Ezekiel 23
1 Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.
2 «Մարդո՛ւ որդի, երկու կանայք կային՝ մի մոր դուստրեր։
3 Նրանք պոռնկություն արեցին Եգիպտոսում, իրենց երիտասարդ ժամանակ պոռնկություն արեցին. այնտեղ ճմլվեցին նրանց կրծքերը, և այնտեղ շոշափեցին նրանց կուսական ստինքները։
4 Նրանց անունները՝ մեծինը՝ Ոողա և նրա քրոջը՝ Ոողիբա ։ Ապա նրանք իմը եղան, որդիներ ու դուստրեր ծնեցին. նրանց անունները. Ոողան Սամարիան է, Ոողիբան՝ Երուսաղեմը։
5 Ոողան, թեև իմն էր, պոռնկություն արեց և սիրահարվեց իր սիրեկաններին, այսինքն՝ հարևան ասորեստանցիներին,
6 կապուտակ հագնող կուսակալներին և նախարարներին, բոլորը՝ ցանկալի երիտասարդներ, նժույգներ հեծած ձիավորներ։
7 Եվ նա իր պոռնկությունն ընծայեց նրանց՝ Ասորեստանի բոլոր ընտիր որդիներին, և իրեն պղծեց նրանց բոլոր կուռքերով, որոնց սիրահարվել էր։
8 Եվ Եգիպտոսից բերած իր բոլոր պոռնկությունները չթողեց, որովհետև նրա հետ պառկել էին նրա երիտասարդ ժամանակ, և նրանք շոշափել էին նրա կուսական ստինքները և իրենց պոռնկությունը նրա վրա էին թափել։
9 Ուստի նրան իր սիրեկանների ձեռքը հանձնեցի, Ասորեստանի որդիների ձեռքը, որոնց նա սիրահարվել էր։
10 Նրանք բացեցին նրա մերկությունը, վերցրին նրա որդիներին ու դուստրերին և իրեն սրով սպանեցին, երբ դատավճիռ գործադրեցին նրա դեմ. նա ասելիք դարձավ կանանց մեջ։
11 Երբ նրա Ոողիբա քույրը տեսավ այս, իր տռփանքով նրանից ավելի ապականություն արեց և իր պոռնկություններով իր քրոջ պոռնկությունները գերազանցեց.
12 Ասորեստանի որդիներին սիրահարվեց, կուսակալներին և նախարարներին, նրա մոտ եղողներին, որոնք շքեղ էին հագնված, նժույգներ հեծած ձիավորներին, բոլորը՝ ցանկալի երիտասարդներ։
13 Եվ տեսա, որ պղծվեց. երկուսի ճանապարհն էլ նույնն էր։
14 Բայց իր պոռնկություններն ավելացրեց, երբ պատի վրա փորագրված մարդիկ տեսավ՝ քաղդեացիների պատկերները՝ կարմիր ներկերով նկարված,
15 իրենց մեջքին գոտի կապած, գույնզգույն խույրեր իրենց գլուխներին, ամենքը զորավարների կերպարանքով, Բաբելոնի որդիների պատկերը, որոնց ծննդավայր երկիրը Քաղդեան էր։
16 Այն ժամանակ իր աչքերով տեսնելով՝ դրանց սիրահարվեց և պատգամավորներ ուղարկեց նրանց մոտ՝ քաղդեացիների երկիրը։
17 Եվ Բաբելոնի որդիները նրա մոտ տռփանքի անկողինը մտան և նրան պղծեցին իրենց պոռնկություններով, և նա պղծվեց նրանց հետ, ապա նրա հոգին նրանցից զատվեց զզվանքով։
18 Եվ նա բացահայտեց իր պոռնկությունները, բացահայտեց իր մերկությունը, և իմ հոգին էլ նրանից զատվեց զզվանքով, ինչպես որ հոգիս զատվել էր նրա քրոջից զզվանքով։
19 Բայց նա շատացրեց իր պոռնկությունները՝ հիշելով իր երիտասարդության օրերը, երբ պոռնկանում էր Եգիպտոսի երկրում։
20 Եվ նա սիրահարվեց իր տարփածուներին, որոնց անդամները էշի անդամների պես էին, իսկ սերմնացայտումը՝ ձիերի սերմնացայտում։
21 Եվ դու քո երիտասարդության լրբությանը նայեցիր, երբ եգիպտացիները քո կրծքերը ճմլեցին և քո մատղաշ ստինքները շոշափեցին։
22 Ուստի, ո՛վ Ոողիբա,- այսպես է ասում Տեր Աստված,- ահա ես քո դեմ եմ հանելու քո սիրեկաններին, որոնցից քո հոգին զատվեց զզվանքով, և նրանց քեզ վրա եմ բերելու բոլոր կողմերից՝
23 Բաբելոնի որդիներին և բոլոր քաղդեացիներին, Փակուդին, Սուեին և Կուեին, նրանց հետ՝ Ասորեստանի բոլոր որդիներին, բոլորը՝ ցանկալի երիտասարդներ, կուսակալներ և նախարարներ, ամենքը՝ զորականներ և երևելի մարդիկ, բոլորը՝ նժույգ հեծածներ։
24 Եվ նրանք քո դեմ պիտի արշավեն զենքերով, մարտակառքերով ու կառքերով և ժողովրդի բազմությամբ, ամեն կողմից քո դեմ պիտի կանգնեն վահանով, ասպարով ու սաղավարտով, և նրանց պիտի հանձնեմ դատաստանը, և նրանք քեզ պիտի դատեն իրենց դատաստաններով։
25 Եվ ես իմ նախանձախնդրությունը քո դեմ պիտի ուղղեմ, և նրանք զայրույթով պիտի վարվեն քեզ հետ. քիթդ ու ականջներդ պիտի պոկեն, իսկ մնացորդդ սրից պիտի ընկնի. նրանք պիտի տանեն քո որդիներին ու դուստրերին, իսկ մնացորդդ կրակով պիտի սպառվի։
26 Քո վրայից պիտի հանեն քո հանդերձները և վերցնեն քո զարդարանքները.
27 ես պիտի դադարեցնեմ քո լրբությունը և Եգիպտոսի երկրի պոռնկություններդ. աչքերդ չես բարձրացնելու դեպի նրանք և այլևս չես հիշելու Եգիպտոսը»։
28 Որովհետև այսպես է ասում Տեր Աստված. «Ահա ես քեզ նրանց ձեռքը պիտի մատնեմ, որոնց դու ատում ես, որոնցից քո հոգին զատվեց զզվանքով։
29 Եվ նրանք քեզ հետ ատելությամբ պիտի վարվեն և պիտի վերցնեն քո ամբողջ վաստակը. քեզ մերկ ու տկլոր պիտի թողնեն, և պիտի բացահայտվեն քո պոռնկությունը, քո լրբությունը և քո պոռնկությունները։
30 Սրանք պետք է կատարվեն քեզ հետ, որովհետև դու, ազգերին հետևելով, պոռնկություն արեցիր և դու քեզ պղծեցիր նրանց կուռքերով։
31 Դու քո քրոջ ճանապարհով գնացիր, և ես նրա բաժակը քո ձեռքում պիտի դնեմ»։
32 Այսպես է ասում Տեր Աստված. «Դու պիտի քո քրոջ բաժակը խմես՝ խոր ու լայն, դու ծաղր ու ծանակ պիտի դառնաս. այն շատ է պարունակում։
33 Հարբածությամբ ու թախիծով պիտի լցվես. սարսափի և ամայության բաժակ է քո քրոջ՝ Սամարիայի բաժակը։
34 Եվ դու պիտի խմես այն ու քամես և նրա բեկորները պիտի կրծես. ստինքներդ պատառոտես, որովհետև ե՛ս եմ խոսել»,- ասում է Տեր Աստված։
35 Սրա համար այսպես է ասում Տեր Աստված. «Որովհետև դու ինձ մոռացար և ինձ քո մեջքի հետևը գցեցիր, ուրեմն դու էլ կրի՛ր քո լրբության ու պոռնկությունների հետևանքները»։
36 Եվ Տերն ինձ ասաց. «Մարդո՛ւ որդի, մի՞թե դու դատելու ես Ոողային և Ոողիբային. արդ նրանց պատմի՛ր իրենց պիղծ արարքները։
37 Քանի որ նրանք շնություն են արել, և արյուն կա նրանց ձեռքերին, շնացել են իրենց կուռքերով և իրենց որդիներին էլ, որոնց ինձ համար էին ծնել, կրակի միջով անցկացրին, որ նրանց համար կերակուր լինեն։
38 Դեռ սա էլ արեցին ինձ. նույն օրը իմ սրբարանն անմաքուր դարձրին և իմ շաբաթները պղծեցին,
39 երբ իրենց որդիներին մորթեցին իրենց կուռքերի համար, և նույն օրը մտան իմ սրբարանը, որպեսզի այն պղծեն. ահա այսպես արեցին իմ տան մեջ։
40 Եվ մինչև անգամ լուր ուղարկեցիք, որ մարդիկ հեռվից գան, որոնց մոտ պատգամավոր ուղարկվեց։ Եվ ահա նրանք եկան, որոնց համար դու լվացվեցիր, աչքերիդ ծարիր դրեցիր և զարդերով զարդարվեցիր։
41 Պատվական բազմոցի վրա նստեցիր, և պատրաստված սեղան կար նրա առաջ, և իմ խունկն ու իմ յուղը դրեցիր նրա վրա։
42 Անհոգ բազմության աղմուկ կար այնտեղ, բազմաթիվ գինով մարդկանց, որոնք բերվել էին շրջակա անապատից. նրանք ապարանջաններ էին դնում կանանց ձեռքերին և շքեղ պսակներ՝ իրենց գլուխներին։
43 Եվ ես շնությունների մեջ պառավածի մասին ասացի. “Նրա հետ պոռնկություններով դեռևս կպոռնկանան”։
44 Եվ նրա մոտ մտան պոռնիկ կնոջ մոտ մտնելու նման. այդպես մտան Ոողայի և Ոողիբայի մոտ՝ այդ անպարկեշտ կանանց մոտ։
45 Բայց արդար մարդիկ պիտի դատեն նրանց շնացող կանանց դատաստանով և արյունահեղների դատաստանով, որովհետև նրանք շնացողներ են, և արյուն կա նրանց ձեռքերին»։
46 Որովհետև այսպես է ասում Տեր Աստված. «Ես նրանց դեմ ամբոխ պիտի կարգեմ, նրանց սարսափի ու հափշտակության պիտի մատնեմ։
47 Եվ ամբոխը նրանց պիտի քարկոծի ու նրանց կոտորի իրենց սրերով, նրանց որդիներին ու դուստրերին սպանի և նրանց տները կրակով այրի։
48 Եվ երկրից պիտի վերացնեմ լրբությունը, ու բոլոր կանայք պիտի խրատվեն, որ ձեր գործած լրբությունների նման չանեն։
49 Եվ ձեր լրբությունը ձեզ վրա պիտի դնեն, և դուք ձեր մեղավոր կռապաշտության պատիժը պիտի կրեք ու գիտենաք, որ ես եմ Տեր Աստված»։