Bible

Focus

On Your Ministry and Not Your Media

Try RisenMedia.io Today!

Click Here

Ezekiel 28

:
Armenian - 2018
1 Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.
2 «Մարդո՛ւ որդի, Տյուրոսի իշխանին ասա՛. “Այսպես է ասում Տեր Աստված. "Որովհետև սիրտդ գոռոզացավ, և ասացիր. "Ես մի աստված եմ, աստծու գահի վրա եմ նստած ծովի սրտում", բայց դու մարդ ես և ոչ Աստված, թեև դու քո միտքն Աստծու մտքի տեղն ես դրել"։
3 Ահա դու Դանիելից իմաստուն ես. ոչ մի գաղտնիք մութ չէ քեզ համար։
4 Քո իմաստությամբ ու հանճարով քեզ համար հարստություն վաստակեցիր և ոսկի ու արծաթ հավաքեցիր քո գանձարաններում։
5 Քո մեծ իմաստությամբ, քո առևտրով շատացրիր քո հարստությունը, և սիրտդ գոռոզացավ քո հարստությամբ”։
6 Ուստի այսպես է ասում Տեր Աստված. “Քանի որ դու քո միտքը Աստծու մտքի նման ես համարում,
7 դրա համար ահա ես քեզ վրա պիտի բերեմ օտարներին՝ ազգերի սոսկալիներին, և նրանք իրենց սրերը պիտի հանեն քո իմաստության գեղեցկության դեմ ու պիտի աղարտեն քո գեղեցկությունը։
8 Քեզ գուբը պիտի գցեն, և դու խոցվածի մահով պիտի մեռնես ծովի սրտում։
9 Քեզ սպանողների առաջ մի՞թե դեռ ասելու ես. "Ես Աստված եմ", մինչդեռ դու մարդ ես և ոչ Աստված՝ քեզ խոցողների ձեռքում։
10 Անթլփատների մահով պիտի մեռնես օտարների ձեռքով, որովհետև ես խոսեցի”»,- ասում է Տեր Աստված։
11 Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.
12 «Մարդո՛ւ որդի, Տյուրոսի թագավորի վրա ո՛ղբ բարձրացրու և ասա՛ նրան. “Այսպես է ասում Տեր Աստված. "Դու կատարելության կնիքն էիր՝ լի իմաստությամբ և կատարյալ գեղեցկությամբ։
13 Եդեմում՝ Աստծու պարտեզում էիր, քո ծածկոցն էին բոլոր պատվական քարերը՝ սարդիոն, տպազիոն, ադամանդ, ոսկեքար, եղնգնաքար ու հասպիս, շափյուղա, կարկեհան, զմրուխտ և ոսկի՝ գործված քեզ համար։ Քո թմբուկների և քո սրինգների գործը քո ստեղծման օրը պատրաստվեց քեզ համար։
14 Դու օծված էիր պահապան քերովբեի նման, և ես քեզ այդպիսին կարգեցի. Աստծու սուրբ սարի վրա էիր, հրե քարերի մեջ էիր քայլում։
15 Դու քո ստեղծման օրից կատարյալ էիր քո ճանապարհներում, մինչև որ քեզանում անիրավություն գտնվեց։
16 Քո առևտրի առատության պատճառով քո ներսը բռնությամբ լցվեց, և դու մեղանչեցիր։ Եվ ես քեզ որպես պիղծ հեռացրի Աստծու սարից և քեզ ոչնչացրի, ո՛վ պահապան քերովբե, քեզ արտաքսեցի հրե քարերի միջից։
17 Սիրտդ քո գեղեցկության պատճառով գոռոզացավ, քո պայծառության պատճառով դու ապականեցիր քո իմաստությունը. ես քեզ գետնին գցեցի, թագավորների առաջ քեզնից տեսարան սարքեցի, որ իրենց աչքերը սևեռեն քեզ վրա։
18 Քո անօրենությունների շատությամբ, քո անիրավ առևտրով պղծեցիր քո սրբարանները. ես քո միջից կրակ հանեցի, և այն սպառեց քեզ։ Երկրի վրա քեզ մոխիր դարձրի բոլոր քեզ նայողների աչքի առաջ։
19 Ժողովուրդների մեջ քեզ բոլոր ճանաչողներն ապշեցին քեզ վրա. դու սարսափելի վախճանի հասար և հավիտյան չքացար"”»։
20 Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.
21 «Մարդո՛ւ որդի, երեսդ դեպի Սիդո՛ն ուղղիր և մարգարեացի՛ր նրա դեմ
22 և ասա՛. “Այսպես է ասում Տեր Աստված. "Ահա ես քեզ դեմ եմ, ո՛վ Սիդոն, և իմ փառքը պիտի բացահայտեմ քեզանում"։ Պիտի իմանան, որ ես եմ Տերը, երբ նրա մեջ դատաստաններ անեմ և իմ սրբությունը բացահայտեմ նրանում։
23 Եվ նրա վրա ժանտախտ պիտի ուղարկեմ և նրա փողոցների մեջ՝ արյուն, և նրա մեջ սրով սպանվածներ պիտի ընկնեն այն սրով, որը նրա դեմ է ամեն կողմից, և պիտի իմանան, որ ես եմ Տերը։
24 Եվ Իսրայելի տան համար այլևս նրանց բոլոր շրջակայքերից ծակող տատասկ և ցավեցնող փուշ չպիտի լինի, որոնք նրան արհամարհում են։ Եվ պիտի գիտենան, որ ես եմ Տեր Աստված”։
25 Այսպես է ասում Տեր Աստված. “Երբ որ ես Իսրայելի տունը հավաքեմ այն ժողովուրդների միջից, որոնց մեջ ցրել եմ, և երբ ազգերի աչքի առաջ իմ սրբությունը բացահայտեմ նրանցով, այն ժամանակ նրանք կբնակվեն իրենց հողի վրա, որ ես տվեցի իմ ծառա Հակոբին։
26 Եվ նրանք ապահովությամբ կբնակվեն նրա վրա, տներ կկառուցեն և այգիներ կտնկեն ու ապահով կապրեն. երբ ես դատաստաններ անեմ իրենց շրջակայքի իրենց բոլոր արհամարհողներին։ Եվ կգիտենան, որ ես եմ Տերը՝ նրանց Աստվածը”»։