Ezekiel 172018

1Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.

2«Մարդո՛ւ որդի, մի հանելո՛ւկ առաջարկիր և առա՛կ ասա Իսրայելի տանը։

3Ասա՛. “Այսպես է ասում Տեր Աստված. "Մի մեծ արծիվ՝ երկու մեծ թևերով, երկար փետուրներով, լի գույնզգույն, բարակ փետուրներով, եկավ Լիբանան և վերցրեց եղևնու կատարը,

4նրա ընձյուղների գագաթը կտրեց ու այն տարավ վաճառականի երկիրը և այն դրեց վաճառականների քաղաքում։

5Վերցրեց այն երկրի սերմից ու այն ցանեց մի պարարտ արտում. դրեց հորդառատ ջրերի մոտ, տնկեց ուռենու նման ։

6Նա աճեց ու տարածված, ցածր մի որթատունկ դարձավ, դրա ճյուղերը դեպի նա ուղղվեցին, արմատները նրա տակ էին. նա մի որթատունկ դարձավ, ոստեր հանեց և ընձյուղներ արձակեց։

7Մի մեծ արծիվ ևս կար՝ մեծաթև ու փետրալից։ Եվ ահա այս որթատունկն իր ցանված ածուից իր արմատները թեքեց նրա կողմը, ոստերը դեպի նա արձակեց, որ նա իրեն ոռոգի։

8Նա տնկվեց բարեբեր հողում՝ հորդառատ ջրերի մոտ, որ ոստեր տա, պտուղ բերի և ազնիվ որթ լինի"”։

9Ասա՛. “Այսպես է ասում Տեր Աստված. "Մի՞թե նա կուռճանա. նա դրան արմատախիլ կանի. նրա պտուղը կթափվի ու կչորանա, ու նրա բուսած բոլոր տերևները կչորանան. առանց ուժեղ բազկի և մեծաթիվ մարդկանց այն արմատախիլ կլինի։

10Եվ ահա, թեև տեղափոխելով տնկվի, մի՞թե ուռճանալու է. չէ՞ որ արևելյան քամին հենց դիպչի նրան, իսկույն պիտի չորանա. իր աճած ածուների մեջ պիտի չորանա"”»։

11Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.

12«Ապստամբների տանն ասա՛. “Մի՞թե չգիտեք, թե սրանք ի՛նչ են նշանակում”։ Ասա՛. “Ահա Երուսաղեմ եկավ Բաբելոնի թագավորը, վերցրեց նրա թագավորին ու նրա իշխանավորներին և նրանց տարավ իր մոտ՝ Բաբելոն։

13Թագավորի սերնդից վերցրեց մեկին և նրա հետ ուխտ կապեց ու նրան երդում անել տվեց. նաև երկրի մեծամեծներին վերցրեց,

14որպեսզի թագավորությունը նվաստ լինի և չկարողանա իրեն բարձրացնել, որ իր ուխտը պահելով միայն գոյատևի։

15Բայց նա ապստամբեց նրա դեմ՝ իր դեսպաններին Եգիպտոս ուղարկելով, որ իրեն ձիեր և շատ զորք տան. մի՞թե հաջողելու է. այս բաներն անողը մի՞թե ազատվելու է. ուխտը կդրժի և կազատվի՞”»։

16«Կենդանի եմ ես,- ասում է Տեր Աստված,- այն տեղում, որտեղ ապրում է այն թագավորը, որ նրան թագավոր դարձրեց, որի երդումը նա անարգեց և որի ուխտը նա դրժեց, նա Բաբելոնում պիտի մեռնի։

17Եվ պատերազմում փարավոնն իր մեծաթիվ զորքով և շատ բազմությամբ ոչինչ չի անելու, երբ պատվար կառուցվի, և պաշարման հողապատնեշ կազմվի շատ մարդկանց ոչնչացնելու համար։

18Քանի որ նա անարգեց երդումը և դրժեց ուխտը և ահա նա իր ձեռքը տվեց և արեց այս ամենը, նա չի ազատվելու»։

19Ուստի այսպես է ասում Տեր Աստված. «Կենդանի եմ ես. իմ երդումը, որ նա անարգեց, և իմ ուխտը, որ նա դրժեց, նրա գլխով պիտի տամ։

20Նրա վրա իմ ցանցը պիտի տարածեմ, և նա պիտի բռնվի իմ որոգայթում, ու ես նրան Բաբելոն պիտի տանեմ և նրա դեմ այնտեղ դատ պիտի վարեմ այն անհավատարմության համար, որ գործեց իմ դեմ։

21Եվ նրա զորագնդերի բոլոր փախստականները սրից պիտի ընկնեն, իսկ նրա մնացորդները պիտի ցրվեն ամեն ուղղությամբ։ Եվ դուք կիմանաք, որ Տերը՝ ես եմ խոսել»։

22Այսպես է ասում Տեր Աստված. «Ես ինքս մի ոստ պիտի վերցնեմ եղևինի բարձր գագաթից և տնկեմ. նրա ամենաբարձր ճյուղերից մատղաշը պիտի կտրեմ ու պիտի տնկեմ մի բարձր ու վեհ լեռան վրա։

23Իսրայելի լեռնային բարձունքներում պիտի տնկեմ այն, և նա ոստեր պիտի արձակի ու պտուղ տա. նա ազնիվ եղևին պիտի դառնա. նրա տակ կբնակվեն ամեն տեսակի թևավոր թռչուններ, նրա ոստերի հովանու ներքո կբնակվեն նրանք։

24Եվ դաշտի բոլոր ծառերը պիտի գիտենան, որ ես՝ Տերը, ցածրացրել եմ բարձր ծառերը և ցածր ծառերը բարձրացրել, կանաչ ծառը չորացրել ու դալարացրել չոր ծառը։ Ես՝ Տերը, ասել եմ և պիտի անեմ»։

© Bible Society in Armenia, 2018

Choose Translation

Switch translation for Ezekiel 17.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.