Bible

Upgrade

Your Church Presentations in Minutes

Try RisenMedia.io Today!

Click Here

Ecclesiastes 6

:
Armenian - 2018
1 Մի չարիք կա, որ տեսել եմ արեգակի տակ, և դա ծանր է մարդկանց համար։
2 Աստված մի մարդու հարստություն, ունեցվածք և պատիվ է տալիս, այնպես, որ իր հոգու ցանկացած բաներից ոչ մի պակասություն չունենա. բայց Աստված նրան իշխանություն չի տալիս դրանցից ճաշակելու, այլ մի օտար մարդ է ուտում այն։ Սա ունայնություն է և դառը չարիք։
3 Եթե մի մարդ հարյուր որդի ծնի և շատ տարիներ ապրի, և նրա տարիների օրերը բազմաթիվ լինեն, ու նրա անձը չկշտանա բարիքից, և նա թաղում էլ չունենա, ես ասում եմ, որ վիժածը նրանից լավ է։
4 Որովհետև նա ունայնությամբ է գալիս և խավարով գնում, ու խավարով է ծածկվում նրա անունը։
5 Արեգակին չի տեսել և ոչինչ չի իմացել. նա այդ մարդուց հանգիստ կլինի։
6 Եվ ահա, եթե նա կրկնակի հազար տարի էլ ապրի և մի բարիք չտեսնի. չէ՞ որ բոլորն էլ նույն տեղն են գնում։
7 Մարդու ամբողջ աշխատանքն իր բերանի համար է, սակայն նրա ախորժակը չի հագենում։
8 Որովհետև իմաստունն ի՞նչ առավելություն ունի անմիտից. ի՞նչ գերազանցություն՝ ապրողների մեջ ապրել իմացող աղքատը։
9 Աչքերի տեսնելն ավելի լավ է, քան թե ցանկության թափառելը. սա էլ է ունայն և քամուն հետապնդում։
10 Ինչ որ եղել է, իր անունով արդեն կոչված է. մարդն ինչ է, արդեն հայտնի է, և նա իրենից Զորավորի հետ չի կարող վիճել։
11 Որքան շատ են խոսքերը, այնքան շատացնում են ունայնությունը. ո՞րն է մարդու օգուտը։
12 Որովհետև ո՞վ գիտի, թե կյանքում ինչն է լավ մարդուն իր ունայն կյանքի սակավաթիվ բոլոր օրերի մեջ, որ ստվերի պես է անցկացնում. որովհետև ո՞վ պիտի մարդուն հայտնի, թե իրենից հետո ի՛նչ կլինի արեգակի տակ։