Leviticus 15
1 Տերը խոսեց Մովսեսի և Ահարոնի հետ՝ ասելով.
2 «Խոսե՛ք Իսրայելի որդիների հետ և ասացե՛ք նրանց. “Երբ մի տղամարդու անդամից սերմնածորում լինի, նրա ծորումն անմաքուր է։
3 Սա՛ է ծորումի ժամանակ նրա անմաքրությունը. եթե նրա մարմնից ծորում լինի, կամ նրա մարմինն այդ ծորումը պահի, դա նրա անմաքրությունն է։
4 Ամեն անկողին, որի մեջ ծորում ունեցողը պառկի, անմաքուր է, և ամեն բան, որի վրա նա նստի, անմաքուր է։
5 Նրա անկողնուն դիպչող մարդը պետք է լվանա իր հագուստները, ինքն էլ լվացվի ջրով և անմաքուր կլինի մինչև երեկո։
6 Ծորում ունեցող մարդու նստած առարկայի վրա նստողը պիտի լվանա իր հագուստները, ինքն էլ լվացվի ջրով և անմաքուր կլինի մինչև երեկո։
7 Ծորում ունեցող մարդու մարմնին դիպչողը պիտի լվանա իր հագուստները, ինքն էլ լվացվի ջրով և անմաքուր կլինի մինչև երեկո։
8 Եթե ծորում ունեցողը թքի մի մաքուր մարդու վրա, նա պետք է լվանա իր հագուստները, ինքն էլ լվացվի ջրով և անմաքուր կլինի մինչև երեկո։
9 Ամեն թամբ, որի վրա ծորում ունեցողը նստի, անմաքուր կլինի։
10 Ով որ դիպչի նրա տակ գտնվող որևէ իրի, անմաքուր կլինի մինչև երեկո. և ով որ այն վերցնի, պետք է լվանա իր հագուստները, ինքն էլ լվացվի ջրով և անմաքուր կլինի մինչև երեկո։
11 Ծորում ունեցողն իր ձեռքերը չլվացած եթե դիպչի որևէ մեկին, սա պետք է լվանա իր հագուստները, ինքն էլ լվացվի ջրով և անմաքուր կլինի մինչև երեկո։
12 Կավե ամանը, որին դիպել է ծորում ունեցողը, պետք է ջարդվի, իսկ փայտե ամեն աման պետք է լվացվի ջրով։
13 Երբ ծորում ունեցողը մաքրվի իր ծորումից, նա յոթ օր պետք է հատկացնի իր մաքրման համար, լվանա իր հագուստները, լվանա իր մարմինը հոսող ջրի մեջ և մաքուր կլինի։
14 Ութերորդ օրը իր համար պիտի վերցնի երկու տատրակ կամ աղավնու երկու ձագ և գա Տիրոջ առաջ, ժողովի վրանի մուտքի մոտ և դրանք տա քահանային։
15 Քահանան դրանցից մեկը մատուցի որպես մեղքի զոհ, իսկ մյուսը՝ ողջակեզ։ Քահանան Տիրոջ առաջ քավություն անի նրան նրա ծորումից։
16 Եթե մի տղամարդ զուգավորության սերմնահոսություն ունենա, նա իր ամբողջ մարմինը պետք է ջրով լվանա և անմաքուր կլինի մինչև երեկո։
17 Ամեն հագուստ և ամեն մորթեղեն, որի վրա զուգավորության սերմ լինի, ջրով պետք է լվացվի։ Դա անմաքուր կլինի մինչև երեկո։
18 Երբ մի տղամարդ կնոջ հետ պառկի զուգավորության համար, նրանք երկուսն էլ ջրով պետք է լվացվեն, և անմաքուր կլինեն մինչև երեկո։
19 Եթե մի կին ծորում ունենա, և նրա մարմնից ծորածը արյուն է, նա յոթ օր թող մնա իր դաշտանի մեջ. և ով որ դիպչի նրան, անմաքուր կլինի մինչև երեկո։
20 Ինչ բանի վրա որ պառկի այդ կինն իր դաշտանի ժամանակ, այդ բանն անմաքուր կլինի, և ինչ բանի վրա որ նստի, դա անմաքուր կլինի։
21 Ով որ դիպչի նրա անկողնուն, պետք է լվանա իր հագուստները, ինքն էլ լվացվի ջրով և անմաքուր կլինի մինչև երեկո։
22 Ով որ դիպչի մի բանի, որի վրա նա նստել է, պետք է լվանա իր հագուստները, ինքն էլ ջրով լվացվի և անմաքուր կլինի մինչև երեկո։
23 Եթե որևէ մեկը դիպչի այն անկողնուն կամ այն առարկային, որի վրա այդ կինը նստել է, անմաքուր կլինի մինչև երեկո։
24 Եթե մի մարդ պառկի նրա հետ զուգավորվելով, և այդ կնոջ պղծությունը դիպչի նրան, այդ մարդը յոթ օր անմաքուր կլինի. և ամեն անկողին, որի մեջ կպառկի նա, անմաքուր կլինի։
25 Եթե մի կնոջ արյունը, առանց դաշտանի ժամանակը լինելու, ծորում է շատ օրեր կամ իր դաշտանից ավելի է ծորում, նրա անմաքրության այդ բոլոր օրերը պետք է համարվեն դաշտանի օրերի պես. նա անմաքուր է։
26 Ամեն անկողին, որի մեջ նա կպառկի իր ծորումի բոլոր օրերին, իր դաշտանի անկողնու պես պիտի լինի իր համար. և որևէ բանի վրա, որ նա նստի, իր դաշտանի անմաքրության պես անմաքուր պիտի լինի։
27 Ով որ դիպչի դրանց, անմաքուր պիտի լինի և պետք է լվանա իր հագուստները, ինքն էլ լվացվի ջրով և անմաքուր կլինի մինչև երեկո։
28 Երբ այդ կինը մաքրվի իր ծորումից, պետք է հաշվի յոթ օր, որից հետո մաքուր կլինի։
29 Ութերորդ օրը նա իր համար պիտի վերցնի երկու տատրակ կամ աղավնու երկու ձագ և դրանք բերի ժողովի վրանի մուտքի մոտ, քահանայի մոտ։
30 Քահանան դրանցից մեկը պետք է մատուցի որպես մեղքի զոհ, իսկ մյուսը՝ որպես ողջակեզ։ Քահանան Տիրոջ առաջ քավություն կանի նրան նրա անմաքրության ծորումից”։
31 Այսպես Իսրայելի որդիներին զգուշացրե՛ք իրենց անմաքրությունից, որպեսզի իրենց մեջ գտնվող իմ բնակության վայրը պղծելով և իրենց անմաքրության պատճառով չմեռնեն։
32 Այս է ծորում ունեցողի, զուգավորության սերմի արտահոսումով անմաքուր եղողի,
33 իր դաշտանով հիվանդ եղող կնոջ, ծորում ունեցող տղամարդու կամ կնոջ և անմաքուր կնոջ հետ պառկող տղամարդու օրենքը»։