Job 14
1 «Կնոջից ծնված մարդը կարճ կյանք ունի և նեղությամբ լիքն է։
2 Ծաղկի պես ծլում և թառամում է, ստվերի պես փախչում է, չի մնում։
3 Մանավանդ մի այսպիսի մեկի վրա էլ ես աչքերդ բացում և ինձ քեզ հետ դատաստան ես տանում։
4 Ո՞վ կարող է անմաքուրից մաքուր մի բան դուրս բերել. ոչ մեկը չի կարող։
5 Որովհետև նրա օրերը որոշված են, նրա ամիսների թիվը քեզ մոտ է, սահման ես դրել նրա համար, որ նա չի անցնի։
6 Ուրեմն երեսդ նրանից շրջի՛ր, որ հանգստանա, մինչև որ իր օրը վարձկանի պես լրացնի։
7 Որովհետև ծառն էլ դեռևս հույս ունի. եթե կտրվի, դարձյալ կծլի, ու նրա ճյուղերը չեն պակասի։
8 Թեկուզ նրա արմատը հողում ծերացած լինի, ու նրա բունը՝ փոշու մեջ մեռած,
9 Ջրի հոտից էլ դարձյալ կծաղկի և նոր տնկվածի պես ճյուղեր կարձակի։
10 Բայց մարդը մեռնում է և անհետանում, իր վերջին շունչը կփչի և այլևս գոյություն չունի։
11 Ջրերը ծովակից հոսում են, և գետը չորանում-ցամաքում է։
12 Այդպես էլ մարդը պառկում է ու վեր չի կենում։ Մինչև երկինքն էլ չլինի, վեր չեն կենա և իրենց քնից չեն զարթնի։
13 Երանի՜ թե ինձ դժոխքում ծածկեիր, մինչև քո բարկությունն անցնելը թաքցնեիր, ինձ համար ժամանակ որոշեիր ու հետո ինձ հիշեիր։
14 Եթե մարդը մեռել է, մի՞թե կկենդանանա։ Ծանր ծառայությանս բոլոր օրերին սպասելու եմ, մինչև որ իմ նորոգվելը գա։
15 Դու պիտի կանչես, և ես պատասխան պիտի տամ, և դու քո ձեռքի գործը եղող արարածին՝ ինձ, պիտի հավանեիր։
16 Այն ժամանակ դու իմ քայլերը պիտի հաշվես, բայց իմ մեղքերը չես քննի։
17 Իմ մեղքը ծրարի մեջ կնքված է, և դու իմ հանցանքը պիտի ծածկես։
18 Մինչև անգամ սարն ընկնում փշրվում է, ապառաժը՝ իր տեղից փոխադրվում,
19 Ջրերը մաշեցնում են քարերը, նրա հոսանքները սրբում են երկրի հողը, դու էլ կործանում ես մարդու հույսը։
20 Դու նրան իսպառ ընկճում ես, ու նա գնում է։ Նրա դեմքը փոխելով՝ նրան բաց ես թողնում։
21 Նրա որդիները պատիվ ունեն, ինքը չգիտե, կամ անարգ են, ինքը նրանց չի տեսնում։
22 Մարդը միայն իր մարմնի ցավն է զգում, ու նրա հոգին նրա մեջ տրտմում է»։