John 2
1 Երրորդ օրը Գալիլեայի Կանա քաղաքում հարսանիք կար։ Այնտեղ էր նաև Հիսուսի մայրը։
2 Հիսուսը և իր աշակերտները ևս հարսանիքի հրավիրվեցին։
3 Եվ երբ գինին պակասեց, Հիսուսի մայրը նրան ասաց. «Գինի չունեն»։
4 Հիսուսը նրան ասաց. «Դու ինձ հետ ի՞նչ գործ ունես, ո՛վ կին. իմ ժամանակը դեռ չի հասել»։
5 Նրա մայրն սպասավորներին ասաց. «Ինչ որ ձեզ ասի, արե՛ք»։
6 Հրեաների սրբվելու սովորության համաձայն՝ այնտեղ կային քարե վեց կարասներ, որոնցից յուրաքանչյուրը երկու կամ երեք մար էր տանում։
7 Հիսուսը նրանց ասաց. «Այդ կարասները ջրո՛վ լցրեք»։ Եվ բերնեբերան լցրեցին։
8 Եվ նրանց ասաց. «Հիմա վերցրե՛ք ու սեղանապետի՛ն տարեք»։ Նրանք տարան։
9 Եվ երբ սեղանապետը համտեսեց գինի դարձած ջուրը՝ չիմանալով, թե որտեղի՛ց է (բայց սպասավորները, որ ջուր էին լցրել, գիտեին), կանչեց փեսային
10 և նրան ասաց. «Ամեն մարդ նախ լավ գինին է մատուցում, և երբ հարբում են, այն ժամանակ՝ վատը։ Իսկ դու լավ գինին մինչև հիմա պահել ես»։
11 Գալիլեայի Կանա քաղաքում դրվեց Հիսուսի կատարած հրաշքների սկիզբը։ Այսպես նա հայտնեց իր փառքը, և նրա աշակերտները հավատացին նրան։
12 Դրանից հետո Հիսուսն իջավ Կափառնաում իր մոր, իր եղբայրների ու աշակերտների հետ, և մի քանի օր մնացին այնտեղ։
13 Մոտենում էր հրեաների Զատիկը։ Հիսուսը բարձրացավ Երուսաղեմ։
14 Եվ տաճարում տեսավ արջառներ, ոչխարներ ու աղավնիներ վաճառողների, ինչպես նաև լումայափոխների, որոնք նստած էին։
15 Հիսուսը պարանից խարազան շինեց ու բոլորին տաճարից դուրս հանեց, նաև ոչխարներն ու արջառները, իսկ լումայափոխների դրամները ցրիվ տվեց և սեղանները շուռ տվեց։
16 Նա աղավնեվաճառներին ասաց. «Դրանք այստեղից վերցրե՛ք և իմ Հոր տունը վաճառատուն մի՛ դարձրեք»։
17 Եվ նրա աշակերտները հիշեցին, որ գրված է. «Քո տան նկատմամբ նախանձախնդրությունն ինձ պիտի ուտի» ։
18 Հրեաները նրան հարցրին. «Ի՞նչ նշան կարող ես մեզ ցույց տալ, որ իրավունք ունես այդ անելու»։
19 Հիսուսը նրանց պատասխանեց և ասաց. «Քանդե՛ք այս տաճարը, և երեք օրում ես կվերականգնեմ այն»։
20 Հրեաներն ասացին. «Այս տաճարը քառասունվեց տարում է կառուցվել, իսկ դու երեք օրո՞ւմ այն կվերականգնես»։
21 Բայց նա իր մարմնի տաճարի մասին էր խոսում։
22 Իսկ երբ նա մեռելներից հարություն առավ, նրա աշակերտները հիշեցին, որ սրա մասին էր խոսում, և հավատացին Սուրբ Գրքին և Հիսուսի ասած խոսքին։
23 Երբ Հիսուսը Զատկի տոնին Երուսաղեմում էր, շատ մարդիկ հավատացին նրա անվանը՝ տեսնելով նրա գործած հրաշքները։
24 Բայց Հիսուսը նրանց չէր վստահում, որովհետև ինքը բոլորին ճանաչում էր։
25 Եվ կարիք չկար, որ մեկը մարդու մասին վկայեր, որովհետև ինքը գիտեր՝ ի՛նչ կար մարդու մեջ։