Bible

Create

Inspiring Presentations Without Hassle

Try Risen Media.io Today!

Click Here

Numbers 35

:
Armenian - 2018
1 Տերը Մովաբի դաշտերում՝ Հորդանան գետի մոտ, Երիքովի դիմաց, խոսեց Մովսեսի հետ և ասաց.
2 «Պատվիրի՛ր Իսրայելի որդիներին, որ իրենց ժառանգության կալվածքներից բնակվելու համար քաղաքներ տան ղևտացիներին. նաև քաղաքների շուրջը գտնվող ագարակները կտրվեն ղևտացիներին։
3 Քաղաքները նրանց բնակության համար կլինեն, իսկ ագարակները՝ նրանց արջառների, նրանց հոտերի և նրանց անասունների համար։
4 Քաղաքի ագարակները, որ տալու եք ղևտացիներին, քաղաքի պարսպից դուրս շուրջանակի պետք է ունենան երկու հազար կանգուն տարածություն։
5 Քաղաքից դուրս՝ արևելյան կողմից, կչափեք երկու հազար կանգուն, հարավային կողմից՝ երկու հազար կանգուն, արևմտյան կողմից՝ երկու հազար կանգուն և հյուսիսային կողմից՝ երկու հազար կանգուն, իսկ քաղաքը մեջտեղում կլինի. այդպիսին լինեն նրանց քաղաքների ագարակները։
6 Այդ քաղաքներից, որ տալու եք ղևտացիներին, վեց ապաստարան-քաղաքներ կորոշեք, որպեսզի սպանություն կատարողը կարողանա փախչել այնտեղ. բացի դրանից, կտաք քառասուներկու քաղաքներ ևս։
7 Ղևտացիներին տրվելիք բոլոր քաղաքների թիվը պիտի լինի քառասունութ քաղաք իրենց ագարակներով։
8 Այն քաղաքները, որ տալու եք Իսրայելի որդիների կալվածքներից. շատ ստացողից շատ պետք է վերցնեք, իսկ քիչ ստացողից՝ քիչ։ Յուրաքանչյուրն իր ստացած ժառանգության համեմատ իր քաղաքներից պետք է տա ղևտացիներին»։
9 Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց.
10 «Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛ նրանց. “Երբ Հորդանան գետն անցնեք ու մտնեք Քանանի երկիրը,
11 այնտեղ առանձնացրե՛ք քաղաքներ, որոնք ապաստանի քաղաքներ լինեն ձեզ համար, որպեսզի այնտեղ կարողանա փախչել սխալմամբ սպանություն կատարած անձը։
12 Այդ քաղաքները ձեզ համար ապաստան թող ծառայեն վրեժխնդիր մարդու դեմ, որպեսզի սպանողը մահվան չդատապարտվի նախքան ժողովրդի առաջ դատաստանի կանգնելը։
13 Ձեր տալիք քաղաքներից վեցը ապաստարան-քաղաքներ թող լինեն ձեզ համար։
14 Քաղաքներից երեքը կտաք Հորդանան գետի այս կողմում, իսկ մյուս երեքը՝ Քանանի երկրում. դրանք ապաստանի քաղաքներ կլինեն։
15 Այդ վեց քաղաքները իբրև ապաստան թող ծառայեն Իսրայելի որդիների, օտարականի և ձեր մեջ պանդխտացած մարդու համար, որպեսզի այնտեղ փախչի ամեն ոք, ով սխալմամբ մարդ կսպանի։
16 Եթե մի մարդ երկաթե գործիքով հարվածի և սպանի մեկին, նա մարդասպան է. մարդասպանն անպատճառ պիտի մեռցվի։
17 Եթե մեկը մահ պատճառող քարով հարվածի ու սպանի մեկին, նա մարդասպան է. մարդասպանն անպատճառ պիտի մեռցվի։
18 Կամ եթե մեկը մահ պատճառող փայտե առարկայով հարվածի ու սպանի մեկին, նա մարդասպան է. մարդասպանն անպատճառ պիտի մեռցվի։
19 Արյան վրեժխնդրություն ունեցողը թող սպանի մարդասպանին. երբ նրան հանդիպի, թող սպանի նրան։
20 Եթե մի մարդ թշնամությամբ հրի մեկին կամ նենգությամբ նրա վրա մի բան գցելով՝ սպանի նրան
21 և կամ թշնամության պատճառով ձեռքով հարվածի նրան ու սպանի, հարվածողն անպատճառ պիտի մեռցվի, նա մարդասպան է. արյան վրեժխնդրություն ունեցողը թող սպանի մարդասպանին, երբ հանդիպի նրան։
22 Բայց եթե հանկարծ առանց թշնամանքի հրի նրան կամ առանց նենգության մի բան նետի նրա վրա
23 կամ չնկատելով մահ պատճառող մի քար գցի նրա վրա ու սպանի, բայց ինքը թշնամի չէր նրան և չէր կամենում չարիք պատճառել նրան,
24 այն ժամանակ ժողովուրդը սպանողի և արյան վրեժխնդրություն ունեցողի միջև դատաստան թող տեսնի ըստ այս օրենքների.
25 ժողովուրդը սպանողին թող ազատի արյան վրեժխնդրություն ունեցողի ձեռքից և ժողովուրդը նրան վերադարձնի իր ապաստանի քաղաքը, որտեղ նա ապաստանել էր. նա այնտեղ թող բնակվի, մինչև որ սուրբ յուղով օծված քահանայապետը վախճանվի։
26 Իսկ եթե սպանողը դուրս գա իր ապաստանի քաղաքի սահմաններից, որտեղ նա ապաստանել էր,
27 և եթե արյան վրեժխնդրություն ունեցողը նրան գտնի նրա ապաստանած քաղաքի սահմաններից դուրս և սպանի մարդասպանին, ապա նա մահապարտ չի համարվի,
28 որովհետև մարդասպանը պետք է իր ապաստանած քաղաքում նստեր, մինչև որ քահանայապետը վախճանվեր։ Քահանայապետի վախճանվելուց հետո միայն մարդասպանը կկարողանա վերադառնալ իր կալվածքը։
29 Սրանք ձեզ համար դատաստանի կանոններ կլինեն ձեր սերունդների մեջ, ձեր բնակության բոլոր վայրերում։
30 Ով որ մարդ սպանի, վկաների ցուցմունքով մահվան պիտի դատապարտվի։ Մեկ մարդու վկայությունը բավարար չէ մեկին մահվան դատապարտելու համար։
31 Մահապարտ մարդասպանի կյանքի համար փրկագին չպետք է վերցնեք. նա անպատճառ պետք է մեռցվի։
32 Ապաստանի քաղաք փախչողի համար փրկագին չվերցնեք, որ նա վերադառնա իր քաղաքը և նստի այնտեղ քահանայապետի մահից առաջ։
33 Չպղծեք ձեր բնակած երկիրը, որովհետև արյունը պղծում է երկիրը. նրա մեջ թափված արյան համար այլ կերպ քավություն չի լինի, քան այն մարդու արյամբ միայն, որն արյուն է թափել։
34 Ուրեմն չպղծեք ձեր բնակած երկիրը, որտեղ ես պիտի բնակվեմ. որովհետև ես՝ Տերը, բնակվում եմ Իսրայելի որդիների մեջ”»։