Bible

Power Up

Your Services with User-Friendly Software

Try RisenMedia.io Today!

Click Here

Leviticus 14

:
Armenian - 2018
1 Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով.
2 «Այս լինի բորոտի օրենքը նրա մաքրվելու օրը։ Նա պիտի տարվի քահանայի մոտ։
3 Քահանան դուրս պիտի գա բանակատեղիից և քահանան պիտի զննի նրան։ Եթե բորոտը բժշկվել է բորոտության ախտից,
4 այն ժամանակ քահանան պետք է հրամայի, որ մաքրվող մարդու համար առնեն երկու կենդանի մաքուր թռչուն, եղևնու փայտ, կրկնակի կարմիր և զոպա ։
5 Քահանան հրամայի, որ թռչուններից մեկը մորթեն կավե ամանի մեջ, աղբյուրից լցված ջրի վրա։
6 Իսկ նա թող վերցնի ողջ թռչունը, եղևնու փայտը, կրկնակի կարմիրն ու զոպայի ոստը և դրանք ողջ թռչնի հետ թաթախի հոսող ջրի վրա մորթված թռչնի արյան մեջ։
7 Եվ յոթ անգամ շաղ տա բորոտությունից մաքրվող մարդու վրա և մաքրի նրան, իսկ ողջ թռչունը բաց թողնի դեպի դաշտ։
8 Մաքրվող մարդը թող լվանա իր զգեստները, ածիլի իր բոլոր մազերը, լվացվի ջրով և մաքուր կլինի։ Դրանից հետո մտնի բանակատեղի, բայց յոթ օր մնա իր վրանից դուրս։
9 Յոթերորդ օրն ածիլի իր բոլոր մազերը, իր գլուխը, մորուքն ու հոնքերը, այսինքն՝ ածիլի իր բոլոր մազերը, լվանա իր հագուստները, լվանա իր մարմինը ջրով և մաքուր կլինի։
10 Ութերորդ օրն առնի անարատ երկու արու գառ, մեկ տարեկան անարատ մի էգ գառ, յուղով հունցված երեք տասներորդական գրիվ ընտիր ալյուր հացի ընծայի համար և մեկ լոգ յուղ։
11 Մաքրող քահանան մաքրվող մարդուն սրանցով բերի Տիրոջ առաջ, ժողովի վրանի մուտքի մոտ։
12 Քահանան թող վերցնի արու գառներից մեկը և մատուցի այն հանցանքի զոհի համար, և մի լոգ յուղն էլ. նա դրանք երերացնելու զոհ մատուցի Տիրոջ առաջ։
13 Գառը մորթի մեղքի զոհի անասունների և ողջակեզի մորթելու տեղը՝ սուրբ վայրում. որովհետև, մեղքի զոհի նման, հանցանքի զոհը քահանայինն է. դա ամենասուրբ է։
14 Քահանան թող վերցնի հանցանքի զոհի արյունից և քսի մաքրվող մարդու աջ ականջի բլթակին, նրա աջ ձեռքի բթամատին և նրա աջ ոտքի բթամատին։
15 Քահանան թող վերցնի մի լոգ յուղից և այն լցնի իր ձախ ձեռքի ափի մեջ։
16 Քահանան իր աջ մատը թող թաթախի իր ձախ ձեռքի մեջ եղած յուղին և իր մատով այդ յուղից թող յոթ անգամ շաղ տա Տիրոջ առաջ։
17 Իր ձեռքի մեջ մնացած յուղից քահանան թող քսի մաքրվող մարդու աջ ականջի բլթակին, նրա աջ ձեռքի բթամատին և նրա աջ ոտքի բթամատին՝ հանցանքի զոհի արյան վրայից։
18 Քահանան իր ձեռքի մեջ մնացած յուղը թող քսի մաքրվող մարդու գլխին և քավություն անի նրան Տիրոջ առաջ։
19 Ապա քահանան թող մատուցի մեղքի զոհը և քավություն անի իր անմաքրությունից մաքրվող մարդուն, դրանից հետո ողջակեզը մորթի։
20 Եվ քահանան ողջակեզն ու հացի ընծան թող մատուցի զոհասեղանի վրա և մաքրվողի համար քավություն անի. և նա մաքուր կլինի։
21 Եթե նա աղքատ է, և նրա կարողությունն այդքանին չհասնի, այդ ժամանակ քավություն անելու համար երերացնելու հանցանքի զոհի համար նա թող վերցնի մի գառ և հացի ընծայի համար՝ յուղով հունցված մեկ տասներորդական գրիվ ընտիր ալյուր և մի լոգ յուղ,
22 երկու տատրակ կամ աղավնու երկու ձագ, որ մեկը որ կարող է, և մեկը՝ մեղքի զոհի համար, իսկ մյուսը՝ որպես ողջակեզ։
23 Ութերորդ օրը իր մաքրման համար դրանք թող բերի քահանայի մոտ, ժողովի վրանի մուտքի մոտ, Տիրոջ առաջ։
24 Քահանան թող վերցնի հանցանքի զոհի գառն ու մի լոգ յուղը և դրանք երերացնելու զոհ մատուցի Տիրոջ առաջ։
25 Եվ մորթի հանցանքի զոհի գառը և վերցնի հանցանքի զոհի արյունից ու քսի մաքրվող մարդու աջ ականջի բլթակին, նրա աջ ձեռքի բթամատին և նրա աջ ոտքի բթամատին։
26 Քահանան յուղից թող լցնի իր ձախ ձեռքի մեջ։
27 Եվ քահանան իր աջ ձեռքի մատով ձախ ձեռքի մեջ եղած յուղից յոթ անգամ թող շաղ տա Տիրոջ առաջ։
28 Քահանան իր ձեռքի մեջ եղած յուղից թող քսի մաքրվող մարդու աջ ականջի բլթակին, նրա աջ ձեռքի բթամատին և նրա աջ ոտքի բթամատին՝ այն տեղերը, ուր քսել է հանցանքի զոհի արյունը։
29 Իր ձեռքի մեջ մնացած յուղը քահանան թող քսի մաքրվող մարդու գլխին՝ քավություն անելով նրան Տիրոջ առաջ։
30 Ապա տատրակներից կամ աղավնու ձագերից մեկը, որին որ ձեռքը հասնի,
31 այն մատուցի որպես մեղքի զոհ, իսկ մյուսը՝ որպես ողջակեզ՝ հացի ընծայի հետ միասին։ Եվ քահանան թող քավություն անի մաքրվող մարդուն Տիրոջ առաջ։
32 Այս է բորոտության ախտ ունեցող և մաքրվելու համար կարողություն չունեցող մարդու օրենքը»։
33 Տերը խոսեց Մովսեսի և Ահարոնի հետ՝ ասելով.
34 «Երբ դուք մտնեք Քանանի երկիրը, որը ես ձեզ տալիս եմ իբրև ստացվածք, և ես ձեր ստացվածքը հանդիսացող երկրի մի տան մեջ բորոտությունով հարվածելու լինեմ,
35 այդ տան տերը պիտի գա և այդ մասին հայտնի քահանային՝ ասելով. “Ես նկատում եմ, որ իմ տանը ախտ կա”։
36 Քահանան, զննելու համար դեռ ներս չմտած, պիտի հրամայի, որ տունը դատարկեն, որպեսզի տան մեջ գտնվող ոչ մի բան անմաքուր չլինի, և դրանից հետո քահանան ներս կմտնի՝ զննելու տունը։
37 Քահանան կնայի. եթե տան պատերի վրա ախտանշան կա, այսինքն՝ կանաչավուն կամ կարմրավուն փոս ընկած տեղեր, որոնք պատի մակերեսից ավելի խոր են երևում,
38 այն ժամանակ քահանան թող դուրս գա տան դռնից և յոթ օր կողպի տունը։
39 Յոթերորդ օրը քահանան դարձյալ թող գա և զննի տունը. եթե ախտը տարածվել է այդ տան պատերի վրա,
40 ապա թող հրամայի, որ քանդեն-հանեն ախտ ունեցող քարերը և դրանք գցեն քաղաքից դուրս՝ մի անմաքուր տեղ։
41 Տունը ներսից ամբողջությամբ քերել տա, և քերված հողը թափեն քաղաքից դուրս՝ մի անմաքուր տեղ։
42 Եվ ուրիշ քարեր առնեն, դրանք դնեն հանված քարերի տեղում և ուրիշ հող բերեն ու ծեփեն տունը։
43 Եթե քարերը հանելուց և տունը քերելուց ու ծեփելուց հետո ախտը դարձյալ երևա տան մեջ,
44 այն ժամանակ քահանան թող գա և զննի. եթե ախտը տարածված է տան մեջ, ուրեմն այդ տանը բորբոքված բորոտություն կա. այն անմաքուր է։
45 Տունը պետք է քանդվի, և նրա քարերն ու փայտերը, տան ամբողջ հողը տարվի քաղաքից դուրս՝ մի անմաքուր տեղ։
46 Փակի տակ պահված բոլոր օրերին ով որ մտնի այդ տունը, մինչև երեկո անմաքուր կլինի։
47 Այդ տանը պառկողը պետք է լվանա իր հագուստները, այդ տանը հաց ուտողը նույնպես պետք է լվանա իր հագուստները։
48 Եթե քահանան գա և տեսնի, որ տունը ծեփվելուց հետո ախտը չի տարածվել տան մեջ, այն ժամանակ քահանան պետք է մաքուր հայտարարի այդ տունը, քանի որ ախտը բուժված է։
49 Այդ տան մաքրության համար առնի երկու թռչուն, եղևնու փայտ, կրկնակի կարմիր և զոպա։
50 Եվ թռչուններից մեկը մորթի կավե ամանի մեջ, հոսող ջրի վրա։
51 Ապա եղևնու փայտը, զոպան, կարմիրը և ողջ մնացած թռչունը վերցնի և թաթախի մորթված թռչնի արյան և հոսող ջրի մեջ ու յոթ անգամ շաղ տա տան վրա։
52 Եվ տունը մաքրի թռչնի արյամբ, աղբյուրի հոսող ջրով, ողջ մնացած թռչունով, եղևնու փայտով, զոպայով և կրկնակի կարմիրով,
53 իսկ ողջ թռչունը բաց թողնի քաղաքից դուրս՝ դեպի դաշտ. և քավություն անի այդ տան համար, և տունը մաքուր կլինի։
54 Այս է ամեն բորոտության ախտի, գոնջության,
55 հագուստի կամ տան բորոտության,
56 ուռուցքի, քոսի և բշտիկի մասին օրենքը՝
57 որոշելու համար, թե ե՛րբ է անմաքուր և ե՛րբ՝ մաքուր։ Այս է բորոտության օրենքը»։