Bible

Designed

For Churches, Made for Worship

Try RisenMedia.io Today!

Click Here

Genesis 50

:
Armenian - 2018
1 Հովսեփն ընկավ իր հոր երեսին, լաց եղավ նրա վրա և համբուրեց նրան։
2 Հովսեփն իր բժիշկ ծառաներին հրամայեց, որ զմռսեն իր հորը, և բժիշկները զմռսեցին Իսրայելին։
3 Լրացան նրա քառասուն օրերը, որովհետև այդքան օր պետք է զմռսման համար։ Եգիպտացիները յոթանասուն օր սգացին նրա համար։
4 Երբ նրա սգի օրերն անցան, Հովսեփը խոսեց փարավոնի տան հետ՝ ասելով. «Եթե հիմա շնորհ գտա ձեր առաջ, խնդրում եմ, դիմե՛ք փարավոնին և ասացե՛ք, որ
5 իմ հայրը երդվեցրեց ինձ՝ ասելով. “Ահա ես մեռնում եմ. ինձ կթաղես իմ գերեզմանում, որ ես փորել եմ ինձ համար Քանանի երկրում”։ Այժմ թող գնամ թաղեմ իմ հորն ու վերադառնամ»։
6 Փարավոնն ասաց. «Ելի՛ր և թաղի՛ր քո հորը, ինչպես որ երդվեցրել է քեզ»։
7 Հովսեփը ելավ թաղելու իր հորը, և նրա հետ ելան փարավոնի բոլոր ծառաները, նրա տան ծերերը, Եգիպտոսի երկրի բոլոր ծերերը,
8 նաև Հովսեփի ամբողջ ընտանիքը, նրա եղբայրները և նրա հոր ընտանիքը։ Գեսեմի երկրում թողեցին միայն իրենց երեխաներին, իրենց հոտերն ու արջառները։
9 Նրա հետ ելան կառքեր ու ձիավորներ, և կազմվեց մի շատ մեծ բազմություն։
10 Եկան Ատադի կալը, որ Հորդանանի մյուս կողմում է, և այնտեղ մեծ ու սաստիկ լացով ողբացին, և յոթ օր սուգ արեց իր հոր համար։
11 Այդ երկրի բնակիչ քանանացիները, երբ տեսան Ատադի կալում եղած սուգը, ասացին. «Սա եգիպտացիների մի մեծ սուգ է»։ Դրա համար այդ տեղի անունը դրեցին Աբելմիսրայիմ, որ Հորդանանի մյուս կողմում է։
12 Եվ նրա որդիներն այնպես արեցին, ինչպես որ նա պատվիրել էր։
13 Նրա որդիները նրան տարան Քանանի երկիրը և թաղեցին նրան Մամբրեի կաղնու դիմաց՝ Մաքփելայի արտի քարայրում, որ Աբրահամը գնել էր արտի հետ միասին քետացի Եփրոնից՝ որպես կալվածք գերեզմանի համար։
14 Հովսեփն իր հորը թաղելուց հետո վերադարձավ Եգիպտոս, ինքը, իր եղբայրները և այն բոլորը, որ բարձրացել էին իր հետ իր հորը թաղելու համար։
15 Երբ Հովսեփի եղբայրները տեսան, որ իրենց հայրը մեռավ, ասացին. «Գուցե Հովսեփն ատի մեզ և մեզ հատուցի այն բոլոր չարիքների համար, որ մենք արեցինք իրեն»։
16 Նրանք պատգամավոր ուղարկեցին Հովսեփի մոտ՝ ասելով. «Քո հայրը մեռնելուց առաջ պատվիրեց և ասաց. “Այսպե՛ս ասացեք Հովսեփին.
17 "Հիմա շնո՛րհ արա քո եղբայրներին, ների՛ր նրանց հանցանքն ու մեղքը, որովհետև քեզ չարություն արեցին"”։ Հիմա աղաչում ենք, ների՛ր քո հոր Աստծու ծառաների հանցանքը»։ Հովսեփը լաց եղավ իրեն ասված նրանց այս խոսքերի համար։
18 Նրա եղբայրներն էլ գնացին, խոնարհվեցին նրա առաջ և ասացին. «Ահա մենք քո ծառաներն ենք»։
19 Հովսեփն ասաց նրանց. «Մի՛ վախեցեք, մի՞թե ես Աստծու փոխանորդն եմ։
20 Թեպետ դուք խորհեցիք իմ դեմ չարիք գործել, բայց Աստված խորհեց այն փոխել բարիքի, որպեսզի աներ այն, ինչ եղավ այսօր, այսինքն՝ շատ ժողովուրդ ապրեցներ։
21 Եվ հիմա մի՛ վախեցեք, ես կկերակրեմ ձեզ ու ձեր երեխաներին»։ Եվ մխիթարեց նրանց ու քաղցրությամբ խոսեց։
22 Հովսեփը բնակվեց Եգիպտոսում, ինքը և իր հոր տունը։ Նա ապրեց հարյուր տասը տարի։
23 Հովսեփը տեսավ Եփրեմի որդիների մինչև երրորդ սերունդը։ Մանասեի որդի Մաքիրի որդիներն էլ ծնվեցին Հովսեփի ծնկներին։
24 Հովսեփն ասաց իր եղբայրներին. «Ահա ես մեռնում եմ. Աստված անպայման կայցելի ձեզ, կհանի ձեզ այս երկրից և կտանի այն երկիրը, որ երդվեց տալ Աբրահամին, Իսահակին և Հակոբին»։
25 Հովսեփը երդում անել տվեց Իսրայելի որդիներին՝ ասելով. «Աստված անպայման կայցելի ձեզ. իմ ոսկորներն այստեղից հանե՛ք»։
26 Հովսեփը մեռավ հարյուր տասը տարեկան հասակում։ Նրան զմռսեցին ու դրեցին մի տապանի մեջ Եգիպտոսում։