Proverbs 242018

1Չար մարդկանց մի՛ նախանձիր և մի՛ ցանկացիր նրանց հետ լինել,

2Որովհետև նրանց միտքը բռնություն է խորհում, իսկ նրանց շրթունքները նեղությունից են խոսում։

3Տունն իմաստությամբ է շինվում և խոհեմությամբ է հաստատվում։

4Գիտությամբ են լցվում շտեմարանները, ամեն տեսակ պատվական և ընտիր ունեցվածքով։

5Իմաստուն մարդը զորավոր է լինում, և գիտություն ունեցող մարդն իր ուժն է ավելացնում։

6Որովհետև պատերազմդ խոհունությամբ ես անում, և ազատումը խորհրդականների շատությամբ է լինում։

7Իմաստությունը հիմարի համար խիստ բարձր է, նա դռան մեջ չի բացում իր բերանը։

8Ով մտածում է չարիք անել, նրան նենգամիտ են ասում։

9Հիմարություն մտադրելը մեղք է, և ծաղրողը զզվելի է մարդկանց։

10Եթե նեղության օրը թուլանաս, ուժդ քիչ է։

11Ազատի՛ր մահվան տարվողներին և սպանվելու գնացողներին ե՛տ պահիր։

12Եթե ասես. «Ահա մենք այս չգիտեինք», մի՞թե սրտեր կշռողը չգիտի, և հոգիդ պահողը չի՞ իմանում. նա, որ մարդուն հատուցում է իր արարքի համեմատ։

13Մե՛ղր կեր, որդյա՛կս, որովհետև այն լավ է, և մեղրախորիսխից կաթածը, որ քաղցր է քո քիմքին։

14Իմացի՛ր, որ իմաստությունը նույնպիսին է քո հոգու համար. եթե գտնես այն, ապագա կա, և հույսդ չի կտրվի։

15Արդարի բնակարանին դարանակալ մի՛ եղիր, ո՛վ անիրավ, նրա հանգստության վայրը մի՛ ավերիր։

16Որովհետև արդարը յոթ անգամ վայր կընկնի ու կկանգնի, բայց անհավատարիմները չարիքի մեջ կսայթաքեն։

17Քո թշնամու վայր ընկնելու ժամանակ մի՛ ուրախանա, և սիրտդ թող չհրճվի նրա սայթաքելու ժամանակ.

18Միգուցե Տերը տեսնի, և նրա աչքին անհաճո երևա, ու իր բարկությունը դարձնի նրա վրայից։

19Չարերի պատճառով մի՛ բորբոքվիր և մի՛ նախանձիր անիրավներին։

20Որովհետև չարն ապագա չունի, և անիրավների ճրագը պիտի հանգչի։

21Որդյա՛կ իմ, վախեցի՛ր Տիրոջից ու թագավորից և ապստամբներին մի՛ միացիր։

22Որովհետև հանկարծ նրանցից կործանում վրա կհասնի. ո՞վ գիտի այն երկուսից եկող պատուհասը։

23Սրանք էլ են իմաստունների խոսքերը. դատաստանի մեջ կողմնակալություն անելը լավ չէ։

24Ով որ անիրավին ասի. «Արդար ես», ազգերը կանիծեն նրան, ժողովուրդները կանարգեն նրան։

25Իսկ անիրավներին հանդիմանողները երջանիկ կլինեն, և նրանց վրա բարի օրհնություն կլինի։

26Շրթունքներ է համբուրում նա, ով շիտակ պատասխան է տալիս։

27Դրսի գործերդ կարգավորի՛ր, քեզ համար պատրաստի՛ր քո արտում, ապա շինի՛ր տունդ։

28Քո հարևանի դեմ զուր վկայություն մի՛ տուր և մի՛ խաբիր քո շրթունքներով։

29Մի՛ ասա. «Ինչպես որ ինձ արեց, ես էլ իրեն եմ այդպես անելու. այդ մարդուն հատուցելու եմ իր արարքների համեմատ»։

30Անցա ծույլ մարդու արտի մոտով և պակասամիտ մարդու այգու մոտով.

31Ահա բոլորի մեջ փշեր էին աճել, նրանց մակերեսը եղինջն էր ծածկել, և նրա քարե պատը փուլ էր եկել։

32Եվ երբ որ տեսա, մտքիս մեջ պահեցի, նայեցի և խրատ առա։

33Եթե մի քիչ քնես, մի քիչ մրափես, ձեռքերդ ծալես ննջելու համար,

34Այն ժամանակ աղքատությունդ կգա ճանապարհորդի պես, և քո թշվառությունը՝ վահանակիր մարդու պես։

© Bible Society in Armenia, 2018

Choose Translation

Switch translation for Proverbs 24.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.