1Իսրայելի թագավոր Դավթի որդի Սողոմոնի առակները.
2Իմաստություն և խրատ գիտենալու և հանճարի խոսքերը ըմբռնելու համար,
3Ուշիմության խրատը՝ արդարություն, իրավունք և ուղղամտություն ընդունելու համար.
4Միամիտներին խորագիտություն տալու համար, երիտասարդին՝ գիտություն և խելամտություն։
5Իմաստունը թող լսի և ավելացնի հմտությունը, իսկ ողջամիտը առաջնորդություն ստանա,
6Որպեսզի հասկանա առակ և այլաբանություն, իմաստունների խոսքերն ու խրթնաբանությունները։
7Իմաստության սկիզբը Տիրոջ երկյուղն է. հիմարները անարգում են իմաստությունն ու խրատը։
8Որդյա՛կ իմ, լսի՛ր քո հոր խրատը և մի՛ մերժիր մորդ ուսուցումը,
9Որովհետև դրանք շնորհքի պսակ են քո գլխին և մանյակներ՝ քո պարանոցին։
10Որդյա՛կ իմ, եթե քեզ հրապուրեն մեղավորները, դու հավանություն չտաս։
11Եթե ասեն. «Մեզ հետ ե՛կ, արյան համար դարանամուտ լինենք, զուր տեղը թաքնվենք անմեղ մարդու դեմ.
12Դժոխքի պես նրանց ողջ-ողջ կուլ տանք և ամբողջովին՝ գերեզման իջնողների պես.
13Ամեն տեսակ թանկարժեք ունեցվածք գտնենք, մեր տներն ավարով լցնենք։
14Մեզ միացի՛ր, մեր բոլորի քսակը թող մեկը լինի»,
15Որդյա՛կ իմ, նրանց հետ ճանապարհ մի՛ գնա, ոտքդ ե՛տ պահիր նրանց ուղիներից,
16Որովհետև նրանց ոտքերը չարության են վազում և շտապում են արյուն թափելու։
17Որովհետև իզուր է բոլոր թևավորների աչքի առաջ ցանց գցելը։
18Բայց նրանք դարանամուտ են լինում իրենց իսկ արյանը, դարանակալում են իրենց անձերի դեմ։
19Այսպիսին են ագահությամբ վաստակողների շավիղները. ագահությունը հափշտակում է իր տիրոջ հոգին։
20Իմաստությունը ճանապարհներին աղաղակում է, հրապարակներում ձայն տալիս.
21Նա կանչում է աղմկալից փողոցների գլխին, քաղաքի դարպասների մուտքերում, խոսում իր խոսքերը։
22Ո՛վ միամիտներ, մինչև ե՞րբ պիտի միամտություն սիրեք, և ծաղր անելը մինչև ե՞րբ հաճելի պիտի լինի ծաղր անողներին, իսկ անմիտներն ատեն գիտությունը.
23Ուշադի՛ր եղեք իմ հանդիմանությանը. ահա ես իմ հոգին ձեզ վրա կթափեմ և իմ խոսքերը կհասկացնեմ ձեզ։
24Որովհետև ես կանչեցի, իսկ դուք մերժեցիք, ձեռքս մեկնեցի, բայց ուշադրություն դարձնող չկար,
25Դուք չընդունեցիք իմ բոլոր խորհուրդները և անտեսեցիք իմ հանդիմանությունը,
26Ես էլ կծիծաղեմ ձեր թշվառության վրա և կծաղրեմ, երբ ձեր սարսափը գա։
27Երբ որ փոթորիկի պես կգա ձեր սարսափը, և մրրիկի նման կհասնի ձեր թշվառությունը, երբ որ ձեզ վրա նեղություն և տառապանք կգա,
28Այն ժամանակ կկանչեն ինձ, բայց ես չեմ պատասխանի, կփնտրեն ինձ, բայց չեն գտնի։
29Որովհետև ատեցին գիտությունը և Տիրոջ երկյուղը չընտրեցին։
30Իմ խորհուրդը չընդունեցին, իմ բոլոր հադիմանություններն անտեսեցին։
31Ուրեմն նրանք իրենց ճանապարհի պտղից պիտի ուտեն և իրենց խորհուրդներով կշտանան։
32Որովհետև միամիտների խոտորումը նրանց պիտի սպանի, և անմիտների անհոգությունը պիտի կործանի նրանց։
33Սակայն ինձ լսողը ապահով կապրի և հանգիստ կլինի չարիքի սարսափից։