է որ չծածկուած աղօթք անէ Աստուծուն։
14Կամ հէնց բնութիւնն ինքը չէ՞ սովորեցնում ձեզ, որ եթէ մարդը երկար մազեր ունենայ, այն անարգանք է նորան։
15Բայց եթէ կինն երկար մազեր ունի, այն փառք է նորան. որովհետեւ երկար մազերը հագուստի տեղ է տրուած նորան։
16Բայց եթէ մէկը կամենում է հակառակել, մենք այնպիսի սովորութիւն չունինք, եւ ոչ էլ Աստուծոյ եկեղեցիները։
17Բայց այս էլ պատուիրելովս չեմ գովում, որ դուք ոչ թէ դէպի լաւագոյնն այլ դէպի վատթարն էք ժողովվում։
18Որովհետեւ նախ եւ առաջ երբոր մէկտեղ էք ժողովվում եկեղեցու մէջ, լսում եմ որ բաժանումներ կան ձեր մէջ, եւ մասամբ էլ հաւատում եմ։
19Որովհետեւ հերձուածներ էլ պէտք է լինին ձեր մէջ, որ ընտիր լինողները յայտնի լինեն ձեզանում։
20Արդ երբոր մէկտեղ էք ժողովվում, սա Տէրունական ընթրիքն ուտել չէ,
21Որ ամեն մէկն առաջ իր ընթրիքն է անում ուտելու ժամանակ, եւ մէկը սոված է, եւ միւսը արբած։
22Մի՞թէ տուն չունիք ուտելու եւ խմելու. կամ թէ Աստուծոյ եկեղեցին արհամարհո՞ւմ էք, եւ չքաւորներին ամաչեցնում. ձեզ ի՞նչ ասեմ. գովե՞մ ձեզ. այդ բանումը չեմ գովում։
23Որովհետեւ ես Տէրիցն ընդունեցի այն որ ձեզ էլ աւանդեցի. որ Տէր Յիսուսն այն գիշերը որ մատնվում էր, հաց առաւ,
24Եւ գոհանալուց յետոյ կտրեց եւ ասեց. Առէք, կերէք. այս է իմ մարմինը՝ որ ձեզ համար կոտրվում է. այս արէք իմ յիշատակի համար։
25Այնպէս էլ՝ ընթրիքն ուտելուց յետոյ բաժակն առաւ եւ ասեց. Այս բաժակը նոր ուխտն է իմ արիւնովը. այս արէք՝ քանի անգամ որ խմէք, իմ յիշատակի համար։
26Որովհետեւ քանի անգամ որ այս հացն ուտէք, եւ այս բաժակը խմէք, Տիրոջ մահը պատմեցէք՝ մինչեւ որ նա կգայ։
27Ուրեմն ով որ այս հացն ուտէ՝ կամ Տիրոջ բաժակը խմէ անարժանութեամբ, նա պարտական կլինի Տիրոջ մարմնին եւ արիւնին։
28Ուրեմն թող մարդ փորձէ իր անձը, եւ ապա այն հացիցն ուտէ՝ եւ այն բաժակիցը խմէ։
29Որովհետեւ անարժանութեամբ ուտողը եւ խմողը իր անձի համար դատաստան է ուտում եւ խմում, որ չէ որոշում Տիրոջ մարմինը։
30Նորա համար էլ ձեր միջումը շատ հիւանդներ եւ ցաւագարներ կան. եւ շատեր էլ ննջած են։
31Որովհետեւ եթէ մեր անձերը դատէինք, չէինք դատապարտուիլ։
32Բայց դատուելով Տէրիցը խրատվում ենք. որ աշխարհքի հետ չդատապարտուինք։
33Ուրեմն, եղբարքս, երբոր ժողովուիք ուտելու համար, իրար սպասեցէք։
34Ապա եթէ մէկը սոված է՝ թող իր տանն ուտէ. որ դատապարտութեան համար չժողովուիք. բայց ուրիշ բաներն՝ երբոր կգամ՝ այն ժամանակ կպատուիրեմ։