Bible

Simplify

Your Church Tech & Streamline Your Worship

Try RisenMedia.io Today!

Click Here

Numbers 5

:
Armenian - 2018
1 Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց.
2 «Հրամայի՛ր Իսրայելի որդիներին, որ բանակատեղիից դուրս անեն բոլոր բորոտներին, բոլոր ծորում ունեցողներին և բոլոր մեռելին դիպչելով անմաքուր եղողներին։
3 Տղամարդ թե կին՝ բանակատեղիից դո՛ւրս արեք նրանց, որպեսզի չպղծեն իրենց բանակատեղիները, որոնց մեջ ես եմ բնակվում»։
4 Այդպես էլ արեցին Իսրայելի որդիները. նրանք բանակատեղիից դուրս արեցին նրանց։ Ինչպես որ Տերն ասել էր Մովսեսին, այդպես էլ արեցին Իսրայելի որդիները։
5 Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց.
6 «Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ. “Երբ մի տղամարդ կամ մի կին, մարդկային որևէ մեղք գործելով, մեղանչի Տիրոջ դեմ, և այդ անձը հանցավոր լինի,
7 այն ժամանակ նա թող խոստովանի իր արած մեղքը և ամբողջապես հատուցի պատճառած վնասը. դրա վրա ավելացնի մեկ հինգերորդ մասը և վճարի վնասը քաշողին։
8 Եթե վնաս կրած մարդը ազգական չունենա, որպեսզի նրան հատուցվի պատճառած վնասը, ապա այդ վնասը Տիրոջը հատուցվելով՝ թող պատկանի քահանային, բացի քավության խոյից, որով քավություն պիտի արվի նրա համար։
9 Բոլոր սուրբ բաները բարձրացնելու ընծան, որ Իսրայելի որդիները բերում են քահանային, նրան պատկանի։
10 Ամեն մեկի բերած սուրբ բաները նրանը լինեն. ամեն մարդ ինչ որ տա քահանային, նրան պատկանի”»։
11 Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց.
12 «Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛ նրանց. “Եթե մի մարդու կինը խոտորվի և նրան անհավատարիմ լինի,
13 և մեկը կենակցի նրա հետ, ու այդ բանը ծածուկ մնա նրա ամուսնու աչքից, և հայտնի չլինի, որ նա պղծվել է, վկա էլ չի եղել, ու կինը չբռնվի,
14 և խանդի ոգին տիրի ամուսնուն, և նա խանդի իր կնոջը, որ իր կինը պղծվել է, կամ խանդի ոգին տիրի ամուսնուն, և նա խանդի իր կնոջը, բայց կինը պղծված չլինի,
15 ապա այդ մարդը իր կնոջը պիտի բերի քահանայի մոտ և նրա համար որպես զոհ բերի մեկ տասներորդ գրիվ գարու ալյուր. դրա վրա յուղ չթափի, ոչ էլ կնդրուկ դնի վրան, որովհետև դա խանդի նվեր է, հիշատակի նվեր, որ մեղք է հիշեցնում։
16 Քահանան կմոտեցնի կնոջը և կկանգնեցնի Տիրոջ առջև։
17 Քահանան հողե ամանով սուրբ ջուր կառնի և վրանի հատակի հողից վերցնելով՝ կդնի ջրի մեջ։
18 Քահանան կնոջը կկանգնեցնի Տիրոջ առջև, կբացի կնոջ գլուխը, նրա ձեռքը կտա հիշատակի ընծան, խանդի հացի ընծան, և նզովքի լեղի ջուրը քահանայի ձեռքին պիտի լինի։
19 Քահանան երդում անել կտա կնոջը և կասի նրան. "Եթե ոչ մի մարդ քեզ հետ չի պառկել, և եթե չես պղծվել՝ անհավատարիմ գտնվելով քո ամուսնուն, ապա այս լեղի ջուրը, որ նզովք է բերում, ոչ մի վնաս չի պատճառի քեզ։
20 Բայց եթե քո ամուսնուն անհավատարիմ գտնվելով՝ պղծվել ես, և քո ամուսնուց բացի ուրիշ մարդ է պառկել քեզ հետ,
21 (այն ժամանակ քահանան կերդվեցնի այդ կնոջը այս նզովքի երդմամբ և կասի նրան.)
22 Տերը քեզ քո ժողովրդի մեջ նզովքի և երդման առարկա կդարձնի՝ փտեցնելով քո զիստը և ուռեցնելով քո որովայնը. այս նզովյալ ջուրը կգնա քո աղիքների մեջ, որպեսզի ուռեցնի քո որովայնը և փտեցնի քո զիստը"։ Իսկ կինը կասի՝ ամեն, ամեն։
23 Քահանան այս անեծքը կգրի մի գրքում, ապա այն լեղի ջրով կջնջի։
24 Նա նզովքի լեղի ջուրը կխմեցնի այդ կնոջը, և նզովքի ջուրը կլցվի նրա մեջ լեղի դառնալու համար։
25 Քահանան կնոջ ձեռքից կառնի խանդի հացի ընծան, այն կերերացնի Տիրոջ առաջ և կմոտեցնի զոհասեղանին։
26 Քահանան իր ձեռքը կլցնի այդ նվերից հիշատակի համար և այն կայրի զոհասեղանի վրա։ Հետո այդ ջուրը կխմեցնի կնոջը։
27 Ջուրը նրան խմեցնելուց հետո, եթե կինը պղծված է և անհավատարիմ է եղել իր ամուսնուն, ապա այդ նզովյալ ջուրը, լեղի լինելով, կլցվի նրա մեջ, նրա որովայնը կուռչի, նրա զիստը կփտի, և կինը իր ժողովրդի մեջ նզովված պիտի լինի։
28 Իսկ եթե կինը պղծված չէ, մաքուր է, պատիժ չի կրի և զավակ կծնի։
29 Այս է խանդի մասին օրենքը, երբ մի կին դավաճանում է իր ամուսնուն և պղծվում,
30 կամ երբ խանդի ոգին է տիրում տղամարդուն, և նա խանդում է իր կնոջն ու նրան կանգնեցնում Տիրոջ առջև, քահանան նրա նկատմամբ պիտի կիրառի այս ամբողջ օրենքը։
31 Եվ այն ամուսինը զերծ պիտի լինի հանցանքից, իսկ կինը իր հանցանքը պիտի կրի”»։