Bible

Create

Inspiring Presentations Without Hassle

Try Risen Media.io Today!

Click Here

Job 22

:
Armenian - 2018
1 Եղիփազ Թեմանացին պատասխանեց.
2 «Մի՞թե մարդն Աստծու համար օգտակար է. խելացին միայն իր համար է օգտակար։
3 Ամենակարողին հաճելի կլինի՞, եթե արդար լինես, կամ շահ կլինի՞, եթե քո ճանապարհներն ուղիղ անես։
4 Մի՞թե աստվածավախության համար է քեզ հանդիմանում և քո դեմ ամբաստանություններ անում։
5 Չէ՞ որ քո չարությունը շատ է, ու քո հանցանքներին վերջ չկա։
6 Որովհետև դու քո եղբորից զուր տեղը գրավ էիր վերցնում և մերկերի հագուստներն էիր հափշտակում։
7 Ծարավին ջուր չէիր խմեցնում ու սովածից հացը խնայում էիր։
8 Երկիրն ուժեղ մարդունն էր, և պատվավորն էր այնտեղ բնակվում։
9 Որբևայրիներին դատարկ էիր ճանապարհ դնում, ու որբերի բազուկները կոտրվում էին։
10 Դրա համար քո շուրջը որոգայթներ կան, և հանկարծահաս վախը քեզ զարհուրեցրել է։
11 Կամ թե խավարի պատճառով չես տեսնում, և ջրերի շատությունը քեզ ծածկել է։
12 Մի՞թե Աստված երկնքի բարձրերում չէ։ Աստղերի բարձրությա՛նը նայիր. ի՜նչ բարձր են։
13 Բայց դու ասում ես. “Աստված ի՞նչ գիտե. խավար մառախուղի միջի՞ց պիտի դատի։
14 Ամպերը նրա համար ծածկույթ են, ու նա չի նկատի. երկնքի կամարի վրա է շրջում”։
15 Մի՞թե վաղեմի ճանապարհն ես պահում, որով անօրեն մարդիկ գնացին,
16 Որոնք ժամանակից շուտ հափշտակվեցին. գետը տարավ նրանց հիմքերը,
17 Ովքեր Աստծուն ասում էին. “Հեռացի՛ր մեզանից”, “Ամենակալը մեզ ի՞նչ է կարող է անել”,
18 Բայց նա բարիքով էր լցրել նրանց տները։ Ամբարիշտների խորհուրդը թող ինձանից հեռու լինի։
19 Արդարները պիտի տեսնեն և ուրախանան, իսկ անմեղները նրանց պիտի ծաղրեն՝
20 Ասելով. “Մեր թշնամիները ճշմարիտ կորել են, ու նրանց մնացորդին կրակն է լափել իրավ”։
21 Աստծուն հնազանդվի՛ր և խաղաղության մե՛ջ եղիր նրա հետ. դրանով քեզ բարիք կգա։
22 Նրա բերանից ընդունի՛ր օրենքը և նրա խոսքերը սրտիդ մե՛ջ դիր։
23 Եթե Ամենակարողին վերադառնաս, կբարգավաճես, եթե անիրավությունն էլ քո վրանից հեռացնես։
24 Եթե ոսկու կտորի հետ հողի պես վարվես, Ոփիրի ոսկու հետ էլ՝ հեղեղատների քարերի պես,
25 Այն ժամանակ Ամենակարողը կլինի քո ոսկու կտորն ու քո փայլուն արծաթը։
26 Որովհետև այն ժամանակ Ամենակարողով կցնծաս ու դեմքդ դեպի Աստված կբարձրացնես։
27 Դու նրան կաղաչես, ու նա քեզ կլսի. քո ուխտերը կկատարես։
28 Մտադրություն ունենաս, դա քեզ կհաջողվի. քո ճանապարհների վրա լույս կծագի։
29 Երբ մեկին ցածրացնեն, դու կասես՝ բարձրությո՜ւն, և խոնարհ մարդուն նա կփրկի։
30 Նա նույնիսկ անմեղ չեղողին կազատի. նա քո ձեռքերի մաքրությամբ կազատվի»։