Proverbs 14
1 Իմաստուն կինը շինում է իր տունը, իսկ հիմարն իր ձեռքով քանդում է այն։
2 Ուղղամտությամբ քայլողը վախենում է Տիրոջից, բայց նա, ով ծուռ ճանապարհների մեջ է, անարգում է նրան։
3 Հիմարի բերանում գոռոզության գավազան կա, բայց իմաստունների շրթունքները պահում են նրանց։
4 Արջառ չլինելու դեպքում մսուրը մաքուր է, բայց բերքի առատությունը եզի զորությունից է լինում։
5 Հավատարիմ վկան սուտ չի խոսում, իսկ կեղծ վկան ստեր է փչում։
6 Ծաղր անողը իմաստություն է փնտրում և չի գտնում, բայց ողջամիտ մարդու համար գիտությունը դյուրին է։
7 Անմիտ մարդուց հեռացի՛ր. նրա շուրթերին գիտություն չկա։
8 Խորագետ մարդու իմաստությունն իր ճանապարհը հասկանալն է, բայց անմիտների հիմարությունը խաբեություն է։
9 Հիմարները ծաղրում են հանցանքը, բայց ուղղամիտների մեջ բարեհաճություն կա։
10 Սիրտը գիտի իր հոգու դառնությունը. նրա ուրախությանն ուրիշը չի միանա։
11 Անիրավների տունը կկործանվի, բայց ուղղամիտների վրանը կծաղկի։
12 Կա ճանապարհ, որն ուղիղ է թվում մարդու առաջ, բայց նրա վերջը մահվան ճանապարհներն են։
13 Ծիծաղելիս էլ սիրտը տրտմում է, և ուրախության վերջը վիշտ է լինում։
14 Կամակոր սիրտը կկշտանա իր ճանապարհների պտղից, իսկ բարի մարդը՝ ինքն իր գործերի պտղից։
15 Միամիտը հավատում է ամեն խոսքի, իսկ խորագետը քննում է իր քայլերը։
16 Իմաստունը վախենում է և հեռանում չարից, իսկ անմիտը գոռոզանում է և ինքնավստահ դառնում։
17 Շուտ բարկացողը հիմարություն է գործում, իսկ նենգամիտը՝ ատելի դառնում։
18 Միամիտները հիմարություն կժառանգեն, իսկ խորագետները գիտությամբ կպսակվեն։
19 Չարերը կխոնարհվեն բարիների առաջ, իսկ անիրավները՝ արդարի դռների մոտ։
20 Աղքատն իր հարևանին էլ ատելի է, բայց հարուստին սիրողները շատ են։
21 Իր հարևանին անարգողը մեղք է գործում, բայց ով ողորմում է աղքատներին, երանելի է։
22 Չէ՞ որ չարիք նյութողները պիտի մոլորվեն, իսկ բարություն մտածողների համար ողորմածություն և հավատարմություն կա։
23 Ամեն տքնության մեջ օգուտ կա, իսկ շուրթերի դատարկաբանությունը միայն դեպի կարիք է տանում։
24 Իմաստունների հարստությունն իրենց պսակն է, իսկ անմիտների հիմարությունը հիմարություն կմնա։
25 Ճշմարտախոս վկան հոգիներ է ազատում, բայց խարդախը խաբեություններ է արտաբերում։
26 Տիրոջ երկյուղի մեջ ամուր ապահովություն կա, և նրա որդիների համար ապավեն պիտի լինի։
27 Տիրոջ երկյուղը կյանքի աղբյուր է մահվան որոգայթներից խույս տալու համար։
28 Ժողովրդի բազմությունը թագավորի փառքն է, բայց ժողովրդի սակավությունը իշխանի կործանումն է։
29 Համբերատար մարդը շատ խոհեմ է, իսկ դյուրագրգիռ մարդը հիմարություն է անում։
30 Հանդարտ սիրտը բժշկություն է մարմնի համար, իսկ նախանձը փտություն է ոսկորների համար։
31 Աղքատին կեղեքողը նրա Արարչին է անարգում, բայց կարիքավորին գթացողը պատվում է Արարչին։
32 Անիրավն իր չարության համար կկործանվի, բայց արդարն իր մահվան ժամանակ ապաստան կունենա։
33 Ողջամիտ մարդու սրտում իմաստությունն է հանգչում, իսկ անմիտների սրտում այն չկա ։
34 Արդարությունը բարձրացնում է ազգին, իսկ մեղքն անարգանք է ժողովուրդների համար։
35 Ուշիմ ծառայի նկատմամբ թագավորը բարեհաճ է, իսկ նրա բարկությունը նախատինք բերող ծառայի վրա է։