Genesis 49
1 Հակոբը կանչեց իր որդիներին և ասաց. «Հավաքվե՛ք, որ ձեզ հայտնեմ, ինչ որ պատահելու է ձեզ գալիք օրերին։
2 Հավաքվե՛ք և լսե՛ք, ո՛վ Հակոբի որդիներ. լսե՛ք ձեր հորը՝ Իսրայելին։
3 Ո՛վ Ռուբեն, իմ անդրանի՛կ որդի, դու իմ ուժն ու սկիզբը իմ զորության՝ գերազանց արժանիքով և գերազանց կարողությամբ։
4 Ջրի պես եռացիր. Գերապատիվ չես լինի, քանզի քո հոր անկողինը բարձրացար Եվ այն պղծեցիր։
5 Շմավոնն ու Ղևին եղբայրներ են. Բռնության գործիքներ են նրանց սրերը։
6 Նրանց խորհուրդների մեջ թող չմտնի իմ անձը, նրանց ժողովին չմիանա իմ փառքը, քանզի իրենց բարկությամբ մարդ սպանեցին և իրենց քմահաճույքով ցուլի ջիղ կտրեցին։
7 Անիծյալ լինի նրանց բարկությունը, քանզի կատաղի էր. անիծյալ լինի ցասումը նրանց, քանզի խիստ էր։ Կբաժանեմ նրանց Հակոբի մեջ Եվ կցրեմ Իսրայելի մեջ։
8 Ո՛վ Հուդա, քեզ կգովեն քո եղբայրները. ձեռքդ քո թշնամիների պարանոցի վրա թող լինի, երկրպագություն անեն քեզ քո հոր որդիները։
9 Հուդան առյուծի ձագ է, որդյա՛կ իմ, կողոպուտից ելար. ծալեց ծնկները, պառկեց առյուծի պես, մատակ առյուծի պես. ո՞վ կարթնացնի նրան։
10 Չի պակասելու իշխանությունը Հուդայից, ոչ էլ օրենսդիրը՝ նրա երանքից, մինչև որ գա Սելովը. և նրա՛ն են հնազանդվում ժողովուրդները։
11 Նա իր ավանակին որթից կկապի և ազնիվ որթից՝ իր էգ էշի քուռակին. իր պատմուճանը կլվա գինով և իր հանդերձը՝ խաղողի արյամբ։
12 Գինուց կարմիր կլինեն իր աչքերը, և ատամները՝ կաթից սպիտակ։
13 Զաբուղոնը կբնակվի ծովեզերքում, և նա կլինի նավահանգիստը, և նրա սահմանը կհասնի մինչև Սիդոն։
14 Իսաքարն ամրապինդ մի էշ է, Պառկում է գոմերի մեջտեղում.
15 Տեսնելով, որ հանգստությունը լավ է, և երկիրը՝ գեղեցիկ, իր ուսը ծռեց՝ բեռ կրելու, և դարձավ հարկատու ծառա։
16 Դանը կդատի իր ժողովրդին Իսրայելի ցեղերից մեկի նման։
17 Դանը մի օձ կլինի ճանապարհի վրա, մի իժ՝ արահետի վրա. կծում է ձիու գարշապարը, Եվ հեծյալը վայր է ընկնում դեպի ետ։
18 Քո փրկությանն եմ սպասում, ո՛վ Տեր։
19 Գադի վրա կհարձակվի մի գունդ, Բայց ինքը կհետապնդի նրանց։
20 Ասերի հացը առատ է. Եվ ինքը կտա թագավորի համադամ կերակուրներ։
21 Նեփթաղիմն ազատ մի եղջերու է. նա գեղեցիկ ձագեր է տալիս ։
22 Մի պտղատու ոստ է Հովսեփը, մի պտղաբեր ոստ՝ աղբյուրի վրա. բողբոջները տարածվում են պատի վրա։
23 Աղեղնավորները վշտացրին նրան, նետահարեցին, ատեցին նրան։
24 Բայց նրա աղեղը հաստատուն մնաց, և ջլապինդ դարձան նրա ձեռքերը Հակոբի Հզորի ձեռքով. Այնտեղից է Հովիվը՝ Իսրայելի վեմը։
25 Քո հոր Աստծո՛ւց, որ օգնելու է քեզ, և Ամենակարողի՛ց, որ օրհնելու է քեզ, երկնային վերին օրհնություններով, ներքևում եղող անդունդի օրհնություններով և ստինքների ու արգանդի օրհնություններով։
26 Քո հոր օրհնություններով, որ զորացան հավերժական լեռների օրհնություններից, և հավիտենական բլուրների վայելչությունից բարձր, Հովսեփի գլխի վրա թող լինեն՝ իր եղբայրներից գերազանց եղողի գագաթի վրա։
27 Բենիամինը հոշոտող գայլ է. առավոտյան որսն է ուտում, երեկոյան՝ կողոպուտը բաժանում»։
28 Այս բոլորն Իսրայելի տասներկու ցեղերն են։ Սա է, որ նրանց հայրը խոսեց նրանց հետ, օրհնեց նրանց՝ յուրաքանչյուրին իր օրհնությամբ։
29 Եվ պատվիրեց նրանց և ասաց նրանց. «Ես պիտի միանամ իմ ժողովրդին. թաղե՛ք ինձ իմ հայրերի հետ այն քարայրում, որ քետացի Եփրոնի արտում է գտնվում.
30 այն այրի մեջ, որ Քանանի երկրում՝ Մամբրեի դիմաց եղող Մաքփելայի արտում է, որն Աբրահամը գնել էր քետացի Եփրոնից այն արտի հետ միասին՝ որպես կալվածք գերեզմանի համար։
31 Այնտեղ թաղեցին Աբրահամին ու նրա կնոջը՝ Սառային. այնտեղ թաղեցին Իսահակին ու նրա կնոջը՝ Ռեբեկային. և ես էլ այնտեղ թաղեցի Լիային։
32 Այդ արտը և այնտեղ գտնվող քարայրը գնվեցին Քետի որդիներից»։
33 Երբ Հակոբը վերջացրեց իր որդիներին պատվեր տալը, ոտքերը երկարեց անկողնում, հոգին ավանդեց և միացավ իր ժողովրդին։