Job 13
1 «Այդ ամենն իմ աչքը տեսել է, ականջս՝ լսել ու հասկացել։
2 Ձեր իմացածի չափ ես էլ գիտեմ. ես ձեզանից պակաս չեմ։
3 Բայց ես կուզենայի Ամենակարողի հետ խոսել ու կցանկանայի Աստծու մոտ դատս պաշտպանել։
4 Սակայն դուք ստեր հորինողներ եք, դուք ամենքդ փուչ բժիշկներ եք։
5 Երանի՜ բոլորովին լռեիք, և դա ձեզ համար իմաստություն կհամարվեր։
6 Լսեցե՛ք, խնդրեմ, իմ պատճառաբանությունը և իմ շրթունքների փաստերին ակա՛նջ դրեք։
7 Աստծո՞ւ համար եք անիրավություններ խոսում, նրա՞ համար եք խաբեություններ խոսում։
8 Մի՞թե նրան եք կողմնակալություն անում կամ Աստծո՞ւ համար եք փաստաբանում։
9 Լա՞վ կլինի, որ նա ձեզ քննի, կամ նրան խաբել կարո՞ղ եք, ինչպես մարդուն են խաբում։
10 Նա ձեզ անպայման կհանդիմանի, եթե թաքուն էլ կողմնակալություն անեք։
11 Մի՞թե նրա վեհությունը ձեզ չի զարհուրեցնելու, և նրա երկյուղը ձեզ վրա չի ընկնելու։
12 Ձեր հիշատակելի խոսքերը մոխրի առակներ են, ձեր պատնեշները՝ ցեխից պատնեշներ։
13 Ինձ մոտ լո՛ւռ մնացեք, որ ես խոսեմ, և ինչ որ լինի, ինձ վրա՛ թող գա։
14 Մարմինս ինչո՞ւ ատամներիս մեջ առնեմ, կյանքս էլ ափիս մեջ դնեմ։
15 Տե՛ս, թե որ ինձ սպանի էլ, ես իրեն եմ հուսալու. միայն թե նրա առաջ իմ ճանապարհները պաշտպանեմ։
16 Նաև այն է իմ փրկությունը, որ անաստվածը նրա առաջ չի գա։
17 Իմ խոսքը լա՛վ լսեցեք, և իմ ասածը ձեր ականջներին թող հասնի։
18 Ահա ես դատս կարգի եմ բերել, գիտեմ, որ արդար եմ լինելու։
19 Ո՞վ է, որ ինձ հետ կվիճի, որովհետև այն ժամանակ պիտի լռեի ու մեռնեի։
20 Միայն այս երկու բաները մի՛ արա ինձ. այն ժամանակ քո երեսից չեմ թաքնվի։
21 Ձեռքդ ինձանից հեռացրո՛ւ, և քո երկյուղն ինձ թող չզարհուրեցնի։
22 Հետո կանչի՛ր, ու ես կպատասխանեմ, կամ ես կխոսեմ, և դու պատասխա՛ն տուր։
23 Իմ անօրենությունները և մեղքերն ինչքա՞ն են. իմ հանցանքն ու մեղքն ինձ իմացրո՛ւ։
24 Երեսդ ինչո՞ւ ես ծածկում և ինձ քեզ թշնամի համարում։
25 Մի՞թե քամուց քշված տերևին ես վախեցնում կամ չոր մղեղին ես հալածում։
26 Որովհետև դու իմ դեմ դառը բաներ գրեցիր և իմ երիտասարդ ժամանակվա հանցանքներն ինձ ժառանգություն ես տալիս։
27 Եվ ոտքերս կոճղի մեջ ես դնում ու քննում իմ բոլոր ճանապարհները, ոտքիս քայլերին սահմաններ ես դնում։
28 Այնպես մարդը փտածի պես վայր է ընկնում, ցեցը կերած հագուստի պես մաշվում է»։