Bible

Focus

On Your Ministry and Not Your Media

Try RisenMedia.io Today!

Click Here

Numbers 4

:
Armenian - 2018
1 Տերը խոսեց Մովսեսի և Ահարոնի հետ և ասաց.
2 «Ղևիի որդիների միջից հաշվառի՛ր Կահաթի որդիներին ըստ իրենց տոհմերի և իրենց հայրերի տների.
3 երեսուն տարեկանից մինչև հիսուն տարեկանը, որպեսզի ծառայություն անեն ժողովի վրանում։
4 Կահաթի որդիների պաշտոնը ժողովի վրանում ամենասուրբ բաների պահպանությունն է։
5 Բանակի տեղափոխվելու ժամանակ Ահարոնն ու նրա որդիները կգան և կիջեցնեն ծածկող վարագույրը և դրանով կծածկեն վկայության տապանակը։
6 Դրա վրա կդնեն այծի կաշիներից շինված ծածկոցը, իսկ դրա վրա էլ կգցեն ամբողջովին կապուտակ մի կերպաս, ապա կանցկացնեն տապանակի ձողերը։
7 Առաջավորության սեղանի վրա կփռեն կապուտակ մի կերպաս և դրա վրա կդնեն սկուտեղները, խնկամանները, թասերը և թափելու նվեր մատուցելու բաժակները։ Դրա վրա կլինի նաև հանապազօրյա հացը։
8 Սրանց վրա կփռեն կրկնակի կարմիր մի կերպաս և այն կծածկեն այծի կաշիներից շինված մի ծածկոցով, ապա կանցկացնեն սեղանի ձողերը։
9 Նրանք կվերցնեն կապուտակ մի կերպաս և կծածկեն լույսի աշտանակը, նրա ճրագները, նրա ունելիները, մոխրանոցները և նրա յուղի բոլոր ամանները, որոնցով սպասարկում են։
10 Աշտանակը և նրա ամբողջ սպասքը կառնեն այծի կաշիներից շինված մի ծածկոցի մեջ և այն կդնեն մի պատգարակի վրա։
11 Ոսկե սեղանի վրա կփռեն կապուտակ մի կերպաս և այն կծածկեն թեհաշի մորթիներից շինված մի ծածկոցով, ապա կանցկացնեն դրա ձողերը։
12 Կվերցնեն սրբարանում պաշտամունքի համար գործածվող ամբողջ սպասքը, կփաթաթեն կապույտ մի կերպասի մեջ, կծածկեն այծի կաշիներից ծածկոցով և կդնեն պատգարակի վրա։
13 Զոհասեղանի մոխիրները հանելով՝ այն կծածկեն ծիրանագույն կերպասով։
14 Վրան կդնեն ծառայության համար գործածվող նրա բոլոր սպասքները, այսինքն՝ կրակի ամանները, մեծ պատառաքաղները, թիակները, տաշտերը, զոհասեղանի բոլոր անոթները, և դրանց վրա կգցեն թեհաշի մորթիներից շինված մի ծածկոց, ապա կանցկացնեն ձողերը։
15 Ահարոնն ու նրա որդիները կվերջացնեն սրբարանն ու սրբարանի ամբողջ սպասքը ծածկելու գործը բանակի տեղափոխվելու ժամանակ, հետո կգան Կահաթի որդիները՝ դրանք վերցնելու։ Սակայն սուրբ բաներին չպետք է դիպչեն, որպեսզի չմեռնեն։ Սրանք կլինեն Կահաթի որդիների բեռները ժողովի վրանում։
16 Ահարոն քահանայի որդի Եղիազարը վերակացու կլինի լույսի յուղի, անուշահոտ խնկի, ամենօրյա հացի ընծայի և օծման յուղի վրա։ Նա ամբողջ վրանի և դրա մեջ եղած բոլոր բաների, սրբարանի ու նրա սպասքի վրա վերակացու կլինի»։
17 Տերը խոսեց Մովսեսի և Ահարոնի հետ և ասաց.
18 «Ղևտացիների միջից Կահաթյանց տոհմերի ցեղը չվերացնեք,
19 սակայն նրանց այնպե՛ս արեք, որ ամենասուրբ բաներին մերձենալիս ողջ մնան և չմեռնեն։ Ահարոնն ու նրա որդիները կգան և նրանցից ամեն մեկին կնշանակեն իր պաշտոնի վրա և իր բեռը կորոշեն։
20 Երբ սուրբ բաները ծածկում են, ներս չմտնեն դրանք տեսնելու համար, որպեսզի չմեռնեն»։
21 Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց.
22 «Հաշվառի՛ր նաև Գերսոնի որդիներին ըստ իրենց հայրերի տների և իրենց տոհմերի։
23 Հաշվառի՛ր բոլոր նրանց, ովքեր երեսուն տարեկանից մինչև հիսուն տարեկան են, որոնք կարող են ծառայություն անել ժողովի վրանում։
24 Այս է Գերսոնյանց տոհմերի ծառայելու և բեռներ կրելու պաշտոնը։
25 Նրանք կվերցնեն վրանի վարագույրները, ժողովի վրանը, նրա ծածկոցը, նրա վրայի այծի ծածկոցը, ժողովի վրանի մուտքի վարագույրը,
26 վրանի և զոհասեղանի շուրջը գտնվող սրահի վարագույրները, սրահի մուտքի վարագույրը և նրանց պարանները, պաշտամունքի ամբողջ սպասքը և դրանց հարկավոր բոլոր ծառայությունները կանեն։
27 Ահարոնի և նրա որդիների խոսքով կլինեն Գերսոնյանց որդիների բոլոր ծառայությունները՝ բեռներ կրելու ծառայություններ անելու համար. նրանց կհանձնեք իրենց բոլոր բեռների պահպանությունը։
28 Այս է Գերսոնյանց որդիների տոհմերի սպասավորությունը ժողովի վրանում։ Նրանց ծառայությունը պիտի լինի Ահարոն քահանայի որդի Իթամարի ղեկավարությամբ։
29 Կհաշվառես Մերարիի որդիներին ըստ իրենց տոհմերի և իրենց հայրերի տների։
30 Հաշվառի՛ր երեսուն տարեկանից մինչև հիսուն տարեկանը, որոնք ծառայություն պիտի անեն ժողովի վրանում։
31 Սրանք են ժողովի վրանում ամեն տեսակ ծառայության համար նրանց հանձնված բեռները. վրանի տախտակները, նրա նիգերը, նրա սյուներն ու խարիսխները,
32 սրահի շուրջը գտնվող բոլոր սյուները, դրանց խարիսխները, ցցերը, պարանները՝ իրենց բոլոր առարկաներով, որոնք պարտավոր են կրել։ Իրենց անուններով կհաշվեք նրանց պահպանությանը հանձնված բեռների սպասքները։
33 Սա է ժողովի վրանում Մերարիի որդիների տոհմերի պաշտոնը իրենց ծառայությունների համեմատ, որ նրանք կատարելու են Ահարոն քահանայի որդի Իթամարի ղեկավարությամբ»։
34 Մովսեսն ու Ահարոնը և համայնքի իշխանները հաշվառեցին Կահաթյանց որդիներին ըստ նրանց տոհմերի և նրանց հայրերի տների.
35 երեսուն տարեկանից մինչև հիսուն տարեկանը, որպեսզի ծառայություն անեն ժողովի վրանում։
36 Նրանց հաշվառավծներն ըստ իրենց տոհմերի՝ երկու հազար յոթ հարյուր հիսուն հոգի։
37 Սրանք են Կահաթյանց տոհմերի հաշվառվածները, որոնք ծառայություն էին անում ժողովի վրանում։ Մովսեսն ու Ահարոնը հաշվառեցին նրանց Տիրոջ խոսքի համաձայն, որ ասել էր Մովսեսի միջոցով։
38 Գերսոնի որդիների հաշվառվածներն ըստ իրենց տոհմերի և իրենց հայրերի տների.
39 երեսուն տարեկանից մինչև հիսուն տարեկանը, որպեսզի ծառայություն անեն ժողովի վրանում։
40 Նրանց հաշվառվածներն ըստ իրենց տոհմերի և իրենց հայրերի տների՝ երկու հազար վեց հարյուր երեսուն հոգի։
41 Սրանք են Գերսոնի որդիների տոհմերի հաշվառվածները, որոնք ծառայություն էին անում ժողովի վրանում, որոնց հաշվառումը կատարեցին Մովսեսն ու Ահարոնը Տիրոջ խոսքի համաձայն։
42 Հաշվառեցին Մերարիի որդիների տոհմերն ըստ իրենց տոհմերի և իրենց հայրերի տների.
43 երեսուն տարեկանից մինչև հիսուն տարեկանը, որպեսզի ծառայություն անեն ժողովի վրանում։
44 Նրանց հաշվառվածներն ըստ իրենց տոհմերի՝ երեք հազար երկու հարյուր հոգի։
45 Սրանք են Մերարիի որդիների տոհմերի հաշվառվածները, որոնց հաշվառումը կատարեցին Մովսեսն ու Ահարոնը Տիրոջ խոսքի համաձայն, որ ասել էր Մովսեսի միջոցով։
46 Ղևտացիներից բոլոր հաշվառվածները, որոնց հաշվառումը կատարեցին Մովսեսը, Ահարոնն ու Իսրայելի իշխաններն ըստ նրանց տոհմերի և նրանց հայրերի տների.
47 երեսուն տարեկանից մինչև հիսուն տարեկանը, ժողովի վրանում ծառայություն անելու և բեռ փոխադրելու բոլոր մտնողները,
48 այսինքն՝ նրանց հաշվառվածները՝ ութ հազար հինգ հարյուր ութսուն հոգի։
49 Սրանք հաշվառվեցին Մովսեսի միջոցով, Տիրոջ պատվերի համաձայն՝ ամեն մեկն իր պաշտոնին և իր բեռին նայելով։ Նրանց հաշվառեցին այսպես, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։