Bible

Upgrade

Your Church Presentations in Minutes

Try RisenMedia.io Today!

Click Here

Proverbs 27

:
Armenian - 2018
1 Մի՛ պարծենա վաղվա օրով, որովհետև չգիտես, թե օրն ինչ կծնի։
2 Թող քեզ օտարը գովի և ոչ թե քո բերանը, ուրիշը և ոչ թե քո շրթունքները։
3 Ծանր է քարը, և բեռ է ավազը, բայց հիմարի զայրույթը երկուսից էլ ծանր է։
4 Ցասումն անգութ է, և բարկությունը՝ կատաղի, բայց ո՞վ կարող է կանգնել նախանձի առջև։
5 Բացահայտ հանդիմանությունն ավելի լավ է, քան թե քողարկված սերը։
6 Բարեկամի պատճառած վերքերն անկեղծ են, բայց լիառատ են ոսոխի համբույրները։
7 Կուշտ անձը արհամարհում է մեղրը, բայց սոված մարդու համար ամեն լեղի բան քաղցր է։
8 Ինչպես որ իր բնից թափառական եղած թռչունն է, այնպես էլ իր տեղից թափառական եղող մարդն է։
9 Անուշահոտ յուղն ու խունկն ուրախացնում են մարդու սիրտը, նաև հարևանի քաղցրությունը՝ մտերիմ խորհրդով։
10 Քո բարեկամին և հորդ բարեկամին մի՛ լքիր և քո թշվառության օրը եղբորդ տուն մի՛ գնա. մոտիկ հարևանը հեռու եղբորից լավ է։
11 Որդյա՛կ իմ, իմաստո՛ւն եղիր և սիրտս ուրախացրո՛ւ, որպեսզի ես կարողանամ պատասխան տալ ինձ նախատողին։
12 Խորագետը տեսնում է չարիքը և զգուշանում, իսկ միամիտներն անցնում են ու պատժվում։
13 Վերցրու նրա՛ հանդերձը, ով երաշխավոր է դարձել օտարականին, և օտար կնոջ երաշխավոր եղողից գրա՛վ վերցրու։
14 Ով որ վաղ առավոտից բարձր ձայնով օրհնի իր դրացուն, սա նրա համար անեծք կհամարվի։
15 Անձրևոտ օրվա անդադար կաթկթոցը և կռվարար կինն իրար նման են։
16 Նրան զսպողը քամին է պահում, և նրա աջ ձեռքի տաղը ձայն կտա։
17 Երկաթը երկաթով է սրվում, և մարդն էլ սրում է իր ընկերոջ միտքը ։
18 Թզենին խնամողը նրա պտուղը կուտի, և իր տիրոջը պահպանողը կպատվվի։
19 Ինչպես որ երեսը ջրի մեջ երես է ցոլանում, այնպես էլ սրտի մեջ մարդն է մարդ ցոլանում։
20 Դժոխքն ու մեռելների աշխարհը չեն կշտանում, նույնպես և չեն կշտանում մարդու աչքերը։
21 Հալոցը՝ արծաթին, իսկ քուրան՝ ոսկուն, նույնպես էլ մարդը փորձվում է իրեն գովաբանող բերանով։
22 Եթե սանդի մեջ հացահատիկի հետ սանդաթակով էլ ծեծես հիմարին, նրա հիմարությունը նրանից չի հեռանա։
23 Լա՛վ իմացիր քո ոչխարների վիճակը, ուշադրությո՛ւն դարձրու քո հոտերին,
24 Որովհետև հարստությունը հավիտենական չէ, և ոչ էլ թագն է սերնդեսերունդ տևում։
25 Երբ խոտը վերանա, դալարը կերևա, և կժողովվեն սարերի խոտաբույսերը.
26 Գառները հագուստիդ համար կլինեն, և նոխազները՝ դաշտի գինը։
27 Եվ բավականին այծի կաթ կլինի քեզ կերակրելու և տունդ կերակրելու համար, նույնպես և քո աղախինների ապրուստի համար։