Bible

Power Up

Your Services with User-Friendly Software

Try RisenMedia.io Today!

Click Here

Mark 3

:
Armenian - 2018
1 Հիսուսը դարձյալ ժողովարան մտավ։ Այնտեղ ձեռքը չորացած մի մարդ կար։
2 Եվ սպասում էին Հիսուսին՝ տեսնելու, թե արդյոք շաբաթ օրով կբուժի՞ նրան, որպեսզի ամբաստանեին։
3 Նա ձեռքը չորացած մարդուն ասաց. «Վե՛ր կաց, մեջտե՛ղ արի»։
4 Իսկ նրանց հարցրեց. «Օրենքը որևէ մեկին թույլ է տալիս շաբաթ օրը բարի՞ գործ անել, թե՞ չար, մի կյանք փրկե՞լ, թե՞ կորցնել»։ Եվ նրանք լռեցին։
5 Նա, իր շուրջը եղողներին բարկությամբ նայելով, նրանց սրտերի կուրության համար տրտմած, այն մարդուն ասաց. «Ձեռքդ մեկնի՛ր»։ Նա մեկնեց, ու նրա ձեռքն առողջացավ։
6 Եվ փարիսեցիներն անմիջապես դուրս գնացին. հերովդեսականների հետ նրա դեմ խորհուրդ էին անում, թե նրան ինչպե՛ս կորցնեն։
7 Եվ Հիսուսն իր աշակերտների հետ լճի մոտ գնաց։ Եվ Գալիլեայից ու Հուդայից մեծ բազմություններ էին նրա հետևից գնում։
8 Բազում ժողովուրդ Երուսաղեմից, Եդովմից, Հորդանանից դուրս գտնվող շրջանից, ինչպես նաև նրանք, որ Տյուրոսի ու Սիդովնի շրջակայքից էին, երբ լսում էին, թե ինչե՛ր է անում, նրա մոտ էին գալիս։
9 Հիսուսն իր աշակերտներին ասաց, որ բազմության պատճառով իր համար մի փոքր նավ պատրաստ պահեն, որպեսզի մարդիկ իրեն չսեղմեն։
10 Քանի որ շատերին էր բժշկել, արդ ովքեր տառապում էին հիվանդություններից, նրա վրա էին թափվում նրան դիպչելու համար։
11 Եվ երբ պիղծ ոգիները նրան տեսնում էին, նրա առաջն էին ընկնում, աղաղակում էին ու ասում. «Դու Աստծու Որդին ես»։
12 Եվ նա խիստ սաստում էր նրանց, որ իր ով լինելը չհայտնեն։
13 Հիսուսը լեռը բարձրացավ և իր մոտ կանչեց նրանց, ում որ կամեցավ։ Եվ նրանք նրա մոտ գնացին։
14 Նա ընտրեց տասներկու հոգու, որ իր հետ լինեն, որ նրանց ուղարկի քարոզելու,
15 և որ նրանք ցավերը բուժելու, դևեր հանելու իշխանություն ունենան։
16 Նա ընտրեց Սիմոնին, որի անունը Պետրոս դրեց,
17 Զեբեդեոսի որդի Հակոբոսին ու Հակոբոսի եղբորը՝ Հովհաննեսին, որոնց անվանեց Բաներեգես, որ է «Որոտման որդիներ»,
18 Անդրեասին, Փիլիպպոսին, Բարթողոմեոսին, Մատթեոսին, Թովմասին, Ալփեոսի որդի Հակոբոսին, Թադեոսին, Սիմոն Կանանացուն
19 և Հուդա Իսկարիովտացուն, որն էլ մատնեց նրան։
20 Եվ տուն եկան. դարձյալ բազմություն հավաքվեց, նույնիսկ չկարողացան հաց ուտել։
21 Նրա յուրայինները, լսելով, դուրս եկան նրան բռնելու, որովհետև կարծում էին, թե խելագարվել է։
22 Իսկ դպիրները, որ Երուսաղեմից էին եկել, ասում էին, թե Բեեղզեբուղ ունի և դևերի իշխանի ձեռքով է դևերին հանում։
23 Այդ ժամանակ Հիսուսը, նրանց իր մոտ կանչելով, առակներով ասում էր նրանց. «Սատանան ինչպե՞ս կարող է սատանային դուրս հանել։
24 Եթե մի թագավորություն իր մեջ բաժանվի, այդ թագավորությունը չի կարող հարատևել։
25 Եվ եթե մի տուն ինքն իր մեջ բաժանվի, այդ տունը կանգուն մնալ չի կարող։
26 Եթե սատանան ինքն իր դեմ դուրս գա և բաժանվի, չի կարող կանգուն մնալ. նրա վախճանը հասել է։
27 Ոչ ոք, զորեղ մարդու տունը մտնելով, չի կարող նրա ունեցվածքը կողոպտել, եթե նախ այդ զորեղ մարդուն չկապի. հետո նրա տունը կկողոպտի։
28 Ճշմարիտ եմ ասում ձեզ. մարդկանց որդիների բոլոր մեղքերն ու հայհոյանքները կներվեն,
29 բայց ով Սուրբ Հոգուն հայհոյի, հավիտյան թողություն չի ստանա, այլ հավիտենական դատապարտության կենթարկվի»։
30 Հիսուսն այս ասաց, որովհետև ասում էին, թե նրա մեջ պիղծ ոգի կա։
31 Հետո եկան նրա մայրն ու եղբայրները և դրսում կանգնած՝ նրա մոտ մարդ ուղարկեցին, որ նրան կանչի։
32 Նրա շուրջը նստել էր բազմությունը։ Նրան ասացին. «Ահա մայրդ ու եղբայրներդ դրսում քեզ են ուզում»։
33 Եվ նա պատասխանեց նրանց ու ասաց. «Ո՞վ է իմ մայրը, կամ ովքե՞ր են իմ եղբայրները»։
34 Ապա իր շուրջը նստածներին նայեց ու ասաց. «Ահա իմ մայրն ու իմ եղբայրները։
35 Որովհետև ով կատարում է Աստծու կամքը, նա է իմ եղբայրը, քույրն ու մայրը»։