Proverbs 2
1 Որդյա՛կ իմ, եթե ընդունես իմ խոսքերը և ամուր պահես իմ պատվիրանները,
2 Ականջ դնես իմաստությանը և սիրտդ խոհեմությանն ուղղես,
3 Երբ իմացությանը կանչես և ձայն տաս խոհեմությանը,
4 Եթե դու այն որոնես արծաթի պես և գանձերի նման փնտրես,
5 Այն ժամանակ էլ կհասկանաս Տիրոջ երկյուղը և կգտնես Աստծու գիտությունը։
6 Որովհետև Տերն է տալիս իմաստությունը, նրա բերանից են գիտությունն ու խոհեմությունը։
7 Նա ուղղամիտների համար հաջողություն է վերապահում, վահան՝ պարկեշտությամբ ընթացողների համար,
8 Որպեսզի պահպանի արդարության շավիղները. նա է պահում հավատավորների ճանապարհը։
9 Այն ժամանակ կհասկանաս արդարությունն ու իրավունքը, ուղղամտությունն ու ամեն բարի ուղին։
10 Որովհետև իմաստությունը քո սիրտը կմտնի, և գիտությունն ախորժելի կլինի քո հոգուն։
11 Խելամտությունը կպահի քեզ, խոհեմությունը կպաշտպանի քեզ,
12 Որպեսզի քեզ ազատի չար մարդու ճանապարհից և նենգություններ խոսող մարդուց,
13 Նրանցից, որոնք թողնում են ուղղամտության շավիղները, որպեսզի խավարի ճանապարհներով գնան,
14 Որոնք ուրախանում են չարություն անելով և հրճվում են չարերի նենգությամբ։
15 Ծուռ են նրանց շավիղները, և նրանք խոտորում են իրենց ուղիների մեջ,
16 Որպեսզի քեզ ազատի շնացող կնոջից, ցոփ կնոջից, որը հրապուրիչ խոսքեր է ասում.
17 Նա, որ լքել է իր երիտասարդության կողակցին և մոռացել իր Աստծու ուխտը։
18 Որովհետև նրա տունը դեպի մահ է տանում, իսկ նրա ուղիները՝ դեպի ուրվականները։
19 Նրա մոտ գնացողներն այլևս ետ չեն դառնալու և կյանքի շավիղներին չեն հասնելու։
20 Ուստի դու բարիների ճանապարհով պիտի գնաս և արդարների շավիղները պահես,
21 Որովհետև ուղղամիտները երկրի վրա կբնակվեն, և պարկեշտները կմնան նրա մեջ։
22 Իսկ անիրավները կբնաջնջվեն երկրից, և անհավատներն արմատախիլ կլինեն նրանից։