Bible

Engage

Your Congregation Like Never Before

Try RisenMedia.io Today!

Click Here

Mark 2

:
Armenian - 2018
1 Օրեր անց Հիսուսը դարձյալ Կափառնաում մտավ։ Լուր տարածվեց, որ մեկի տանն է։
2 Անմիջապես այնքան շատ մարդիկ հավաքվեցին, որ դռան մոտ նույնիսկ տեղ չկար։ Եվ նա Աստծու խոսքն էր քարոզում նրանց։
3 Եվ նրա մոտ բերեցին մի անդամալույծի, որին բռնել էին չորս հոգով ։
4 Երբ ամբոխի պատճառով Հիսուսին մոտենալ չկարողացան, քանդեցին այն տան տանիքը, որտեղ նա էր, և անցք բաց անելով՝ իջեցրին մահիճը, որի վրա պառկած էր անդամալույծը։
5 Հիսուսը, նրանց հավատը տեսնելով, անդամալույծին ասաց. «Որդյա՛կ, քո մեղքերը քեզ ներված են»։
6 Դպիրներից ոմանք նստած էին այնտեղ և իրենց մեջ մտածում էին.
7 «Ինչպե՞ս է սա այդպես խոսում. հայհոյում է։ Ո՞վ կարող է մեղքերին թողություն տալ, եթե ոչ միայն մեկը՝ Աստված»։
8 Եվ Հիսուսն իսկույն իր հոգում իմացավ, որ իրենց մտքում այդպես են մտածում, և նրանց ասաց. «Ինչո՞ւ եք ձեր մտքում նման բաներ մտածում։
9 Ո՞րն է հեշտ. անդամալույծին ասել՝ "Քո մեղքերը ներված են քեզ", թե՞ ասել՝ "Վե՛ր կաց, մահիճդ վերցրո՛ւ և քայլի՛ր"։
10 Բայց որպեսզի իմանաք, որ Մարդու Որդին երկրի վրա մեղքերին թողություն տալու իշխանություն ունի (անդամալույծին ասաց),
11 ասում եմ քեզ՝ վե՛ր կաց, մահիճդ վերցրո՛ւ, քո տո՛ւն գնա»։
12 Եվ սա իսկույն վեր կացավ, մահիճը վերցրեց ու բոլորի առաջ դուրս գնաց, մինչ բոլորը զարմանում էին ու Աստծուն փառաբանում՝ ասելով. «Այսպիսի բան երբեք չենք տեսել»։
13 Եվ դարձյալ գնաց դեպի լճի եզերքը. ամբողջ ժողովուրդը նրա մոտ էր գալիս, և նա ուսուցանում էր նրանց։
14 Անցնելիս տեսավ Ալփեոսի որդի Ղևիին՝ մաքսատանը նստած, ու նրան ասաց. «Իմ հետևի՛ց արի»։ Եվ նա վեր կացավ ու գնաց Հիսուսի հետևից։
15 Եվ երբ նրա տանը սեղան էր նստել, շատ մաքսավորներ ու մեղավորներ էին Հիսուսի ու նրա աշակերտների հետ ճաշի նստել, որովհետև շատ մարդիկ էին նրա հետևից գնում։
16 Բայց դպիրներն ու փարիսեցիները, տեսնելով, որ ուտում է մաքսավորների ու մեղավորների հետ, նրա աշակերտներին ասացին. «Ինչո՞ւ է մաքսավորների ու մեղավորների հետ ուտում և խմում»։
17 Երբ Հիսուսը լսեց, նրանց ասաց. «Առողջներին բժիշկ պետք չէ, այլ հիվանդներին. ես եկել եմ ոչ թե արդարներին, այլ մեղավորներին ապաշխարության կոչելու»։
18 Հովհաննեսի աշակերտներն ու փարիսեցիները ծոմ էին պահում։ Ոմանք նրա մոտ եկան ու ասացին. «Ինչո՞ւ են Հովհաննեսի ու փարիսեցիների աշակերտները ծոմ պահում, իսկ քո աշակերտները ծոմ չեն պահում»։
19 Եվ Հիսուսը նրանց ասաց. «Մի՞թե փեսայի բարեկամները ծոմ պիտի պահեն, քանի դեռ նա իրենց հետ է. ինչքան ժամանակ որ փեսան նրանց հետ է, ծոմ չպիտի պահեն։
20 Բայց օրեր կգան, և փեսան նրանց միջից կվերցվի. այդ օրերին էլ ծոմ կպահեն։
21 Ոչ ոք հին հագուստի վրա նոր կտորից կարկատան չի գցի, այլապես նոր կարկատանը հին կտորը կքաշի, և պատռվածքն ավելի վատ կլինի։
22 Եվ ոչ ոք նոր գինին հին տիկերի մեջ չի լցնի, այլապես նոր գինին տիկերը կպայթեցնի, գինին կթափվի, տիկերն էլ կփչանան. այլ նոր գինին նոր տիկերի մեջ պետք է լցվի»։
23 Եվ այնպես եղավ, որ նա շաբաթ օրն անցնում էր արտերով, ու նրա աշակերտներն սկսեցին հասկ պոկելով գնալ։
24 Փարիսեցիները նրան ասացին. «Տե՛ս, շաբաթ օրով ի՛նչ են անում. օրինավոր չէ»։
25 Եվ նա ասաց նրանց. «Դուք երբևէ չե՞ք կարդացել, թե Դավիթն ի՛նչ արեց, երբ կարիքի մեջ էր, երբ սոված էին և՛ ինքը, և՛ իր հետ եղողները.
26 ինչպե՛ս Աբիաթար քահանայապետի օրոք Աստծու տուն մտավ ու առաջավորության հացերը կերավ և իր հետ եղողներին էլ տվեց։ Այնինչ բացի քահանայից, ոչ ոքի համար օրինավոր չէր ուտելը»։
27 Եվ Հիսուսը նրանց ասաց. «Շաբաթը մարդու համար է, և ոչ թե մարդը՝ շաբաթի համար։
28 Հետևաբար Մարդու Որդին շաբաթի՛ էլ տերն է»։