Exodus 20
1 Աստված ասաց հետևյալը.
2 «Ես եմ Տերը՝ քո Աստվածը, որ քեզ հանեցի Եգիպտոսի երկրից՝ ստրկության տնից։
3 Ինձանից բացի ուրիշ աստվածներ չունենաս։
4 Քեզ համար կուռք չշինես ո՛չ վերևում՝ երկնքում, ո՛չ ներքևում՝ երկրի վրա, և կամ երկրի տակ՝ ջրերի մեջ եղած բաների նմանությամբ։
5 Նրանց երկրպագություն չանես և չպաշտես նրանց, որովհետև ես՝ քո Տեր Աստվածը, նախանձոտ Աստված եմ, որ հայրերի անօրենության համար պատժում եմ որդիներին՝ մինչև նրանց երրորդ և չորրորդ սերունդը, որոնք ատում են ինձ,
6 և ողորմում եմ նրանց մինչև հազարերորդ սերունդը, որոնք սիրում են ինձ և պահում են իմ պատվիրանները։
7 Քո Տեր Աստծու անունը զուր տեղը բերանդ չառնես, որովհետև Տերն իր անունը զուր տեղը բերանն առնողին անպատիժ չի թողնի։
8 Հիշի՛ր հանգստի օրը, որպեսզի սուրբ պահես այն։
9 Վեց օր աշխատի՛ր և կատարի՛ր քո բոլոր գործերը։
10 Բայց յոթերորդ օրը քո Տեր Աստծու հանգստի օրն է. դու ոչ մի գործ չանես, ո՛չ դու, ո՛չ քո որդին, ո՛չ քո աղջիկը, ո՛չ քո ծառան ու աղախինը, ո՛չ քո անասունը, ո՛չ էլ քո դռանը եղող օտարականը.
11 որովհետև Տերը վեց օրում ստեղծեց երկինքն ու երկիրը, ծովն ու դրա մեջ բոլոր եղածները, իսկ յոթերորդ օրը հանգստացավ։ Դրա համար Տերն օրհնեց հանգստի օրը և սրբացրեց այն։
12 Պատվի՛ր քո հորն ու քո մորը, որպեսզի քո կյանքի օրերը երկար լինեն այն երկրի վրա, որ քո Տեր Աստվածը տալու է քեզ։
13 Մի՛ սպանիր։
14 Մի՛ շնացիր։
15 Մի՛ գողացիր։
16 Քո հարևանի դեմ սուտ վկայություն մի՛ տուր։
17 Մի՛ ցանկացիր քո հարևանի տունը։ Մի՛ ցանկացիր քո հարևանի կնոջը կամ նրա ծառային կամ նրա աղախնին կամ նրա եզանը կամ նրա էշին և քո հարևանի ոչ մի բանին մի՛ ցանկացիր »։
18 Ամբողջ ժողովուրդը լսում էր որոտները, կայծակները և փողի ձայնը ու տեսնում լեռան ծխալը։ Ժողովուրդը վախենալով ետ քաշվեց ու հեռու կանգնեց։
19 Եվ ասացին Մովսեսին. «Դո՛ւ խոսիր մեզ հետ, և մենք կլսենք. բայց Աստված թող չխոսի մեզ հետ, որ չմեռնենք»։
20 Մովսեսն ասաց ժողովրդին. «Մի՛ վախեցեք, որովհետև Աստված եկել է, որ փորձի ձեզ, այնպես որ նրա երկյուղը ձեր առաջ լինի, որպեսզի չմեղանչեք»։
21 Ժողովուրդը հեռու կանգնեց, իսկ Մովսեսը մոտեցավ այն թանձր խավարին, ուր Աստված էր։
22 Տերն ասաց Մովսեսին. «Այսպես կասես Իսրայելի որդիներին. “Դուք տեսաք, որ երկնքից խոսեցի ձեզ հետ։
23 Ինձ զուգահեռ պաշտելու համար ձեզ համար ոսկե կամ արծաթե աստվածներ չշինեք։
24 Ինձ համար հողե զոհասեղա՛ն պատրաստիր և դրա վրա մատուցի՛ր քո ողջակեզներն ու քո խաղաղության զոհերը, քո ոչխարներն ու քո արջառները։ Եվ ամեն տեղ, ուր հիշել կտամ իմ անունը, քեզ մոտ կգամ և կօրհնեմ քեզ։
25 Եթե ինձ համար քարե զոհասեղան շինելու լինես, տաշած քարից չշինես, որովհետև եթե դրա վրա քո երկաթե գործիքը բարձրացնես, այն կպղծես։
26 Աստիճաններով չբարձրանաս իմ զոհասեղանի վրա, որպեսզի քո մերկությունը չերևա դրա վրա”»։