Proverbs 20
1 Գինին ծաղրող է, օղին՝ խռովարար, և ամեն ոք, ով տարվի սրանցով, իմաստուն չէ։
2 Թագավորի սարսափն առյուծի մռնչյունի է նման. նրան գրգռողն իր անձի դեմ է մեղանչում։
3 Վեճից խուսափելը պատիվ է մարդու համար, բայց ամեն հիմար բորբոքվող է։
4 Ձմեռը ծույլը չի հերկի. հունձքի ժամանակ կփնտրի, բայց չի ունենա։
5 Մարդու սրտի խորհուրդը խոր ջրերի նման է, բայց խոհեմ մարդն այն դուրս է հանում։
6 Շատերը հայտարարում են իրենց հավատարմությունը, բայց վստահելի մարդուն ո՞վ է գտնում։
7 Արդար է նա, ով ընթանում է իր պարկեշտությամբ. նրանից հետո երանի՜ նրա որդիներին։
8 Դատաստանի աթոռի վրա նստելիս թագավորն իր աչքերով ցրում է ամեն չարություն։
9 Ո՞վ կարող է ասել. «Սիրտս սրբել եմ, մաքրվել եմ իմ մեղքից»։
10 Տեսակ-տեսակ կշռաքարեր և տեսակ-տեսակ չափեր. երկուսն էլ զզվելի են Տիրոջը։
11 Երեխան անգամ ճանաչվում է իր վարքից՝ մաքուր կամ թե ուղիղ են նրա արարքները։
12 Լսող ականջ ու տեսնող աչք. երկուսն էլ Տերն է ստեղծել։
13 Մի՛ սիրիր քունը, չլինի թե աղքատանաս. աչքերդ բա՛ց և հացով կկշտանաս։
14 «Վատ է, վատ է»,- ասում է գնողը, բայց երբ որ գնում է, այն ժամանակ պարծենում է։
15 Ոսկի և շատ գոհարեղեն կա, բայց պատվական զարդեր են իմաստնախոս շրթունքները։
16 Նրա՛ հանդերձը վերցրու, ով երաշխավոր է դարձել օտարականին, և օտար կնոջ երաշխավոր եղողից գրա՛վ վերցրու։
17 Խաբեությամբ վաստակած հացը քաղցր է մարդու համար, բայց նրա բերանը հետո լցվում է խիճով։
18 Մտադրությունը խորհրդատվությամբ է հաստատվում, ուստի պատերազմը խոհունությա՛մբ արա։
19 Բանսարկություն անողը գաղտնիքն է հայտնում, ուստի շրթունքները լայն բացողի հետ մի՛ հաղորդակցվիր։
20 Ով որ անիծի իր հորն ու մորը, նրա ճրագը կշիջի թանձր խավարի մեջ։
21 Սկզբում հապճեպ ստացված ժառանգությունը վերջում չի օրհնվի։
22 Մի՛ ասա. «Չարությանը պիտի փոխհատուցեմ». Տիրո՛ջը սպասիր, և նա քեզ կազատի։
23 Տեսակ-տեսակ կշռաքարերը զզվելի են Տիրոջը, խարդախված կշեռքները լավ չեն։
24 Տիրոջից են մարդու քայլերը, ուստի մարդ ինչպե՞ս հասկանա իր ճանապարհը։
25 Որոգայթ է մարդու համար առանց խոր մտածելու ասել «Աստծուն ընծայված է» և ուխտելուց հետո կշռադատել։
26 Իմաստուն թագավորը ցրում է անիրավներին և նրանց վրա պտտում անիվը։
27 Մարդու հոգին Տիրոջ ճրագն է. նա քննում է մարմնի բոլոր խորքերը։
28 Ողորմածությունն ու հավատարմությունը պահում են թագավորին, և նա ողորմածությամբ կպահպանի իր աթոռը։
29 Երիտասարդների փառքն իրենց ուժն է, իսկ ծերերի վայելչությունը՝ ալևորությունը։
30 Վիրավորող հարվածները մաքրում են չարությունը, իսկ ծեծելը՝ մարմնի խորքերը։