Proverbs 262018

1Ինչպես ձյունը ամռանը և անձրևը հնձի ժամանակ, այնպես էլ անմիտին պատիվը վայել չէ։

2Ինչպես որ ճնճղուկն է թռվռում, և ծիծեռնակն է թռչում, այնպես էլ անտեղի անեծքը չի կատարվի։

3Խարազանը ձիու համար, սանձը՝ էշի, և գավազանը՝ անմիտների մեջքի համար։

4Անմիտին նրա հիմարության համեմատ մի՛ պատասխանիր, որպեսզի դու էլ նրան չնմանվես։

5Անմիտին պատասխանի՛ր նրա հիմարության համեմատ, որպեսզի իր աչքին իմաստուն չլինի։

6Ով որ անմիտի միջոցով պատգամ է ուղարկում, իր ոտքերն է կտրում և վնաս կրում ։

7Ինչպես որ կաղի սրունքներն են երերում, այնպես էլ առակն է անմիտների բերանում։

8Ինչպես քարը պարսատիկի մեջ ամրացնողն է, այնպես էլ՝ անմիտին պատիվ տվողը։

9Անմիտների բերանում առակը հարբածի ձեռքը ծակող փշի պես է։

10Ով որ անմիտ անցորդին է վարձում, նման է նետաձիգի, որ խոցում է բոլորին։

11Ինչպես որ շունն է ետ դառնում դեպի իր փսխածը, այնպես էլ անմիտը կրկնում է իր հիմարությունը։

12Տեսե՞լ ես մեկին, որ ինքն իր աչքին իմաստուն է երևում. անմիտից ավելի հույս կա, քան թե նրանից։

13Ծույլն ասում է. «Ճանապարհին կորյուն կա, հրապարակների մեջ՝ առյուծ»։

14Դուռն իր ծխնիների վրա է դառնում, ծույլը՝ իր անկողնու վրա։

15Ծույլն իր ձեռքը մտցնում է ամանի մեջ, և այն ետ դեպի իր բերանը տանելը հյուծում է նրան։

16Ծույլն իր աչքին ավելի իմաստուն է, քան յոթ մարդ, որոնք դատողությամբ են պատասխանում։

17Այն անցորդը, որը ներքաշվում է իրենը չեղող վեճի մեջ, նման է այն մարդուն, որ շունը բռնում է ականջներից։

18Ինչպես խենթը, որ կրակի կայծեր, նետեր և մահ է արձակում,

19Այնպես է այն մարդը, որ խաբում է իր հարևանին ու ասում. «Կատակում էի»։

20Փայտ չլինելու դեպքում կրակը կհանգչի, և հրահրող չլինելիս կռիվը կդադարի։

21Ինչպես ածուխն է անթեղի համար, և փայտը՝ կրակի, նույնպես է կռվարար մարդը՝ վեճ բորբոքելու։

22Քսու մարդու խոսքերը քաղցր պատառների պես են. նրանք իջնում են փորի խորքերը ։

23Բոցավառ շրթունքներն ու չար սիրտը արծաթի խարամով պատած խեցեղենի պես են։

24Ատողը կեղծում է իր շրթունքներով և սրտում խաբեություն է պահում ։

25Երբ շնորհալի է նրա ձայնը, նրան չհավատա՛ս, որովհետև յոթ զզվելի բան կա նրա սրտում։

26Ատելությունը թեկուզ ծածկվի խաբկանքով, նրա չարությունը կհայտնվի ժողովրդի մեջ։

27Փոս փորողն ինքը նրա մեջ կընկնի, և ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա։

28Ստախոս լեզուն ատում է իր կծածներին, և շողոքորթող բերանը կորուստ է պատճառում ։

© Bible Society in Armenia, 2018

Choose Translation

Switch translation for Proverbs 26.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.