Ezekiel 22
1 Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.
2 «Եվ դու, մարդո՛ւ որդի, մի՞թե դու դատելու ես, դատելու ես արյունահեղ այս քաղաքը։ Ուրեմն նրան հայտարարի՛ր նրա բոլոր պիղծ արարքները
3 և ասա՛. “Այսպես է ասում Տեր Աստված. "Ո՛վ քաղաք, որ քո մեջ արյուն ես հեղում, որ քո ժամանակը եկել է, որ քեզ պղծելով քեզանում կուռքեր ես շինում։
4 Քո թափած այն արյամբ հանցավոր եղար և պղծվեցիր քո շինած այն կուռքերով, վերջին օրերդ մոտեցրիր և հասար քո տարիների վերջին, դրա համար ես քեզ ազգերի նախատինքին մատնեցի և բոլոր երկրների ծաղրանքին։
5 Քեզ մերձավորները և քեզնից հեռավորները պիտի ծաղրեն քեզ, ո՛վ վատահամբավ և աղմկալից քաղաք "”։
6 Ահա Իսրայելի իշխանավորները. ամեն մեկն իր ուժով քո մեջ է, որպեսզի արյուն թափի։
7 Հորն ու մորն անարգեցին քո մեջ, օտարականին հարստահարեցին քո մեջ, որբին և այրուն կեղեքեցին քեզանում։
8 Իմ սրբություններն անարգեցիր և իմ շաբաթները պղծեցիր։
9 Բանսարկու մարդիկ եղան քո մեջ արյուն թափելու համար, մարդիկ սարերի վրա ճաշակեցին քեզ մոտ և լրբություններ արեցին քո մեջ։
10 Հոր մերկություն բացեցին քեզանում, անմաքրության մեջ եղող կնոջը բռնաբարեցին քեզանում։
11 Եվ մարդ իր ընկերոջ կնոջ հետ պիղծ բաներ գործեց, մարդ իր հարսին պղծեց լրբությամբ, և մարդ իր քրոջը՝ իր հոր դստերը, բռնաբարեց քեզանում։
12 Քեզանում արյուն թափելու համար կաշառք վերցրին, վաշխ ու տոկոս առար և ագահությամբ քո ընկերներին հարստահարեցիր և ինձ մոռացար»,- ասում է Տեր Աստված։
13 «Եվ ահա ափերս իրար կխփեմ քո բանեցրած ագահության և քո մեջ եղած արյան համար։
14 Մի՞թե սիրտդ կդիմանա, կամ ձեռքերդ ամուր կմնան այն օրերին, երբ ես վարվեմ քեզ հետ. Տերը՝ ես, ասացի և անելու եմ։
15 Ես քեզ պիտի ցրեմ ազգերի մեջ, քեզ պիտի սփռեմ երկրների մեջ և քո անմաքրությունը պիտի վերացնեմ քեզնից։
16 Եվ դու քեզ պիտի անպատվես ազգերի աչքին։ Կիմանաս, որ ես եմ Տերը»։
17 Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.
18 «Մարդո՛ւ որդի, Իսրայելի տունն ինձ համար խարամ է դարձել, նրանք ամենքը պղինձ, անագ, երկաթ ու կապար են հալոցի մեջ. արծաթի խարամ են դարձել։
19 Ուստի Տեր Աստված այսպես է ասում. “Որովհետև դուք ամենքդ խարամ եք դարձել, դրա համար էլ ես ձեզ պիտի ժողովեմ Երուսաղեմի մեջ.
20 արծաթը, պղինձը, երկաթը, կապարն ու անագը հալոցի մեջ հավաքելու պես, որ նրա վրա կրակ փչեն՝ հալեցնելու համար, նույնպես էլ իմ բարկությամբ ու զայրույթով պիտի ժողովեմ ձեզ, դնեմ ու հալեցնեմ։
21 Եվ ձեզ պիտի ժողովեմ, ձեզ վրա փչեմ իմ ցասման կրակով, և դուք պիտի հալվեք նրա մեջ։
22 Ինչպես որ արծաթն է հալվում հալոցում, նույնպես էլ դուք պիտի հալվեք նրա մեջ և պիտի իմանաք, որ Տերը՝ ես եմ իմ զայրույթը թափել ձեզ վրա”»։
23 Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.
24 «Մարդո՛ւ որդի, նրան ասա՛. “Դու մի երկիր ես, որ չի մաքրվել, ցասումի օրն անձրև չի ստացել”։
25 Նրա մարգարեների դավադրությունը նրա մեջ մռնչացող առյուծի որս բզկտողի պես է. նրանք մարդիկ կերան, գանձեր ու պատվական բաներ գրավեցին և այրիներին շատացրին նրանում։
26 Նրա քահանաները բռնացան իմ օրենքի վրա, իմ սրբությունները պղծեցին, սուրբը և անսուրբը չզանազանեցին, անմաքուրի և մաքուրի միջև տարբերակումը չսովորեցրին, իրենց աչքերը ծածկեցին իմ շաբաթներից, և ես պղծվեցի նրանց մեջ։
27 Նրա իշխանավորները նրա մեջ որս բզկտող գայլերի պես արյուն են հեղում, կյանքեր ոչնչացնում, որպեսզի ագահությամբ անիրավ վաստակ ստանան։
28 Եվ նրա մարգարեները նրանց արարքները ծեփում են՝ ունայն տեսիլքներ տեսնելով և նրանց համար սուտ գուշակություն անելով. “Այսպես է ասում Տեր Աստված”, մինչդեռ Տերը չի խոսել։
29 Երկրի ժողովուրդը հարստահարություն է գործում, հափշտակություններ է անում և աղքատին ու խեղճին կեղեքում է, անիրավությամբ հարստահարում է օտարականին։
30 Եվ ես նրանց մեջ պարիսպը շինող և խրամատի մեջ երկրի համար իմ առաջ կանգնող մարդ որոնեցի, որպեսզի նրան չկործանեմ, բայց չգտա։
31 Ուստի նրանց վրա թափեցի իմ ցասումը, իմ բարկության կրակով ոչնչացրի նրանց, նրանց ճանապարհն իրենց գլխով տվեցի»,- ասում է Տեր Աստված։