Bible

Simplify

Your Church Tech & Streamline Your Worship

Try RisenMedia.io Today!

Click Here

Ezekiel 27

:
Armenian - 2018
1 Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.
2 «Եվ դու, մարդո՛ւ որդի, Տյուրոսի վրա ո՛ղբ բարձրացրու
3 և Տյուրոսին ասա՛, որ ծովի մուտքերում է բնակվում, որ առևտուր է անում ծովեզերքի շատ ժողովուրդների հետ,- այսպես է ասում Տեր Աստված։- Ո՛վ Տյուրոս, դու ասացիր. “Ես գեղեցկության կատարելությունն եմ”։
4 Ծովի սրտում էին քո սահմանները. քեզ կառուցողները կատարելագործեցին քո գեղեցկությունը։
5 Քո բոլոր նավակողերը Սանիրի մայրուց շինեցին. Լիբանանից եղևին վերցրին քեզ վրա կայմ շինելու համար։
6 Քո թիերը Բասանի կաղնիներից շինեցին. քո տախտակամածները փղոսկրով դրվագազարդեցին, Կիպրոսի ծովեզրի տոսախով շինեցին։
7 Եգիպտոսի երփներանգ կտորից էր քո առագաստը, որ դրոշ էր քեզ համար. Եղիսայի ծովեզրից էր քո կապուտակ և ծիրանագույն ծածկոցը։
8 Սիդոնի և Արուադի բնակիչները թիավարներդ էին. քո ճարտար մարդիկ, ո՛վ Տյուրոս, որ քո մեջ էին, քո նավավարներն էին։
9 Գեբաղի երեցներն ու նրա ճարտար մարդիկ քո մեջ էին, նավերիդ ճաքերը փակողներն էին, ծովի բոլոր նավերը և նրանց նավաստիները քո մեջ էին քո ապրանքների առևտուրն անելու համար։
10 Պարսիկներ, ղուդացիներ և փութացիներ էին քո զորքի մեջ՝ որպես քո պատերազմիկներ. վահան և սաղավարտ կախեցին քո մեջ. նրանք քեզ փառավորություն տվեցին։
11 Արուադի և Հելեքի մարդիկ քո պատերի վրա էին չորս կողմից, և գամադացիները քո աշտարակների վրա էին. նրանք բոլոր կողմերից իրենց կապարճներն էին կախում քո պարիսպների վրա. նրանք կատարելագործեցին քո գեղեցկությունը։
12 Թարսիսը քեզ հետ վաճառականություն էր անում. քո ամեն տեսակ առատ ապրանքի դիմաց արծաթով, երկաթով, անագով և կապարով էին անում առևտուրը։
13 Հավանը, Թոբելը և Մոսոքը քեզ հետ վաճառականություն էին անում. նրանք քեզ հետ մարդկանց և պղնձե անոթների առևտուր էին անում։
14 Թորգոմայի տնից քեզ մոտ ձիեր, նժույգներ և ջորիներ էին բերում քո առևտրի ապրանքի դիմաց։
15 Դեդանի որդիները քեզ հետ վաճառականություն էին անում։ Շատ ծովեզրերի վաճառահանությունը քո ձեռքում էր. քեզ հետ փղոսկրյա ժանիքների և եբենոսի փայտի փոխանակում էին անում։
16 Արամի տունը քեզ հետ վաճառականություն էր անում քո ապրանքների առատության պատճառով. կարկեհանով, ծիրանագույնով, ասեղնագործ կերպասով, բեհեզով, բուստերով և կարմիր հակինթով էին անում քո առևտուրը։
17 Հուդան և Իսրայելի երկիրը քեզ հետ վաճառականություն էին անում. Մեննիթի ցորենով, խմորեղենով, մեղրով, յուղով և բալասանով էին անում քո առևտուրը։
18 Դամասկոսը քեզ հետ վաճառականություն էր անում. քո ապրանքների առատության, ամեն տեսակ հարստության պատճառով՝ Քեղբոնի գինով և սպիտակ բրդով։
19 Վեդանը և Հավանը Ուզալից էին բերում քո ապրանքները՝ շինածո երկաթեղեն, կասիա և խնկեղեգ էին փոխանակում քեզ հետ։
20 Դեդանը քեզ հետ վաճառականություն էր անում կառքերի պաստառակալներով։
21 Արաբներն ու Կեդարի բոլոր իշխանները քեզ հետ վաճառականություն էին անում. գառներով, խոյերով և այծերով էին առևտուր անում քեզ հետ։
22 Սաբայի և Ռեգմայի վաճառականները քեզ հետ վաճառականություն էին անում. ամեն տեսակ ընտիր բուրմունքներով և ամեն տեսակ պատվական քարերով ու ոսկով էին անում քո առևտուրը քո ապրանքների դիմաց։
23 Հարանը, Քաննեն և Եդեմը, Սաբայի վաճառականները, Ասորեստանն ու Քաղմադը քեզ հետ վաճառականություն էին անում։
24 Նրանք քեզ հետ քո վաճառանոցներում առևտուր էին անում շքեղ կերպասներով, կապուտակ և ասեղնագործ վերարկուներով, երփներանգ մանածներով, հյուսած չվաններով և եղևնափայտե սնդուկներով։
25 Քո առևտրի համար Թարսիսի նավերը նավարկում էին քո ապրանքներով, ուստի դու լցվեցիր և ծանրորեն բեռնավորվեցիր ծովի սրտում։
26 Թիավարներդ քեզ շատ խոր ջրերով տարան, արևելյան քամին քեզ խորտակեց ծովի սրտում։
27 Քո հարստությունն ու քո ապրանքը՝ քո վաճառքը, քո նավաստիներն ու նավավարները, քո նավերի ճաքերը փակողները և քեզ հետ առևտուր անողները և քո մեջ եղող բոլոր պատերազմողները քո ամբողջ բազմության հետ, որ քեզանում է, քո անկման օրը ծովի սրտում պիտի ընկղմվեն։
28 Քո նավաստիների աղաղակի ձայնից ծովեզրյա տարածքները պիտի դողան։
29 Եվ իրենց նավերից պիտի իջնեն բոլոր թիավարները, նավաստիները, ծովի մեջ եղող բոլոր նավավարներն ու հողի վրա կանգնեն
30 և իրենց ձայնը կբարձրացնեն քեզ համար և դառնապես կաղաղակեն ու հող կլցնեն իրենց գլուխների վրա և մոխրի մեջ կթավալվեն։
31 Եվ իրենց մազերը կածիլեն քեզ համար, քուրձեր կհագնեն ու դառը հոգով լաց կլինեն քեզ վրա դառը սուգով
32 և կողբան ու կսգան քեզ, եղերերգ կբարձրացնեն քեզ համար. “Ո՞վ է Տյուրոսի նման, երբ ծովի մեջտեղում այն բնաջնջվեց”։
33 Երբ ծովից դուրս էին գալիս քո ապրանքները, շատ ազգերի հագեցրիր. քո ապրանքների և քո առևտրի առատությամբ երկրի թագավորներին հարստացրիր։
34 Արդ ծովի մեջ խորտակվել ես ջրի խորքերում, քո ապրանքներն ու քո միջի ամբողջ բազմությունը ընկղմվեցին։
35 Ծովեզերքի բոլոր բնակիչներն ապշել են քեզ վրա. նրանց թագավորները սաստիկ զարհուրեցին. այլայլվել են նրանց դեմքերը։
36 Ազգերի վաճառականները սուլում են քեզ վրա, դու սոսկում եղար և չքացար հավիտյան»։