Bible

Power Up

Your Services with User-Friendly Software

Try RisenMedia.io Today!

Click Here

Ezekiel 16

:
Armenian - 2018
1 Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.
2 «Մարդո՛ւ որդի, Երուսաղեմին հայտարարի՛ր նրա պիղծ բաները
3 և ասա՛. “Տեր Աստված այսպես է ասում Երուսաղեմին. "Ծագումդ ու ծնունդդ քանանացիների երկրից է. հայրդ ամորհացի է, մայրդ՝ քետացի։
4 Իսկ քո ծնունդիդ՝ քո ծնված օրը, պորտդ չկտրվեց, և մաքրվելու համար ջրով չլվացվեցիր և աղով չշփվեցիր ու խանձարուրով չփաթաթվեցիր։
5 Ոչ մի աչք քեզ չխնայեց, որպեսզի քեզ ողորմելով այս բաներից մեկն աներ քեզ համար, այլ քո ծնված օրը քո անձի նկատմամբ զզվանքով դաշտի երեսին նետվեցիր։
6 Ես անցա մոտովդ, քեզ տեսա արյանդ մեջ թավալվելիս ու քեզ ասացի. "Քո արյան մեջ ապրի՛ր"։ Այո՛, քեզ ասացի. "Քո արյան մեջ ապրի՛ր"։
7 Դաշտի բույսի պես քեզ բազմացրի, և դու շատացար ու մեծացար և դարձար զարդերի զարդը. ստինքներդ կազմավորվեցին, ու մազերդ աճեցին, բայց դու մերկ ու տկլոր էիր։
8 Ես դարձյալ անցա քո մոտով ու քեզ նայեցի. և ահա ժամանակդ սիրո ժամանակ էր, ու ես իմ քղանցքը տարածեցի քեզ վրա և ծածկեցի քո մերկությունը։ Եվ քեզ երդում անելով՝ քեզ հետ ուխտ կնքեցի,- ասում է Տեր Աստված,- և դու իմը եղար։
9 Եվ ես քեզ ջրով լվացի և քո արյունը մաքրեցի քո վրայից ու յուղով օծեցի քեզ։
10 Քեզ ասեղնագործ հագուստ հագցրի, կոշիկներդ ընտիր կաշվից դարձրի, ընտիր կտավով փաթաթեցի քեզ ու մետաքսով ծածկեցի քեզ։
11 Ես քեզ զարդերով պճնեցի, ապարանջաններ դրեցի ձեռքերիդ վրա և մանյակ՝ պարանոցիդ։
12 Օղակ դրեցի քո քթին և գինդեր՝ քո ականջներին ու փառավոր պսակ՝ քո գլխին։
13 Եվ դու զարդարվեցիր ոսկով ու արծաթով, քո հագուստները ընտիր կտավից, մետաքսյա ու ասեղնագործ դարձան. ընտիր նաշիհ, մեղր ու յուղ կերար, շատ ու շատ գեղեցկացար և թագավորության հասար։
14 Քո գեղեցկության շնորհիվ քո համբավն ազգերի մեջ տարածվեց, որովհետև իմ վայելչությամբ, որ քեզ վրա դրել էի, այն կատարյալ եղավ"”»,- ասում է Տեր Աստված։
15 «Բայց դու քո գեղեցկությանն ապավինեցիր և քո համբավի պատճառով պոռնկացար ու քո պոռնկությունը թափեցիր ամեն անցորդի վրա, և այն նրանը դարձավ։
16 Դու վերցրիր քո հանդերձներից և քեզ համար գույնզգույն բարձրադիր վայրեր շինեցիր ու նրանց վրա պոռնկացար. նմանը չի եղել և չի լինելու։
17 Եվ դու վերցրիր այն ոսկուց ու արծաթից շքեղ զարդերը, որ ես էի քեզ տվել. քեզ համար տղամարդու պատկերներ սարքեցիր ու նրանցով շնացար։
18 Վերցրիր քո ասեղնագործ հագուստներն ու դրանք ծածկեցիր և իմ յուղն ու իմ խունկը դրանց առաջ դրեցիր։
19 Եվ քեզ տվածս հացը՝ քեզ կերցրած նաշիհը, յուղն ու մեղրը, դու նրանց առաջ դրեցիր անուշ հոտի համար։ Եվ այսպես եղավ»,- ասում է Տեր Աստված։
20 «Եվ որդիներիդ ու դուստրերիդ վերցրիր, որոնց ինձ համար էիր ծնել, ու նրանց զոհեցիր լափվելու համար. մի՞թե քիչ է քո պոռնկությունը,
21 որ դու մորթեցիր իմ զավակներին և նրանց իբրև զոհ մատուցեցիր։
22 Եվ քո բոլոր պիղծ կուռքերի ու պոռնկությունների հետ չհիշեցիր քո մանկության օրերը, երբ դու մերկ ու տկլոր էիր և թավալվում էիր քո արյան մեջ»։
23 «Վա՜յ, վա՜յ քեզ,- ասում է Տեր Աստված.- քո բոլոր չարություններից հետո
24 դու քեզ համար բարձրահարթակ կառուցեցիր և ամեն հրապարակում բարձրավայր պատրաստեցիր քեզ համար։
25 Ամեն ճանապարհի գլխին քո բարձրավայրերը շինեցիր և քո գեղեցկությունը նսեմացրիր, ոտքերդ լայն բացեցիր ամեն անցորդի համար և շատացրիր քո պոռնկությունները։
26 Եվ պոռնկացար եգիպտացիների՝ քո մեծանդամ դրացիների հետ և շատացրիր քո պոռնկությունները՝ ինձ բարկության գրգռելու համար։
27 Ուստի ահա ես իմ ձեռքը քո դեմ դրեցի և կրճատեցի քո ռոճիկը, քեզ հանձնեցի քո թշնամիների կամքին, քեզ ատող փղշտացիների դուստրերին, որոնք ամաչում են քո լիրբ ընթացքից։
28 Չհագենալով՝ Ասորեստանի որդիների հետ ևս շնություն արեցիր ու չհագեցար։
29 Եվ շատացրիր քո շնությունները Քանանի երկրում, մինչև առևտրականների երկիրը՝ Քաղդեաստան, բայց սրանով ևս չհագեցար։
30 Ի՜նչ տկար է քո սիրտը,- ասում է Տեր Աստված,- երբ անում ես այս բոլոր բաները՝ համարձակ պոռնիկ կնոջ գործը՝
31 բարձրահարթակներդ ամեն ճանապարհի գլխին շինելով և բարձր տեղերդ ամեն հրապարակում սարքելով, սակայն պոռնիկի պես չեղար, որովհետև վճարն անարգեցիր։
32 Պոռնկացող կինն իր մարդու փոխարեն օտարներին է ընդունում։
33 Ամեն պոռնիկի վճար են տալիս, իսկ դու քո վճարը տալիս ես քո բոլոր սիրեկաններին. այո՛, դու ես նրանց կաշառում, որ շրջակայքից քեզ մոտ գան քո պոռնկությունների համար։
34 Եվ քո պոռնկությունների մեջ այլ կանանց հակառակն է լինում քեզ հետ. քեզ համար քեզ հետապնդող չկա։ Դու ես վճար տալիս և քեզ վճար չի տրվում, այո՛, դու հակառակը եղար»։
35 «Ուրեմն, ո՛վ պոռնիկ, լսի՛ր Տիրոջ խոսքը.
36 այսպես է ասում Տեր Աստված. “Որովհետև ամոթը քողազերծվեց, քո մերկությունը ցուցադրվեց սիրեկաններիդ հետ քո պոռնկություններով, քո բոլոր սնոտի կուռքերի պատճառով և քո որդիների արյան պատճառով, որ տվեցիր նրանց,
37 ուստի ես ահա պիտի հավաքեմ քո բոլոր սիրեկաններին, որոնցից դու հաճույք ստացար, և քո բոլոր սիրելիներին ու քո բոլոր ատելիներին. շրջակայքից նրանց քո դեմ պիտի հավաքեմ և քո մերկությունը բացահայտեմ նրանց առաջ, որպեսզի նրանք տեսնեն քո ամբողջ մերկությունը։
38 Եվ քեզ պիտի դատեմ շնացող և արյուն թափող կանանց դատաստանով և զայրույթի ու նախանձախնդրության արյունը պիտի բերեմ քեզ վրա։
39 Եվ ես քեզ նրանց ձեռքը պիտի մատնեմ, ու նրանք քարուքանդ պիտի անեն քո բարձրահարթակները և պիտի փուլ տան քո բարձրավայրերը, քեզնից պիտի հանեն քո հանդերձները, պիտի վերցնեն քո ընտիր զարդերը և քեզ մերկ ու տկլոր պիտի թողնեն։
40 Եվ քեզ վրա մի ամբոխ պիտի հարուցեն ու քարկոծեն քեզ, իրենց սրերով խոցոտեն քեզ։
41 Կրակով պիտի այրեն տներդ և շատ կանանց աչքի առաջ քո դեմ դատավճիռներ պիտի կիրառեն։ Ես կդադարեցնեմ քո պոռնկությունը, և այլևս վճար չես տալու։
42 Պիտի հանգստացնեմ իմ զայրույթը, և իմ նախանձախնդրությունը պիտի հեռանա քեզնից, որպեսզի ես հանգստանամ ու այլևս չբարկանամ։
43 Որովհետև դու չհիշեցիր քո մանկության օրերը, այլ այս ամենով բարկացրիր ինձ, և ես ահա քո արարքները քո գլխով եմ տալու,- ասում է Տեր Աստված,- և դու քո բոլոր պիղծ բաներից բացի այդ անառակությունը չե՞ս արել”»։
44 «Ահա ամեն առակախոս քո մասին այս առակը պիտի ասի. “Ինչպես մայրը, նույնպես էլ աղջիկը”։
45 Դու քո մոր դուստրն ես, որ ատեց իր ամուսնուն ու իր որդիներին, և դու քույրերի քույրն ես, որոնք ատեցին իրենց ամուսիններին և իրենց որդիներին. ձեր մայրը քետացի է, իսկ ձեր հայրը՝ ամորհացի։
46 Քո մեծ քույրը Սամարիան է, ինքն ու իր դուստրերը, որոնք բնակվում են քո հյուսիսային կողմում, իսկ քո փոքր քույրը, որ բնակվում է քո հարավում, Սոդոմը և նրա դուստրերը։
47 Բայց դու նրանց ճանապարհներով չգնացի՞ր և նրանց պիղծ բաները չկատարեցի՞ր. շուտով քո բոլոր ճանապարհներում դու նրանցից ավելի ապականություն գործեցիր»։
48 «Կենդանի եմ ես,- ասում է Տեր Աստված,- քո քույրը՝ Սոդոմը, ինքն ու իր դուստրերը չեն արել, ինչ դու ես արել և քո դուստրերը։
49 Ահա սա էր քո քույր Սոդոմի անօրենությունը. ամբարտավանություն, հացի կշտություն և անհոգ հանգստություն ունեին նա և նրա դուստրերը և աղքատին ու չքավորին չէին օգնում ։
50 Եվ նրանք հպարտացան ու պիղծ բաներ կատարեցին իմ առաջ, ուստի երբ տեսա, նրանց վերացրի.
51 Սամարիան քո մեղքերի կեսի չափ չի մեղանչել. դու նրանցից ավելի շատացրիր քո գարշելի արարքները և քո արած բոլոր պիղծ բաներով արդարացրիր քո քույրերին։
52 Ուրեմն կրի՛ր քո անարգանքը, դու, որ արդարացրել ես քո քույրերին, քո մեղքերի պատճառով, որ դու նրանցից ավելի պղծություն գործեցիր. նրանք քեզնից արդար են։ Ուրեմն ամաչի՛ր ու քո անարգա՛նքը կրիր, որ արդարացրիր քո քույրերին։
53 Պիտի վերադարձնեմ նրանց գերիներին, Սոդոմի և նրա դուստրերի գերությունը, Սամարիայի և նրա դուստրերի գերությունը և քո գերիների գերությունը նրանց մեջ,
54 որպեսզի կրես քո անարգանքը և ամաչես այն ամենով, որ արել ես՝ նրանց մխիթարություն դառնալով։
55 Ապա քո քույրերը՝ Սոդոմն ու իր դուստրերը և Սամարիան ու իր դուստրերը, պիտի վերադառնան իրենց առաջվա վիճակին, դու և քո դուստրերը պիտի վերադառնաք ձեր առաջվա վիճակին։
56 Քո հպարտության օրը քո քույր Սոդոմի մասին խոսք չկար քո բերանում
57 քո չարության հայտնվելուց առաջ. իսկ հիմա դու ծաղրանքի առարկա եղար Արամի դուստրերի և նրա շուրջը եղողների՝ փղշտացիների դուստրերի առաջ, որոնք նախատում են քեզ ամեն կողմից։
58 Քո լրբության և քո պիղծ արարքների պատիժը պիտի կրես»,- ասում է Տերը։
59 Որովհետև այսպես է ասում Տեր Աստված. «Քեզ հետ պիտի վարվեմ, ինչպես դու ես վարվել. անարգեցիր երդումը՝ ուխտը խզելով։
60 Իսկ ես պիտի հիշեմ քո մանկության օրերին քեզ հետ իմ կապած ուխտը և քեզ հետ հավիտենական ուխտ պիտի հաստատեմ։
61 Ու պիտի հիշես քո ճանապարհները և ամաչես, երբ մեծ քույրերիդ և փոքրերին ընդունես, ես նրանց քեզ պիտի տամ իբրև դուստրեր, թեև ոչ քեզ հետ ունեցած ուխտովս։
62 Եվ ես իմ ուխտը պիտի հաստատեմ քեզ հետ, և դու պիտի իմանաս, որ ես եմ Տերը։
63 Որպեսզի հիշես և ամաչես, բերանդ դարձյալ բացել չկարողանաս քո անարգանքի պատճառով, երբ ես քեզ քավություն պարգևեմ քո բոլոր կատարածների համար»,- ասում է Տեր Աստված։