1Մեկուսացած մարդն իր փափագն է որոնում, ընդդիմանում է ամեն ողջամտության։
2Անմիտը խոհեմությունից հաճույք չի ստանում, այլ իր սրտի մեջ եղածն է արտահայտում։
3Անիրավության գալու ժամանակ անարգանքն էլ կգա, իսկ նախատինքի հետ՝ խայտառակությունը։
4Մարդու բերանի խոսքերը խոր ջրեր են, իմաստության աղբյուրը առատաբուխ վտակ է։
5Հօգուտ անիրավի կողմնապահություն անելը լավ չէ, ոչ էլ արդարին իրավունքից զրկելը ։
6Անմիտի շրթունքները կռվի մեջ կմտնեն, և նրա բերանը ծե՜ծ է կանչում։
7Անմիտի բերանը նրա կործանումն է, իսկ նրա շրթունքները՝ որոգայթ իր անձի համար։
8Քսու մարդկանց խոսքերը քաղցր պատառների նման են. նրանք իջնում են մարմնի խորքերը ։
9Ով իր գործի մեջ թույլ է, կործանողի եղբայրն է։
10Տիրոջ անունն ամուր աշտարակ է. արդարը վազում է այնտեղ և ապաստան գտնում։
11Հարուստի ունեցվածքն իր ամուր բերդաքաղաքն է և նրա երևակայության մեջ բարձր պարսպի նման է։
12Մարդու սիրտը հպարտանում է իր կործանումից առաջ, բայց խոնարհությունը փառքից առաջ է գնում։
13Ով խոսքին պատասխանում է նախքան լսելը, դա նրա համար հիմարություն և նախատինք է։
14Մարդու հոգին հիվանդության պահին նեցուկ է լինում նրան, բայց կոտրված հոգին ո՞վ կարող է մխիթարել։
15Ողջախոհ միտքը գիտություն է ստանում, իսկ իմաստունների ականջը գիտություն է որոնում։
16Մարդու ընծան տեղ է բացում նրա համար և նրան մեծամեծերի առաջ է տանում։
17Իր դատն առաջինը ներկայացնողը արդար է երևում, մինչև գալիս է հակառակորդը և քննում նրան։
18Վիճակը դադարեցնում է կռիվները և բաժանում զորավոր հակամարտողներին։
19Դառնացած եղբայրն ամուր քաղաքից անառիկ է, և կռիվները բերդի նիգերի նման են։
20Մարդու բերանի պտղից նրա փորը կկշտանա. նա կհագենա իր շրթունքների արդյունքից։
21Մահն ու կյանքը լեզվի ձեռքին են, և նրան սիրողները կուտեն նրա պտուղը։
22Առաքինի կին գտնողը բարիք է գտել և Տիրոջից բարեհաճություն ստացել։
23Աղքատն աղաչանքներով է խոսում, բայց հարուստը պատասխանում է խստությամբ։
24Ընկերներ կան, որոնք կործանում են բերում, բայց ընկեր կա, որ եղբորից ավելի հավատարիմ է։