Bible

Connect

With Your Congregation Like Never Before

Try RisenMedia.io Today!

Click Here

John 1

:
Armenian - 2018
1 Սկզբում էր Բանը, և Բանն Աստծու մոտ էր, և Բանն Աստված էր։
2 Նա սկզբում Աստծու մոտ էր։
3 Ամեն ինչ նրանով եղավ, և առանց նրա ոչինչ չեղավ, ինչ որ եղավ։
4 Կյանքը նրանով էր, և կյանքը մարդկանց լույսն էր։
5 Եվ լույսը խավարի մեջ լուսավորում է, իսկ խավարը նրան չտիրեց։
6 Կար մի մարդ՝ ուղարկված Աստծու կողմից, և նրա անունը Հովհաննես էր։
7 Նա եկավ որպես վկա՝ Լույսի մասին վկայելու, որ նրա միջոցով բոլորը հավատան։
8 Նա Լույսը չէր, այլ եկել էր Լույսի մասին վկայելու։
9 Ճշմարիտ Լույսն էր, որ լուսավորում է ամեն մարդու, որ աշխարհ է գալիս։
10 Նա աշխարհի մեջ էր, և աշխարհը նրանով արարվեց, սակայն աշխարհը նրան չճանաչեց։
11 Յուրայինների մոտ եկավ, բայց յուրայինները նրան չընդունեցին։
12 Սակայն նրանց, ովքեր ընդունեցին նրան և հավատացին նրա անվանը, իշխանություն տվեց Աստծու որդիները լինելու։
13 Նրանք չծնվեցին արյունից, ո՛չ էլ մարմնի ու մարդու կամքից, այլ ծնվեցին Աստծուց։
14 Եվ Բանը մարմին դարձավ ու մեր մեջ բնակվեց, և տեսանք նրա փառքը. փառք, որ Հորից ունի Միածինը՝ լի շնորհով ու ճշմարտությամբ։
15 Հովհաննեսը նրա մասին վկայում է ու աղաղակելով ասում. «Սա էր, որի մասին ասացի. "Նա, որ գալիս է ինձանից հետո, ինձանից ավելի մեծ է, որովհետև ինձանից առաջ էր"»։
16 Եվ նրա լիությունից մենք բոլորս շնորհի վրա շնորհը ստացանք.
17 որովհետև օրենքը Մովսեսի միջոցով տրվեց, իսկ շնորհն ու ճշմարտությունը Հիսուս Քրիստոսի միջոցով եղան։
18 Աստծուն ոչ ոք երբեք չի տեսել, բացի միածին Որդուց, որ Հոր ծոցում է. նա՛ է մեզ նրա մասին հայտնել։
19 Եվ այս է Հովհաննեսի վկայությունը. երբ հրեաները Երուսաղեմից նրա մոտ քահանաների ու ղևտացիների ուղարկեցին, որպեսզի նրան հարցնեն. «Դու ո՞վ ես»,
20 նա խոստովանեց և չուրացավ. խոստովանեց, թե՝ «Ես Քրիստոսը չեմ»։
21 Եվ նրան հարցրին. «Հապա ո՞վ, Եղիա՞ն ես»։ Նա ասաց. «Ոչ, չեմ»։ «Մարգարե՞ն ես դու»։ Նա պատասխանեց. «Ո՛չ»։
22 Արդ նրան ասացին. « Հապա ո՞վ ես, որ մեզ ուղարկողներին պատասխանենք. ի՞նչ ես ասում քո մասին»։
23 Ասաց. «Ես անապատում կանչողի ձայնն եմ. "Հարթե՛ք Տիրոջ ճանապարհը"», ինչպես Եսայի մարգարեն ասաց։
24 Եվ ուղարկվածները փարիսեցիներից էին։
25 Նրան հարցրին ու ասացին. «Հապա ինչո՞ւ ես մկրտում, եթե դու ո՛չ Քրիստոսն ես, ո՛չ Եղիան, ո՛չ էլ մարգարեն»։
26 Հովհաննեսը նրանց պատասխանեց. «Ես ջրով եմ մկրտում, բայց ձեր մեջ կա մեկը, որին դուք չեք ճանաչում։
27 Նա, որ գալիս է ինձանից հետո և որ ինձանից էլ առաջ է եղել, որի կոշիկների կապերն արձակելու արժանի չեմ ես»։
28 Այս բանը պատահեց Բեթանիայում՝ Հորդանանի մյուս կողմում, որտեղ Հովհաննեսը մկրտում էր։
29 Հաջորդ օրը Հովհաննեսը տեսավ Հիսուսին, որ գալիս էր իր մոտ, ու ասաց. «Ահա Աստծու Գառը, որ իր վրա է վերցնում աշխարհի մեղքը։
30 Սա է, որի մասին ես ասում էի. "Ինձանից հետո գալիս է մեկը, որ ինձանից մեծ է, որովհետև նա կար ինձանից առաջ։
31 Ես չէի ճանաչում նրան։ Սակայն որպեսզի նա հայտնի լինի Իսրայելին, դրա համար եկա ջրով մկրտելու"»։
32 Եվ Հովհաննեսը վկայեց ու ասաց. «Տեսնում էի Հոգին, որ աղավնու պես իջնում էր երկնքից և հանգչում նրա վրա։
33 Ես նրան չէի ճանաչում, բայց նա, ով ինձ ուղարկեց ջրով մկրտելու, ինձ ասաց. "Ում վրա տեսնես, որ Հոգին իջնում է ու մնում, նա՛ է Սուրբ Հոգով մկրտողը"։
34 Ու ես տեսա և վկայեցի, թե՝ "Սա է Աստծու Որդին"»։
35 Հաջորդ օրը Հովհաննեսը իր երկու աշակերտների հետ դարձյալ կանգնած էր։
36 Եվ տեսնելով Հիսուսին, որ գալիս էր, ասաց. «Ահա Աստծու Գառը»։
37 Եվ երկու աշակերտները նրանից լսեցին, ինչ որ ասաց, ու գնացին Հիսուսի հետևից։
38 Հիսուսը շրջվեց, տեսավ նրանց, որ գալիս էին իր հետևից, ու նրանց ասաց. «Ի՞նչ եք ուզում»։ Նրանք ասացին նրան. «Ռա՛բբի (որ նշանակում է "վարդապետ"), որտե՞ղ ես մնում»։
39 Նրանց ասաց. «Եկե՛ք ու տեսե՛ք»։ Եկան ու տեսան, թե որտե՛ղ էր մնում։ Այդ օրը նրա մոտ մնացին, որովհետև տասներորդ ժամն էր։
40 Սիմոն Պետրոսի եղբայրը՝ Անդրեասը, մեկն էր այն երկուսից, որոնք լսեցին Հովհաննեսից ու նրա հետևից գնացին։
41 Սա նախ գտնում է իր եղբայր Սիմոնին ու նրան ասում. «Գտանք Մեսիային (որ "Քրիստոս" է նշանակում)»։
42 Եվ նրան տարավ Հիսուսի մոտ։ Հիսուսը նրան նայեց ու ասաց. «Դու Սիմոնն ես՝ Հովնանի որդին, դու պիտի կոչվես Կեփաս (որ "Պետրոս" է նշանակում)»։
43 Հաջորդ օրը Հիսուսը ցանկացավ Գալիլեա գնալ։ Նա գտավ Փիլիպպոսին ու նրան ասաց. «Արի՛ իմ հետևից»։
44 Փիլիպպոսն էլ Բեթսայիդայից էր՝ Անդրեասի ու Պետրոսի քաղաքից։
45 Փիլիպպոսը գտավ Նաթանայելին ու նրան ասաց. «Գտանք նրան, ում մասին Մովսեսը օրենքի մեջ և մարգարեները գրել են։ Դա Հիսուսն է՝ Հովսեփի որդին Նազարեթից»։
46 Եվ Նաթանայելը նրան ասաց. «Հնարավո՞ր է, որ Նազարեթից որևէ լավ բան դուրս գա»։ Փիլիպպոսը նրան ասաց. «Արի՛ և տե՛ս»։
47 Հիսուսը տեսավ Նաթանայելին իր մոտ գալիս ու նրա մասին ասաց. «Ահա իսկական իսրայելացի, որի մեջ նենգություն չկա»։
48 Նաթանայելը նրան ասաց. «Որտեղի՞ց ես ճանաչում ինձ»։ Հիսուսը պատասխանեց նրան. «Նախքան Փիլիպպոսի՝ քեզ կանչելը տեսա քեզ՝ թզենու տակ կանգնած»։
49 Նաթանայելն ասաց. «Ռա՛բբի, դու ես Աստծու Որդին, դու ես Իսրայելի թագավորը»։
50 Հիսուսը պատասխանեց և նրան ասաց. «Հավատում ես, որովհետև քեզ ասացի, թե թզենու տակ տեսել եմ քեզ. դրանից է՛լ ավելի մեծ բաներ պիտի տեսնես»։
51 Եվ նրան ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. պիտի տեսնեք երկինքը բացված և Աստծու հրեշտակներին, որ բարձրանում և իջնում են Մարդու Որդու վրա»։