Exodus 21
1 «Սրանք են այն օրենքները, որ պիտի դնես նրանց առաջ։
2 Եթե գնես եբրայեցի մի ծառա, նա վեց տարի պիտի ծառայի քեզ և յոթերորդ տարում ձրի ազատ պիտի արձակվի՝ առանց ոչինչ վճարելու։
3 Եթե նա մենակ է տունդ մտել, մենակ էլ դուրս պիտի գա. եթե նա կին ունեցող մարդ էր, կինն էլ դուրս պիտի գա իր հետ։
4 Եթե նրա տերն է կին տվել նրան, և կինը որդիներ կամ աղջիկներ է ծնել նրա համար, կինն ու զավակները տիրոջը պիտի լինեն, իսկ ինքը մենակ դուրս պիտի գա։
5 Բայց եթե ծառան բացահայտ ասի, թե՝ “Ես սիրեցի իմ տիրոջը, իմ կնոջն ու իմ զավակներին, չեմ ուզում ազատ դուրս գնալ”,
6 այդ ժամանակ նրա տերը նրան պիտի տանի դատավորների մոտ, նրան մոտեցնի դռանը կամ դրանդիքին, հերյունով ծակի նրա ականջը, և նա հավիտյան ծառա լինի նրան։
7 Եթե մի մարդ վաճառի իր աղջկան աղախնության, նա դուրս չի գա, ինչպես ծառաներն են դուրս գալիս։
8 Եթե նա հաճելի չէ իր տիրոջ աչքին, և նա չի նշանում նրան, թող փրկագնով վաճառի նրան, բայց օտար ազգի վաճառելու իշխանություն չունի, որովհետև խաբեություն է արել նրան։
9 Եթե իր որդու համար նշանի նրան, ապա նրա հետ թող վարվի աղջիկների օրենքի համաձայն։
10 Եթե իր համար ուրիշ կին առնի, թող չզեղչի նախկին կնոջ ուտելիքը, հագուստը և ամուսնական մերձավորությունը։
11 Եթե այս երեք բաները չանի նրա համար, ապա կինը կարող է առանց փրկագնի, ձրի դուրս գալ։
12 Մարդու հարվածելով սպանողը անպատճառ մահվան պիտի մատնվի։
13 Իսկ եթե դիտմամբ չի արել, այլ Աստված գցեց նրա ձեռքը, ապա ես քեզ համար պիտի սահմանեմ մի տեղ, որպեսզի նա այնտեղ փախչի։
14 Բայց եթե մեկն իր հարևանի դեմ ոխ ունենա և նենգությամբ սպանի նրան, դու նույնիսկ իմ զոհասեղանից վերցրո՛ւ նրան, որ մեռնի։
15 Ով որ հարվածի իր հորը կամ մորը, անպատճառ պիտի սպանվի։
16 Ով որ մարդ գողանա ու վաճառի նրան կամ նրան պահի իր ձեռքի տակ, նա անպատճառ պիտի սպանվի։
17 Ով որ իր հորը կամ մորն անիծի, նա անպատճառ պիտի սպանվի։
18 Եթե մարդիկ վիճեն միմյանց հետ, և նրանցից մեկը քարով կամ բռունցքով հարվածի մյուսին, և նա չմահանա, այլ անկողին ընկնի,
19 և եթե ոտքի կանգնի ու ցուպով ման գա, հարվածողը թող չպատժվի, միայն թե պետք է հատուցում անի աշխատանքից կտրվելու արժեքը և առողջացնի։
20 Եթե մեկը գավազանով հարվածի իր ծառային կամ իր աղախնին, և սա մեռնի նրա ձեռքի տակ, անպատճառ վրեժ պիտի առնվի նրանից։
21 Բայց եթե մեկ կամ երկու օր ապրի, վրեժ չպիտի առնվի նրանից, որովհետև դա իր փողն է։
22 Եթե մարդիկ կռվելիս լինեն և մի հղի կնոջ զարնվելով՝ վիժել տան նրա պտուղը, և ուրիշ վնասվածք չլինի, նա անպատճառ պետք է հատուցի այդ կնոջ ամուսնու կողմից պահանջված տույժը և վճարի դատավորների մոտ։
23 Բայց եթե մի վնասվածք լինի, պիտի հատուցես հոգու դիմաց՝ հոգի,
24 աչքի դիմաց՝ աչք, ատամի դիմաց՝ ատամ, ձեռքի դիմաց՝ ձեռք, ոտքի դիմաց՝ ոտք,
25 խարանի դիմաց՝ խարան, վերքի դիմաց՝ վերք, հարվածի դիմաց՝ հարված։
26 Եթե մեկը հարվածի իր ծառայի աչքին կամ աղախնի աչքին և կուրացնի, ապա աչքի փոխարեն ազատ թող արձակի նրան։
27 Եթե վայր գցի իր ծառայի ատամը կամ աղախնի ատամը, ապա նրա ատամի փոխարեն ազատ թող արձակի նրան։
28 Եթե մի եզ հարվածի տղամարդու կամ կնոջ, և նա մեռնի, եզը անպատճառ պիտի քարկոծվի, և դրա միսը չպիտի ուտվի. բայց եզան տերը անպատիժ պիտի մնա։
29 Բայց եթե եզը երեկվանից և անցյալ օրվանից հարվածող է եղել, և դրա տիրոջն էլ բողոքել են, իսկ տերը չի հսկել դրան, և եթե տղամարդ կամ կին սպանի, ապա եզը պիտի քարկոծվի, և դրա տերն էլ պիտի մահվան մատնվի։
30 Եթե փրկագին նշանակվի տիրոջ վրա, նա իր անձի ազատության համար պիտի վճարի, ինչ էլ որ նշանակված լինի իր վրա։
31 Եթե եզը հարվածի տղայի կամ աղջկա, այս դատաստանի պես պիտի լինի նրան։
32 Եթե եզը հարվածի ծառայի կամ աղախնի, երեսուն սիկղ արծաթ պիտի տա նրանց տիրոջը, և եզը պիտի քարկոծվի։
33 Եթե մեկը հոր բաց անի, կամ մեկը փոս փորի ու չծածկի, և դրանց մեջ եզ կամ էշ ընկնի,
34 փոսի տերը պիտի տուժի. նա փող պիտի վճարի նրանց տիրոջը, և սատկած կենդանին իրենը պիտի լինի։
35 Եթե մեկի եզը հարվածի իր հարևանի եզանը, և սա սատկի, ողջ մնացած եզը թող վաճառեն ու դրա արժեքը բաժանեն և սատկածն էլ բաժանեն։
36 Բայց եթե հայտնի էր, որ եզը ի սկզբանե հարվածող է եղել, և դրա տերը չի հսկել դրան, եզան տեղ անպատճառ եզ պիտի հատուցի, և սպանված եզը իրենը պիտի լինի»։