Proverbs 17
1 Ավելի լավ է չոր պատառը խաղաղությամբ, քան թե զոհերի մսով լիքը տունը՝ վեճով։
2 Ուշիմ ծառան տիրում է նախատինք բերող որդու վրա և եղբայրների մեջ ժառանգության բաժին է առնում։
3 Արծաթի համար հալոց կա, և ոսկու համար՝ քուրա, բայց սրտերը քննողը Տերն է։
4 Չարագործն ականջ է դնում չար շրթունքների, ստախոսը լսում է կործանարար լեզվին։
5 Աղքատին ծաղր անողը նրա Արարչին է նախատում, թշվառության վրա ուրախացողն անպատիժ չի մնա։
6 Ծերերի պսակը թոռներն են, իսկ որդիների պարծանքը՝ իրենց հայրերը։
7 Տխմարին վայել չեն ընտիր խոսող շրթունքները, առավել ևս ազնվականին՝ ստախոս շրթունքները։
8 Կաշառքն իր տիրոջ աչքում պատվական քարի նման է. ուր էլ որ դառնա, հաջողություն է գտնում։
9 Մեղքը ներողը հետամուտ է սիրո, իսկ խոսքը կրկնողը մտերիմ ընկերներին կբաժանի։
10 Կշտամբանքն ավելի է ազդում ըմբռնող մարդու վրա, քան թե հարյուր հարվածը՝ անմիտ մարդու վրա։
11 Չար մարդը միայն ըմբոստություն է փնտրում, բայց նրան մի դաժան պատգամավոր կուղարկվի։
12 Ավելի լավ է մարդուն ձագերը հափշտակված մի արջ պատահի, քան անմիտն իր հիմարության ժամանակ։
13 Լավությանը ով որ չարությամբ հատուցի, նրա տնից չարիքը չի հեռանա։
14 Կռվի սկիզբը ջրարգելակն արձակելու նման է. վիճաբանությունը չբորբոքված՝ հեռացի՛ր։
15 Անիրավին արդարացնողը և արդարին դատապարտողը՝ երկուսն էլ զզվելի են Տիրոջ համար։
16 Իմաստություն գնելու գինն ի՞նչ օգուտ ունի անմիտի ձեռքում, քանի որ խելք չունի։
17 Բարեկամն ամեն ժամանակ սիրում է, եղբայրը նեղ օրվա համար է ծնված։
18 Պակասամիտ մարդը երաշխավորություն է տալիս և գրավ դնում իր ընկերոջ համար։
19 Կռիվ սիրողը սիրում է հանցանքը, իր դուռը բարձր կառուցողը փլուզում է փնտրում։
20 Ծուռ մտքի տերը բարիք չի գտնի, և նենգ լեզվի տերը չարիքի մեջ է ընկնում։
21 Անմիտը տրտմություն է իր ծնողի համար, տխմարի հայրն էլ չի ուրախանա։
22 Ուրախ սիրտը դեղի պես օգտակար է, իսկ կոտրված հոգին չորացնում է ոսկորները։
23 Անիրավը կաշառքը ծածուկ է առնում, որպեսզի ծռի արդարադատության շավիղները։
24 Ըմբռնողի դեմքը դեպի իմաստություն է ուղղված, բայց անմիտի աչքերն աշխարհի ծայրին են։
25 Անմիտ որդին տրտմություն է իր հոր համար և դառնություն՝ իրեն ծննդաբերողի համար։
26 Արդարին պատժելը լավ չէ, նաև՝ ազնվականներին ծեծելն իրենց ուղղամտության համար։
27 Իր խոսքերը զսպողը գիտուն է, և երկայնամիտ մարդը խոհեմ է։
28 Նույնիսկ հիմարը իմաստուն կհամարվի, եթե լուռ մնա, և իր շրթունքները փակողը՝ ողջամիտ։