Bible

Say Goodbye

To Clunky Software & Sunday Tech Stress!

Try RisenMedia.io Today!

Click Here

Proverbs 23

:
Armenian - 2018
1 Երբ որ իշխանի հետ ուտելու նստես, ո՛ւշ դիր, թե ի՛նչ կա առաջիդ։
2 Եվ դանա՛կ դիր կոկորդիդ, եթե մեծ ախորժակի տեր ես։
3 Նրա խորտիկները մի՛ ցանկացիր, որովհետև նրանք խաբեության հաց են։
4 Մի՛ տքնիր հարստանալու համար, ըմբռնողությո՛ւն ունեցիր դրանից հրաժարվելու.
5 Աչքերդ կսևեռես հարստության վրա, բայց արդեն այն չկա. այն իր համար թևեր է շինում և արծվի պես երկինք թռչում։
6 Ագահ մարդու հացը մի՛ կեր և նրա խորտիկները մի՛ ցանկացիր։
7 Որովհետև նա նման է ներքուստ հաշվարկողին, այնպիսին է. քեզ կասի. «Կե՛ր և խմի՛ր», բայց նրա սիրտը քեզ հետ չէ։
8 Այն պատառդ, որ կերել ես, կփսխես և այն քաղցր խոսքերդ վատնած կլինես։
9 Անմիտի ականջներին մի՛ խոսիր, որովհետև նա կանարգի քո լրջմիտ խոսքերը։
10 Մի՛ տեղաշարժիր վաղեմի սահմանաքարը և որբի արտերի մեջ մի՛ մտիր։
11 Որովհետև նրանց փրկարարը զորավոր է. նա ի՛նքը կստանձնի նրանց դատը քո դեմ։
12 Սիրտդ խրատի՛ տուր և ականջներդ՝ գիտության խոսքերի։
13 Խրատը երեխային մի՛ խնայիր, որովհետև եթե նրան գավազանով ծեծես, չի մեռնի։
14 Դու նրան գավազանով կծեծես, բայց հոգին կազատես դժոխքից։
15 Որդյա՛կ իմ, եթե սիրտդ իմաստուն լինի, իմ սիրտն էլ կուրախանա,
16 Իմ անձը կցնծա, երբ քո շրթունքներն ուղղամտորեն խոսեն։
17 Թող սիրտդ չնախանձի մեղավորներին, այլ ամեն օր Տիրոջ երկյուղի մե՛ջ եղիր։
18 Հիրավի մեկ ապագա կա, և քո հույսը չպիտի կտրվի։
19 Լսի՛ր, որդյա՛կ իմ, և իմաստո՛ւն եղիր և քո միտքը ուղիղ ճանապարհի մե՛ջ պահիր։
20 Գինեմոլների մեջ մի՛ եղիր և ոչ էլ որկրամոլությամբ միս ուտողների.
21 Որովհետև գինեմոլն ու որկրամոլը պիտի թշվառանան, իսկ քնկոտությունը պատառոտած հագուստներ կհագցնի։
22 Լսի՛ր քո հորը, որ քեզ ծնել է, և մի՛ անարգիր քո մորը, երբ ծերանա։
23 Ճշմարտությունը գնի՛ր և մի՛ ծախիր. գնի՛ր նաև իմաստությունը, խրատը և ըմբռնումը։
24 Արդարի հայրն անշուշտ պիտի հրճվի, իմաստունի ծնողը նրանով պիտի ուրախանա։
25 Հայրդ ու մայրդ թող ուրախանան, և թող հրճվի քեզ ծնողը։
26 Սիրտդ ի՛նձ տուր, որդյա՛կ իմ, և քո աչքերը թող հառեն իմ ճանապարհներին։
27 Որովհետև պոռնիկը խոր փոս է, իսկ անառակ կինը՝ նեղ ջրհոր։
28 Նա հիրավի ավազակի պես դարան է մտնում և մարդկանց մեջ ավելացնում անհավատարիմներին։
29 Ո՞ւմն է վայը, ո՞ւմն է վույը, ո՞ւմն են կռիվները, ո՞ւմն են տրտունջները, ո՞ւմն են առանց պատճառի վերքերը, ո՞ւմ են կարմրատակած աչքերը։
30 Նրանցը, ովքեր հապաղում են գինու մոտ, նրանցը, ովքեր գնում են խառնած գինին փնտրելու։
31 Մի՛ նայիր գինուն, որ երբ կարմիր է, երբ բաժակի մեջ շողում է, հեշտ է հոսում.
32 Նա վերջում օձի պես կկծի և իժի պես կխայթի։
33 Աչքերդ արտասովոր բաներ կտեսնեն, իսկ միտքդ նենգ բաներ կխոսի.
34 Ծովի մեջտեղում պառկողի նման և կայմի գագաթին պառկողի նման կլինես։
35 Կասես. «Ինձ ծեծել են, բայց չեմ զգացել, ինձ զարկել են, բայց չեմ իմացել. ե՞րբ եմ սթափվելու. դարձյալ խմիչք պիտի փնտրեմ»։