Bible

Elevate

Your Sunday Morning Worship Service

Try RisenMedia.io Today!

Click Here

Proverbs 21

:
Armenian - 2018
1 Թագավորի սիրտը Տիրոջ ձեռքին ջրի վտակների նման է. որ կողմն էլ ուզենա, կդարձնի։
2 Մարդու ամեն մի ճանապարհն ուղիղ է իր աչքին, բայց սրտեր կշռողը Տերն է։
3 Արդարություն և իրավունք գործելը Տիրոջն ավելի նախընտրելի է, քան թե զոհը։
4 Ամբարտավան աչքերը և գոռոզ սիրտը՝ անիրավների լապտերը, մեղք են։
5 Աշխատասերի մտադրություններն իրապես դեպի առատություն են տանում, բայց ամեն շտապող միայն դեպի կարիք է հասնում։
6 Ստախոս լեզվով գանձեր վաստակելը վաղանցուկ գոլորշի է և ունայնությունն է։
7 Անիրավների բռնությունն իրենց պիտի սրբի տանի, որովհետև մերժում են իրավունքը գործադրել։
8 Հանցավոր մարդու ճանապարհը ծուռումուռ է, բայց անբասիր մարդու արարքն ուղիղ է։
9 Լավ է կտուրի մի անկյունում բնակվել, քան թե մեծ տուն կիսել կռվասեր կնոջ հետ։
10 Անիրավի հոգին չարություն է ցանկանում. նրա ընկերը նրա աչքում ողորմություն չի գտնելու։
11 Երբ ծաղրողը պատժվում է, միամիտն իմաստնանում է, և երբ իմաստունը կրթվում է, գիտություն է ստանում։
12 Արդար Աստվածը ուշադիր նայում է անիրավի տանը. նա անիրավներին տապալում է չարության համար։
13 Ով որ աղքատի աղաղակի դեմ խցկի իր ականջը, ինքն էլ կկանչի և պատասխանող չի գտնի։
14 Գաղտնի ընծան հանգցնում է բարկությունը, իսկ ծոցում թաքցրած կաշառքը՝ սաստիկ ցասումը։
15 Իրավունքը գործադրելն արդարի համար ուրախություն է, բայց չարագործների համար ահ է։
16 Ուշիմության ճանապարհից խոտորողն ուրվականների հավաքի մեջ կհանգրվանի։
17 Կարիքի մեջ կընկնի այն մարդը, որ հաճույք է սիրում, գինի և յուղ սիրողը չի հարստանա։
18 Արդարի համար անիրավը փրկանք կդառնա, անհավատարիմը՝ ուղղամիտների համար։
19 Լավ է բնակվել ամայի երկրում, քան թե կռվասեր և զայրացկոտ կնոջ հետ։
20 Իմաստունի բնակարանում ցանկալի գանձ և յուղ կգտնվի, բայց անմիտը կուլ կտա այն։
21 Արդարության և ողորմածության հետևողը կյանք, արդարություն և փառք կգտնի։
22 Իմաստունը զորավորների քաղաքը կբարձրանա և կկործանի նրանց ապավինած ամրությունը։
23 Ով պահում է իր բերանն ու լեզուն, իր հոգին պահում է նեղություններից։
24 Ամբարտավան գոռոզը, որը լկտիաբար մեծամտանում է, Ծաղրող է կոչվում։
25 Ծույլի ցանկությունը սպանում է նրան, որովհետև նրա ձեռքերը մերժում են աշխատել։
26 Նա ամեն օր սաստիկ ցանկալով ցանկանում է, իսկ արդարը տալիս է և չի խնայում։
27 Անիրավների զոհը զզվելի է, մանավանդ երբ չար մտադրությամբ են մատուցում։
28 Ստախոս վկան պիտի կորչի, բայց նա, որ ճշմարտությունը լսում է, միշտ կխոսի։
29 Անիրավ մարդը անամոթ դեմք ունի, բայց նա, որ ուղղամիտ է, քննում է իր ճանապարհը։
30 Տիրոջ դեմ իմաստություն չկա, խոհեմություն չկա, խորհուրդ չկա։
31 Պատերազմի օրվա համար ձիուն են պատրաստում, բայց հաղթանակը Տիրոջից է։