Bible

Transform

Your Worship Experience with Great Ease

Try RisenMedia.io Today!

Click Here

Job 40

:
Armenian - 2018
1 Տերը, Հոբին պատասխանելով, ասաց.
2 «Ամենակարողի հետ վիճողը պիտի կարողանա՞ նրան մեղադրել. Աստծուն հանդիմանողը թող պատասխանի»։
3 Հոբը պատասխանեց Տիրոջը և ասաց.
4 «Ահա ես նվաստ եմ։ Ի՞նչ պատասխանեմ. ձեռքս բերանիս եմ դնում։
5 Մեկ անգամ խոսել եմ, այլևս չեմ պատասխանի և երկրորդ անգամ չեմ կրկնի»։
6 Տերը փոթորկի միջից պատասխան տվեց Հոբին ու ասաց.
7 «Հիմա քաջազունի պես մեջքդ գոտեպնդի՛ր, որ քեզ հարցնեմ, և դու ինձ իմացնես։
8 Հիրավի պիտի խափանե՞ս իմ դատաստանը, ինձ հանցավո՞ր անես, որպեսզի ինքդ արդարանաս։
9 Կամ թե Աստծու նման բազո՞ւկ ունես ու կարո՞ղ ես քո ձայնով նրա պես որոտալ։
10 Հիմա զարդարվի՛ր փառքով ու մեծությամբ, զգեստավորվի՛ր պատվով և մեծափառությամբ,
11 Թափի՛ր բարկությանդ եռանդը ու նայի՛ր ամեն հպարտի և խոնարհեցրո՛ւ նրան.
12 Նայի՛ր ամեն հպարտի, նվաստացրո՛ւ նրան և ամբարիշտներին ոտնակո՛խ արա իրենց տեղում.
13 Նրանց միասին թաղի՛ր հողի մեջ, նրանց երեսները կապի՛ր ծածկոցով.
14 Այն ժամանակ ես էլ քեզ կգովեմ, որ քո աջ ձեռքը կարող է փրկել քեզ։
15 Ահա Բեհեմովթը, որին ես քեզ հետ ստեղծեցի, խոտն արջառի պես է ուտում։
16 Ահա նրա ուժն իր մեջքում է, նրա զորությունն իր փորի մկանների մեջ է։
17 Նա իր պոչը շարժում է եղևնու նման. նրա ազդրերի ջղերը հյուսված են։
18 Նրա ոսկորները պղնձյա խողովակներ են. նրա ոսկորները երկաթյա ձողեր են։
19 Նա Աստծու գործերի սկիզբն է. նրա Արարիչը նրան կմոտեցնի իր սուրը։
20 Որովհետև սարերը կերակուր են բերում նրա համար, և դաշտի բոլոր գազանները խաղում են այնտեղ։
21 Նա պառկում է ստվերախիտ ծառերի տակ՝ եղեգների ստվերում և ճահիճներում։
22 Նրան ստվերախիտ ծառերի հովանիներն են ծածկում. նրան հեղեղատների ուռենիներն են շրջապատում։
23 Երբ գետը վարարում է, ահա նա չի վրդովվում. նա ապահով է, եթե Հորդանանն էլ հորդի դեպի նրա բերանը։
24 Որևէ մեկը կարո՞ղ է նրան բռնել, երբ նա բաց աչքերով դիտում է, կամ նրան որոգայթի մեջ բռնելով՝ նրա քիթը ծակել»։