Bible

Power Up

Your Services with User-Friendly Software

Try RisenMedia.io Today!

Click Here

Genesis 24

:
Armenian - 2018
1 Աբրահամը ծեր էր և իր օրերն անցկացրած։ Տերն ամեն բանում օրհնել էր Աբրահամին։
2 Աբրահամն ասաց իր ծառային՝ իր տան ավագին, որ իր ամբողջ ունեցվածքի վերակացուն էր. «Ձեռքդ դի՛ր իմ երանքի տակ,
3 և ես քեզ երդում եմ տալիս Տիրոջով՝ երկնքի Աստծով և երկրի Աստծով, որ իմ որդու համար կին չես առնի քանանացիների աղջիկներից, որոնց մեջ բնակվում եմ ես,
4 այլ կգնաս իմ երկիրն ու իմ ազգականների մոտ և իմ որդի Իսահակի համար կին կառնես»։
5 Ծառան ասաց նրան. «Գուցե այդ կինը չուզենա իմ ետևից այս երկիրը գալ. արդյոք քո որդուն տանե՞մ այն երկիրը, որտեղից դու դուրս ես եկել»։
6 Աբրահամն ասաց նրան. «Զգուշացի՛ր, որ իմ որդուն չվերադարձնես այնտեղ։
7 Տերը՝ երկնքի Աստվածը, որ ինձ հանեց իմ հոր տնից և իմ ծննդավայրից, որ խոսեց ինձ հետ և երդվեց ինձ՝ ասելով, թե՝ “Քո սերնդին եմ տալու այդ երկիրը”, նա իր հրեշտակին կուղարկի քո առաջ, և դու այնտեղից կին կառնես իմ որդու համար։
8 Իսկ եթե կինը չուզենա քո ետևից գալ, այն ժամանակ դու իմ այս երդումից անպարտ կլինես, միայն թե իմ որդուն այնտեղ չվերադարձնես»։
9 Եվ ծառան իր ձեռքը դրեց իր տիրոջ՝ Աբրահամի երանքի տակ և երդվեց նրան այդ բանի համար։
10 Ծառան իր տիրոջ ուղտերից տասը ուղտ առավ ու գնաց, ըստ որում իր տիրոջ բոլոր բարիքներն իր ձեռքում էին։ Նա ելավ գնաց Միջագետք՝ Նաքորի քաղաքը։
11 Երեկոյան դեմ ուղտերին նստեցրեց քաղաքից դուրս՝ մի ջրհորի մոտ, երբ կանայք դուրս են գալիս ջրհորից ջուր քաշելու։
12 Եվ ասաց. «Ո՛վ Տեր, իմ տիրոջ՝ Աբրահամի՛ Աստված, հանդիպեցրո՛ւ նրան ինձ այսօր և ողորմությո՛ւն արա իմ տիրոջը՝ Աբրահամին։
13 Ահա ես կանգնում եմ ջրի աղբյուրի մոտ. այս քաղաքի մարդկանց աղջիկները դուրս են գալիս ջուր հանելու։
14 Եվ լինի այն աղջիկը, որին ես ասեմ՝ “Իջեցրո՛ւ սափորդ, որ խմեմ”, և նա ասի, թե՝ “Խմի՛ր, և քո ուղտերին էլ կխմեցնեմ”, նա թող լինի քո ծառա Իսահակի համար սահմանածդ. դրանով էլ ես կիմանամ, որ ողորմություն արեցիր իմ տիրոջը»։
15 Երբ նա տակավին իր խոսքը չէր վերջացրել, ահա սափորն ուսին դուրս եկավ Ռեբեկան՝ Աբրահամի եղբայր Նաքորի Մեղքա կնոջ որդու՝ Բաթուելի աղջիկը։
16 Աղջիկը շատ գեղեցիկ տեսքով մի կույս էր, որին դեռ ոչ մի տղամարդ չէր մերձեցել։ Նա իջավ դեպի աղբյուրը, լցրեց իր սափորը և բարձրացավ վեր։
17 Ծառան վազեց նրան ընդառաջ և ասաց. «Խնդրեմ սափորիցդ ինձ մի քիչ ջո՛ւր տուր խմելու»։
18 Նա ասաց. «Խմի՛ր, տե՛ր իմ». և սափորն իսկույն իջեցրեց իր ձեռքի վրա ու խմեցրեց նրան։
19 Երբ վերջացրեց նրան ջուր տալը, ասաց. «Քո ուղտերի համար էլ ջուր հանեմ, մինչև որ բոլորը խմեն ու հագենան»։
20 Եվ սափորի ջուրն իսկույն թափեց ավազանի մեջ և դարձյալ վազեց ջրհորի մոտ՝ ջուր քաշելու, և նրա բոլոր ուղտերի համար ջուր քաշեց։
21 Բայց այն մարդը, զարմանալով նրա վրա, լուռ մտածում էր, թե արդյոք Տերն իր ճանապարհը հաջողեցրե՞լ է, թե՞ ոչ։
22 Երբ ուղտերը վերջացրին խմելը, մարդը կես սիկղ քաշով մի ոսկի օղակ առավ և նրա ձեռքերի համար երկու ապարանջան հանեց՝ տասը սիկղ քաշով ոսկի,
23 և հարցրեց. «Դու ո՞ւմ աղջիկն ես, ասա՛ ինձ. քո հոր տանը մեզ համար իջևանելու տեղ կա՞»։
24 Նա պատասխանեց. «Ես Մեղքայի և Նաքորի որդի Բաթուելի աղջիկն եմ»։
25 Նաև ասաց նրան. «Մենք հարդ և խոտ շատ ունենք, իջևանելու տեղ էլ»։
26 Մարդը խոնարհվեց, երկրպագություն արեց Տիրոջը և ասաց.
27 «Օրհնյալ լինի իմ տիրոջ՝ Աբրահամի Տեր Աստվածը, որ իր ողորմությունից ու ճշմարտությունից չի զրկում իմ տիրոջը։ Երբ ճանապարհ էի դուրս եկել, Տերն ինձ առաջնորդեց իմ տիրոջ եղբայրների տունը»։
28 Աղջիկը վազեց և այս բաները պատմեց իր մորը։
29 Ռեբեկան մի եղբայր ուներ՝ Լաբան անունով։ Լաբանը վազեց դուրս՝ դեպի աղբյուրը, այդ մարդու մոտ։
30 Որովհետև տեսնելով օղակն ու իր քրոջ ձեռքերի ապարանջանները և լսելով իր քույր Ռեբեկայի խոսքերը, թե՝ «Այսպես խոսեց ինձ հետ այդ մարդը»՝ այն մարդու մոտ եկավ, որ կանգնած էր ուղտերի կողքին՝ աղբյուրի մոտ,
31 և ասաց. «Արի՛, ո՛վ Տիրոջ օրհնյալ, ինչո՞ւ ես կանգնել դրսում։ Ես քեզ համար տունը և ուղտերի համար էլ տեղ եմ պատրաստել»։
32 Մարդը եկավ տուն. և քանդեց ուղտերի կապերը, հարդ ու խոտ տվեց ուղտերին և ջուր բերեց՝ նրա ոտքերը և նրա հետ եղողների ոտքերը լվանալու համար։
33 Նրա առաջ կերակուր դրեցին, որ ուտի, բայց նա ասաց. «Չեմ ուտի, մինչև չասեմ իմ ասելիքը»։ Լաբանն ասաց. «Խոսի՛ր»։
34 Եվ նա ասաց. «Ես Աբրահամի ծառան եմ։
35 Տերը շատ է օրհնել իմ տիրոջը, և նա մեծ մարդ է։ Նրան տվել է հոտեր ու արջառներ, արծաթ ու ոսկի, ծառաներ ու աղախիններ, ուղտեր ու էշեր։
36 Իր կինը՝ Սառան, ծերանալուց հետո իմ տիրոջ համար ծնեց մի որդի, որին տվեց իր ամբողջ ունեցվածքը։
37 Իմ տերն ինձ երդում անել տվեց՝ ասելով. “Իմ որդու համար կին չառնես քանանացիների աղջիկներից, որոնց երկրում բնակվում եմ ես,
38 այլ գնա՛ իմ հոր տունն ու իմ ազգատոհմի մոտ և կի՛ն առ իմ որդու համար”։
39 Ես ասացի իմ տիրոջը. “Գուցե այդ կինը չգա իմ ետևից”։
40 Նա ասաց. “Տերը, որի առաջ ես քայլում եմ, քեզ հետ կուղարկի իր հրեշտակին, քո ճանապարհը կհաջողվի, և իմ որդու համար կին կառնես իմ ազգատոհմից ու իմ հոր տնից։
41 Եվ այն ժամանակ անպարտ կլինես իմ երդումից։ Իսկ եթե գնաս իմ ազգատոհմի մեջ, և կին չտան, ինձ տված երդումից ազատ կլինես”։
42 Այսօր աղբյուրի մոտ եկա ու ասացի. “Ո՛վ Տեր, իմ տիրոջ՝ Աբրահամի՛ Աստված, եթե իմ այս ճանապարհը, որով ես գնում եմ, հաջողեցնելու ես,
43 ահա ես կկանգնեմ ջրի աղբյուրի մոտ. և այն աղջիկը, որ գա ջուր քաշելու, ու ես նրան ասեմ. "Քո սափորից ինձ մի քիչ ջո՛ւր տուր, որ խմեմ",
44 և նա էլ ինձ ասի. "Դո՛ւ էլ խմիր, քո ուղտերի համար էլ ջուր կքաշեմ", նա՛ թող լինի այն կինը, որին Տերը սահմանել է իմ տիրոջ որդու համար”։
45 Ես մտքումս տակավին չէի վերջացրել իմ խոսքը, ահա Ռեբեկան դուրս եկավ սափորն ուսին, իջավ աղբյուրը և ջուր քաշեց։ Ես ասացի նրան. “Ինձ ջո՛ւր տուր խմելու”։
46 Նա իր սափորն իսկույն իջեցրեց իր ուսի վրայից և ասաց. “Խմի՛ր, և քո ուղտերին էլ կխմեցնեմ”։ Ես խմեցի, և ուղտերին էլ խմեցրեց։
47 Հարցրի նրան. “Դու ո՞ւմ աղջիկն ես”։ Նա էլ ասաց. “Ես Մեղքայի և Նաքորի որդի Բաթուելի աղջիկն եմ”։ Այն ժամանակ օղակը նրա քթին, իսկ ապարանջանները նրա ձեռքերին անցկացրի։
48 Խոնարհվեցի ու երկրպագեցի Տիրոջը և օրհնեցի իմ տիրոջ՝ Աբրահամի Տեր Աստծուն, որն ինձ առաջնորդեց ուղիղ ճանապարհով, որպեսզի իմ տիրոջ եղբոր աղջկան իր որդու համար առնեմ։
49 Արդ, եթե իմ տիրոջը շնորհ և հավատարմություն եք անելու, հայտնե՛ք ինձ. իսկ եթե ոչ, ասացե՛ք ինձ, որպեսզի ես աջ կամ ձախ դառնամ»։
50 Լաբանը և Բաթուելը պատասխանեցին՝ ասելով. «Այս բանը Տիրոջից է. մենք քեզ լավ կամ վատ չենք կարող ասել։
51 Ահա Ռեբեկան քո առջև է, ա՛ռ ու գնա՛, և քո տիրոջ որդու համար թող կին լինի, ինչպես Տերն է ասել»։
52 Երբ Աբրահամի ծառան լսեց նրանց խոսքերը, մինչև գետին երկրպագություն արեց Տիրոջը։
53 Ծառան հանեց արծաթե զարդեր ու ոսկե զարդեր, զգեստներ և տվեց Ռեբեկային։ Թանկարժեք ընծաներ տվեց նրա եղբորն ու մորը։
54 Կերան ու խմեցին ինքը և այն մարդիկ, որոնք իր հետ էին, և գիշերը մնացին այնտեղ։ Առավոտյան վեր կացան, և նա ասաց. «Ճանապա՛րհ դրեք ինձ, որ իմ տիրոջ մոտ գնամ»։
55 Ռեբեկայի եղբայրն ու մայրն ասացին. «Թող աղջիկը մի քանի օր կամ տասը օր մնա մեզ մոտ, հետո կգնա»։
56 Նա ասաց նրանց. «Ինձ մի՛ ուշացրեք, որովհետև Տերը հաջողել է իմ ճանապարհը. ինձ ճանապարհե՛ք, և ես իմ տիրոջ մոտ գնամ»։
57 Նրանք ասացին. «Կանչենք աղջկան և հարցնենք նրան»։
58 Կանչեցին Ռեբեկային և ասացին նրան. «Կգնա՞ս այս մարդու հետ»։ Նա ասաց. «Կգնամ»։
59 Եվ ճանապարհեցին իրենց քրոջը՝ Ռեբեկային, նրա դայակին, Աբրահամի ծառային ու նրա մարդկանց։
60 Նրանք օրհնեցին Ռեբեկային և ասացին նրան. «Ո՛վ մեր քույր, շատ ու շատ հազարներ դառնաս, և քո սերունդը թող տիրանա իր թշնամիների քաղաքներին»։
61 Ռեբեկան ու իր աղախինները վեր կացան, նստեցին ուղտերի վրա և հետևեցին այն մարդուն։ Ծառան վերցրեց Ռեբեկային և գնաց։
62 Իսկ Իսահակը վերադառնում էր Լահայրոյի ջրհորից, որովհետև բնակվում էր հարավային երկրում։
63 Իսահակը երեկոյան դեմ դաշտ էր դուրս եկել խորհրդածելու. նա բարձրացրեց իր աչքերն ու նայեց. ահա ուղտեր էին գալիս։
64 Ռեբեկան իր աչքերը բարձրացրեց, տեսավ Իսահակին և ուղտից իջավ։
65 Եվ ասաց ծառային. «Ո՞վ է այդ մարդը, որ դաշտում ընդառաջ է գալիս մեզ»։ Ծառան ասաց. «Նա իմ տերն է»։ Ռեբեկան քողն առավ ու ծածկվեց։
66 Ծառան Իսահակին պատմեց այն ամենը, ինչ արել էր։
67 Իսահակը նրան տարավ իր մոր՝ Սառայի վրանը և առավ Ռեբեկային, և նա դարձավ նրա կինը։ Եվ սիրեց նրան։ Եվ Իսահակը մխիթարվեց իր մոր մահից հետո։