Proverbs 13
1 Իմաստուն որդին լսում է իր հոր խրատը, բայց ծաղր անողը կշտամբանքը չի լսում։
2 Մարդն իր բերանի պտղից բարիքներ կուտի, իսկ անհավատարիմների հոգին բռնություն կտենչա։
3 Իր բերանը զսպողը կպահի իր հոգին. իր շրթունքները լայն բացողը կործանելու է իրեն։
4 Ծույլի անձը փափագում է և ոչինչ չունի, իսկ աշխատասերների հոգին կհագենա ։
5 Արդարն ատում է սուտ խոսքը, բայց անիրավը պախարակում ու խայտառակում է իրեն։
6 Արդարությունը պահպանում է պարկեշտությամբ ընթացողին, բայց անիրավությունը կկործանի մեղավորին։
7 Մարդ կա, որ իրեն հարուստ է ձևացնում և ոչինչ չունի, իրեն կարիքավոր ձևացնող կա, որ շատ ունեցվածք ունի։
8 Մարդու կյանքի փրկանքն իր հարստությունն է, բայց աղքատը կշտամբանք չի լսում։
9 Արդարների լույսը փայլում է, բայց անիրավների ճրագը կհանգչի։
10 Ամբարտավանությունից միմիայն կռիվ է ծագում, բայց խորհուրդ լսողների մեջ իմաստություն կա։
11 Ունայնությամբ կուտակված ունեցվածքը կպակասի, բայց քիչ-քիչ հավաքողն այն կավելացնի։
12 Ուշացած ակնկալիքը սիրտը կհիվանդացնի, բայց կատարված իղձը կյանքի ծառ է։
13 Խոսքն արհամարհողը կկործանվի, իսկ պատվիրանից վախեցողը կվարձատրվի։
14 Իմաստունի ուսուցումը կյանքի աղբյուր է՝ մահվան որոգայթներից խույս տալու համար։
15 Խոհականությունը համարում է տալիս, բայց անհավատարիմների ճանապարհը դժվարին է։
16 Ամեն մի խորագետ մարդ ճանաչողությամբ է գործում, բայց անմիտը հիմարություն է տարածում։
17 Անիրավ պատգամավորը չարիքի մեջ կընկնի, բայց հավատարիմ դեսպանը բուժում է։
18 Խրատը մերժողի համար աղքատություն և նախատինք կա, իսկ հանդիմանությունը պահողը պատվի կարժանանա։
19 Կատարված իղձը քաղցր է հոգուն, բայց անմիտների համար չարությունից հեռանալը զզվելի է։
20 Իմաստունների հետ ընթացողը իմաստուն կդառնա, բայց անմիտների հետ ընկերացողը կտուժի։
21 Չարիքը հետապնդում է մեղավորներին, բայց արդարներին բարիք կհատուցվի։
22 Բարին ժառանգություն է թողնում իր թոռների համար, բայց մեղավորի հարստությունը արդարի համար է պահված։
23 Աղքատների անդաստանում շատ ուտելիք է լինում, բայց կորչում է անիրավությունից։
24 Գավազանը խնայողն ատում է իր որդուն, իսկ նրան սիրողը ուշադրությամբ է խրատում նրան։
25 Արդարն ուտում է մինչև իր կշտանալը, բայց անիրավների որովայնը կարոտություն կունենա։