Bible

Engage

Your Congregation Like Never Before

Try RisenMedia.io Today!

Click Here

Genesis 25

:
Armenian - 2018
1 Աբրահամը դարձյալ կին առավ։ Նրա անունը Քետուրա էր։
2 Սա նրա համար ծնեց Զեմրանին, Հեկսանին, Մադանին, Մադիանին, Հեսբոնին և Սովեին։
3 Հեկսանը ծնեց Սաբային և Դեդանին։ Դեդանի որդիներն էին Ասուրիմը, Լատուսիմը և Լովոմիմը։
4 Մադիանի որդիներն էին Գեփան, Ափերը, Ենոքը, Աբիդան և Ելդագան։ Սրանք բոլորը Քետուրայի որդիներն էին։
5 Աբրահամն իր ամբողջ ունեցվածքը տվեց Իսահակին,
6 իսկ իր հարճերի որդիներին Աբրահամն ընծաներ տվեց և քանի դեռ կենդանի էր, նրանց իր որդի Իսահակի մոտից ուղարկեց դեպի արևելք՝ արևելյան երկիրը։
7 Սրանք են Աբրահամի ապրած կյանքի տարիների օրերը, որ նա ապրեց. հարյուր յոթանասունհինգ տարի։
8 Աբրահամը, բարի ծերության մեջ, ալևորած և իր օրերից կշտացած, ավանդեց իր հոգին ու մեռավ և միացավ իր ժողովրդին։
9 Նրա որդիներ Իսահակն ու Իսմայելը թաղեցին նրան Մաքփելայի քարայրում՝ քետացի Սահառի որդի Եփրոնի արտում, որ գտնվում է Մամբրեի դիմաց.
10 այն արտը, որ Աբրահամը ծախու էր առել Քետի որդիներից. այդտեղ թաղվեցին Աբրահամը և նրա կին Սառան։
11 Աբրահամի մեռնելուց հետո Աստված օրհնեց նրա որդի Իսահակին։ Իսահակը բնակվում էր Լահայրոյի ջրհորի մոտ։
12 Սրանք են սերունդները Աբրահամի որդի Իսմայելի, որին ծնեց Սառայի աղախին եգիպտացի Հագարը Աբրահամի համար։
13 Իսմայելի որդիների անունները սրանք են՝ իրենց անուններով և իրենց ծնունդներով. Իսմայելի անդրանիկը՝ Նաբեոթ, հետո՝ Կեդար, Ադբեել, Մաբսամ,
14 Մասմա, Դումա, Մասսե,
15 Քոդադ, Թեմա, Հետուր, Նափես և Կեդմա։
16 Սրանք են Իսմայելի որդիները, և սրանք են նրանց անուններն ըստ իրենց վրանների և ըստ իրենց գյուղերի. որոնք իրենց ցեղերի տասներկու իշխաններն էին։
17 Սրանք են Իսմայելի ապրած կյանքի օրերը՝ հարյուր երեսունյոթ տարի։ Նա իր հոգին ավանդեց ու մեռավ և միացավ իր ժողովրդին։
18 Իսմայելացիները բնակվեցին Եվիլայից մինչև Սուր, որը Եգիպտոսի դիմաց է՝ Ասորեստան գնալու ճանապարհի վրա. իր բոլոր եղբայրների առջև բնակվեց։
19 Սրանք են Աբրահամի որդի Իսահակի սերունդները. Աբրահամը ծնեց Իսահակին։
20 Իսահակը քառասուն տարեկան էր, երբ իրեն կին առավ Միջագետքից ասորի Բաթուելի աղջկան՝ Ռեբեկային, որը ասորի Լաբանի քույրն էր։
21 Իսահակն աղաչեց Տիրոջը իր կնոջ համար, որն ամուլ էր։ Տերը լսեց նրա աղաչանքը, և նրա կին Ռեբեկան հղիացավ։
22 Եվ տղաները խաղում էին նրա արգանդում։ Եվ նա ասաց. «Եթե այսպես է, այս ինչո՞ւ եղավ ինձ»։ Եվ նա գնաց Տիրոջը հարցնելու։
23 Տերն ասաց նրան. «Երկու ազգեր կան քո արգանդում, և երկու ժողովուրդներ իրարից պիտի բաժանվեն քո որովայնից։ Եվ մի ժողովուրդն ավելի զորավոր կլինի մյուսից, և մեծը կծառայի փոքրին»։
24 Երբ հասան նրա ծննդաբերելու օրերը, նրա արգանդում ահա երկվորյակ էին։
25 Առաջինը դուրս ելավ կարմրագույն. ամբողջ մարմինը մազոտ վերարկուի պես էր, և նրա անունը Եսավ դրեցին։
26 Նրանից հետո ելավ նրա եղբայրը՝ ձեռքով Եսավի գարշապարից բռնած։ Սրա անունը Հակոբ դրեցին։ Նրանց ծնվելու ժամանակ Իսահակը վաթսուն տարեկան էր։
27 Մանուկները մեծացան. Եսավը վարպետ որսորդ՝ դաշտի մարդ եղավ, իսկ Հակոբը հանդարտ մարդ էր և բնակվում էր վրանների մեջ։
28 Իսահակը սիրում էր Եսավին, որովհետև որս էր ուտում, իսկ Ռեբեկան սիրում էր Հակոբին։
29 Մի օր Հակոբը ապուր էր եփում։ Եսավը դաշտից վերադարձավ քաղցից թուլացած։
30 Եսավն ասաց Հակոբին. «Խնդրում եմ, տո՛ւր ուտեմ այդ կարմիր ապուրից, որովհետև թուլացել եմ»։ Դրա համար նրան կոչեցին Եդովմ անունով։
31 Հակոբն ասաց. «Ծախի՛ր ինձ այսօր քո անդրանիկությունը»։
32 Եսավն ասաց. «Ես մեռնելու վրա եմ, իմ ինչի՞ն է պետք անդրանիկությունը»։
33 Հակոբն ասաց. «Այսօր երդվի՛ր ինձ»։ Նա երդվեց և իր անդրանիկությունը ծախեց Հակոբին։
34 Եվ Հակոբը Եսավին տվեց հաց և ոսպապուր։ Նա կերավ, խմեց և վեր կացավ ու գնաց։ Եսավն անարգեց անդրանիկությունը։