Job 36
1 Եղիուսը շարունակելով ասաց.
2 «Մի փոքր համբերի՛ր, որ քեզ տեղեկացնեմ, որովհետև Աստծու մասին դեռ էլի խոսք կա։
3 Ես իմ իմացածը հեռվից պիտի բերեմ և իմ Արարչին արդարություն պիտի ընծայեմ։
4 Որովհետև իմ խոսքը սուտ չէ. քեզ մոտ գիտությամբ կատարյալ մեկը կա։
5 Ահա Աստված հզոր է, բայց չի արհամարհի. նա հզոր է իր հասկացողության կարողությամբ։
6 Նա ամբարիշտին չի ապրեցնի և իրավունքը նեղյալներին կտա։
7 Նա իր աչքերն արդարից ետ չի քաշի, այլ թագավորների հետ, նրանց աթոռի վրա էլ կդնի, և նրանք հավիտյան կբարձրանան։
8 Եվ եթե նրանք շղթաներով կապված լինեն ու թշվառության պարաններով բռնվեն,
9 Այն ժամանակ նրանց կհայտնի իրենց արարքները և հանցանքը, որ իրենք իրենց մեծարել էին։
10 Նրանց ականջը խրատին բաց կանի ու կպատվիրի, որ իրենց անօրենությունից ետ կանգնեն։
11 Եթե լսեն ու հնազանդվեն, իրենց օրերը բարով կվերջացնեն, իրենց տարիները՝ ուրախությամբ։
12 Բայց եթե չլսեն, սրի կքաշվեն և առանց գիտության կմեռնեն։
13 Սրտով անաստվածները բարկություն կդիզեն, օգնության աղաղակ չեն բարձրացնի, երբ իրենց կապի։
14 Նրանց անձը երիտասարդ տարիքում կվախճանվի, ու նրանց կյանքը՝ իգացողների հետ։
15 Նա աղքատին կազատի իր թշվառության ժամանակ, բռնությամբ կբացի նրանց ականջը։
16 Քեզ էլ նեղության երախից մի ընդարձակ տեղ կհաներ, որտեղ նեղություն չկա, ու քո սեղանի վրա դրվածը պարարտալից կլիներ։
17 Բայց դու լեցուն ես ամբարիշտների դատաստանով. դատաստանը և իրավունքը բռնելու են քեզ։
18 Զգո՛ւյշ եղիր, բարկությունը քեզ չհրապուրի ծաղրելու. այն ժամանակ մեծ փրկանքը քեզ չի ազատի։
19 Մի՞թե նա քո հարստությունը բանի տեղ կդնի, ո՛չ ոսկին, ո՛չ էլ քո ամբողջ զորությունը։
20 Մի՛ տենչա այն գիշերին, որ ժողովուրդներին կտեղահանի։
21 Զգուշացի՛ր, որ դեպի անօրենություն չդառնաս, որովհետև դու սա նեղություն քաշելուց նախընտրեցիր։
22 Տե՛ս, Աստված իր զորությամբ բարձր է. նրա պես ուսուցանող ո՞վ կա։
23 Նրա համար նրա ճանապարհն ո՞վ որոշեց, և ո՞վ կհամարձակվի ասել. “Անիրավություն արեցիր”։
24 Մի՛տք արա, որ մեծարես նրա գործերը, որ մարդիկ երգերով փառաբանել են։
25 Ամեն մարդ տեսնում է նրա արածները. մարդը հեռվից է դիտում։
26 Ահա Աստված մեծ է, ու մենք չգիտենք. նրա տարիների թիվն անքննելի է։
27 Որովհետև նա ջրի կաթիլները քաշում է և նրա գոլորշուց անձրև է թափում,
28 Որ ամպերն են տեղում, առատորեն մարդկանց վրա կաթեցնում։
29 Ո՞վ կարող է հասկանալ, թե ինչպե՛ս է տարածում ամպերը և կամ ինչպե՛ս է որոտում իր վրանից։
30 Ահա նա իր կայծակի լույսը տարածում է իր շուրջը և ծածկում ծովի խորությունը։
31 Որովհետև ազգերին դրանցով է դատում և առատորեն ուտելիք շնորհում։
32 Նա իր ձեռքերում կայծակն է ծածկում և այն դեպի նշանակետն ուղղում։
33 Փոթորկի մասին նրա շառաչյունն է ազդարարում. անգամ հոտերը գիտեն նրա մոտենալը»։